Լրահոս

27.10.2012 13:59


Ոստիկանության պետը խրախուսել է ավազակային հարձակումը արագ բացահայտած ոստիկանության ծառայողներին

Ոստիկանության պետը խրախուսել է ավազակային հարձակումը արագ բացահայտած ոստիկանության ծառայողներին

Հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ ժամը 21։55-ին, Արտաշատ քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ աջ ազդրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1955թ. ծնված Վաչագան Արշակյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ահազանգից 25 րոպե առաջ երկու անհայտ անձինք որպես ուղևորներ գտնվելով Արշակյանի վարած «BMW-525» մակնիշի ավտոմեքենայում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին, ատրճանակի սպառնալիքով նրան ստիպել են իջնել մեքենայից, սակայն վարորդը չի ենթարկվել, ինչից հետո անծանոթները դեռևս չպարզված առարկայով հարվածներ են հասցրել նրան, իջեցրել և նույն մեքենայով դիմել են փախուստի:
Տուժողին հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Արշակյանի ավտոմեքենան հայտնաբերվեց Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու թիվ 137 տան մոտ:
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը Նոր Խարբերդի գերեզմանատան մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 1989թ. ծնված Հակոբ Թարվերդյանը, 1988թ. ծնված Արմեն Պապիկյանը և 1987թ. ծնված Կարեն Գրիգորյանը՝ երեքն էլ նախկինում դատված:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում Արմեն Պապիկյանը խոստովանել է,  որ ավազակային հարձակումը կատարել է ինքը` Հակոբ Թարվերդյանի, Կարեն Գրիգորյանի և ոմն Վարուժի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս ինքնությունը պարզելու և նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժինը:
Հանցագործությունը արագ ու հմտորեն բացահայտելու համար մի շարք աշխատակիցներ ներկայացվել են խրախուսման ՀՀ ոստիկանության պետի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը