Լրահոս

19.01.2011 11:01


Սերժ Սարգսյանի բաժակաճառը պետական ընթրիքի ժամանակ

Սերժ Սարգսյանի բաժակաճառը պետական ընթրիքի ժամանակ

Երեկ երեկոյան Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից' ի պատիվ պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տրվել է պետական ընթրիք:

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը պետական ընթրիքի ժամանակ

Մեծարգո պարո՛ն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալություն եմ հայտնում Հունաստանի հյուրընկալ հողում մեզ ցուցաբերված ջերմ ընդունելության համար:

Նախագահների մակարդակով այս պետական այցը մեր երկկողմ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու և նոր մակարդակի տեղափոխելու փոխադարձ շահագրգռվածության վառ վկայությունն է:

Վստահաբար այն կխթանի մեր դարավոր բարեկամությունը և հիմք կհանդիսանա բազմաոլորտ համագործակցության դինամիկ զարգացման համար:

Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ թելերով, որ հյուսվել են վաղնջական ժամանակաշրջաններից: Հին հույն պատմիչներ Քսենոփոնի, Հերոդոտոսի և այլոց երկերում արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Հայաստանի ու հայերի մասին։

Հունահայ գաղութի պատմությունը սկիզբ է առնում դեռ 5-րդ դարից։ Բյուզանդական շրջանում հայերը մեծ կշիռ են ունեցել կայսրության քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում։

Ձևավորված փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը վերածվել են իսկական եղբայրության: Դա հատկապես դրսևորվեց անցյալ դարասկզբին, երբ Հունաստանն իր հյուրընկալ հողում ապաստանեց 1909թ. Ադանայի կոտորածներից, 1915թ. Հայոց ցեղասպանությունից և 1922թ. Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի: Նրանց ժառանգներն ապահով ապրում են այստեղ, հունական հյուրընկալ հողում, և իրենց աշխատանքով հարստացնում ձեր երկիրը՝ միաժամանակ յուրատեսակ կամուրջ ծառայելով Հունաստանի և Հայաստանի միջև:

Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների հարաբերություններն անցան նոր մակարդակ: Մենք սերտ համագործակցություն ենք ծավալում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և ապակենտրոնացված մակարդակով։

Պատմության ընթացքում մեր ժողովուրդներն անցել են դժվարին փորձությունների միջով, տառապել օտար լծի տակ, բայց չեն հանձնվել, պահպանել են իրենց ազգային ինքնությունը,փայփայել մշակույթն ու լեզուն, մաքառումով նվաճել ազատ ապրելու իրավունքը:

Մենք կիսում ենք համամարդկային միևնույն արժեքները' ձգտելով միջազգային անվտանգության ու խաղաղության, հավատալով հանդուրժողականության ուժին։

Եվրոպական այդ արժեքների մասին մտորումներն ակամայից տանում են դեպի հին Հունաստան, որտեղ ծագել է այդ արժեքների հիմքը հանդիսացող «դեմոկրատիա» երևույթը և բառն ինքնին։

Տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանն ու Հունաստանը բարեփոխում և զարգացնում են իրենց տնտեսական համակարգերը, միասնաբար աշխատում եվրոպական մայրցամաքում անվտանգության ամրապնդման, խաղաղության ու բարգավաճման գոտի ստեղծելու ուղղությամբ: 

Որպես ԵՄ անդամ, Հունաստանը ակտիվորեն մասնակցում է Արևելյան Գործընկերության նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը: Հայաստանի և ԵՄ-ի միջև փոխգործակցությունը խթանելու հարցում, իհարկե, ակնկալում ենք բարեկամ Հունաստանի աջակցությունը:

Պարո՛ն Նախագահ,

Հունաստանը Հայաստանի ավանդական բարեկամներից է։ Տևական և ամուր հարաբերությունները չեն կարող կառուցվել այսպահային շահերի վրա։ Առանց արժեքների ընդհանրության, միևնույն գաղափարներին հավատարմության՝ դժվար է պատկերացնել վստահելի համագործակցություն:

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք բաժակ բարձրացնել'ի պատիվ Հունաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Կարոլոս Պապուլիասի, ի բարօրություն Հունաստանի Հանրապետության և հույն ժողովրդի, և ի փառս հայ-հունական հարատև բարեկամության:

Շնորհակալություն:

Այս խորագրի վերջին նյութերը