Մեկնաբանություն

29.10.2012 00:05


Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի «լռության» մասին

Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի «լռության» մասին

Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մյուս ՀՀԿ–ականները, ձայնակցելով «Միշիկ.am»–ներով տարածվող «մուտիլովկաներին», հայտարարում են, թե 2011թ. ստորագրված կոալիցիոն հուշագիրը դեռ ուժի մեջ է, քանի որ դրանից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլ հայտարարություն չի արել, կամա թե ակամա անհարմար դրության մեջ են դնում իրենց ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին։

Ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը նոր հուշագիր ստորագրեցին և պարտավորվեցին 2013թ. սատարել Սերժ Սարգսյանին։

Հարց է առաջանում. եթե 2011թ. հուշագիրը, ինչպես վարչապետն ու  «մուտիլովշիկներն» են տարածում, ուժի մեջ է, ապա ինչո՞ւ է ՀՀԿ ղեկավարը 2012թ. մայիսի 6–ից հետո մի նոր հուշագիր ստորագրել իր կողմից բարոյական քաղաքականության մարմնավորում հռչակված ՕԵԿ առաջնորդի հետ։ Առավելևս անհասկանալի է, թե ինչո՞ւ, ինչպես վարչապետն ու «մուտիլովշիկներն» են պնդում, պետք է առաջիկա օրերին նոր հուշագիր ստորագրվի, եթե 2011թ. հուշագիրն ուժի մեջ է։

Մի խոսքով՝ իշխանության քարոզչամեքենայի ու ՀՀԿ–ականների թեթև ձեռքով Սերժ Սարգսյանը ձեռք է բերում անլուրջ և թեթևսոլիկ մարդու իմիջ։ Ըստ ՀՀԿ ղեկավարի շրջապատի ստացվում է, որ Սերժն այնքան կշիռ չունի, որ պարբերաբար հուշագրեր է ստորագրում ու դեռ պատրաստվում է ստորագրել, որպեսզի համոզված լինի, որ սատարվելու է... ՕԵԿ–ի կողմից։ Բացի այդ՝ պարբերաբար խոսելով նոր հուշագրերի ու ԲՀԿ–ից ակնկալվող սատարման մասին՝ վարչապետն ու «մուտիլովշիկները» հեղինակազրկում են իրենց շեֆին, քանզի թղթի հույսին մնացած մարդն այնքան էլ սոլիդ չի նայվում։ Առավելևս սոլիդ չի նայվում թղթի հույսին մնացած մարդը, ով հանգամանքների բերումով երկրի նախագահ է դարձել։ Ինչևէ։

Եթե շարժվենք վարչապետի ու «մուտիլովշիկների» տրամաբանությամբ և հիմք ընդունենք իշխանական քարոզչամեքենայի տարածած «լուրերն» այն մասին, որ ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի ու ՕԵԿ–ի մասնակցությամբ սպասվում է նոր հուշագրի ստորագրում, ապա դուրս է գալիս, որ Սերժը, մասնավորապես, ՕԵԿ–ի հետ երկու անգամ հուշագիր ստորագրելուց հետո անգամ վստահ չէ իր ներկայիս գործընկերոջ վրա ու պատրաստվում է 3–րդ անգամ թարմացնել տալ Արթուրի ստորագրությունը։ Սա, կներեք, արդեն անլրջություն էլ չէ, սա արդեն ուրիշ բան է...

Ինչ վերաբերում է վարչապետի, մյուս ՀՀԿ–ականների ու «Միշիկ.am»–ներում լրագրությամբ զբաղվողների այն ձևակերպմանը, թե 2011թ. հուշագրի ուժը կորցրած լինելու մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ բան չի հայտարարել, հետևաբար՝ այն դեռ ուժի մեջ է, ապա նկատենք, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին չի հայտարարել, որ 2011թ. կոալիցիոն հուշագիրն ուժի մեջ է։ Այ, հրապարակավ կհայտարարի Սարգսյանն այդ մասին, Ծառուկյանից համարժեք պատասխանը կստանա։ Մնացածի մասով ԲՀԿ–ականները աներկիմաստ հայտարարել են, որ 2011թ. հուշագիրն ունի զուտ պատմագրական նշանակություն։ Եթե այդքանից հետո էլ են ՀՀԿ–ականները շարունակելու խոսել տխրահռչակ հուշագրի մասին, ապա դա կնշանակի, որ Սերժի PR–թիմը պարզապես «կայֆավատ» է լինում ՕԵԿ–ից երկու անգամ հուշագրային սատարման ենթարկված մարդու վրա. այլ բան դժվար է եզրակացնել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Վարդան Օսկանյանի «գործի» հետ կապված բանսարկությունների և «մուտիլովկաների» արտադրամասի վերածված Բաղրամյան 26–ը պարբերաբար տարածում է, թե տեսեք՝ Գագիկ Ծառուկյանը չի սատարում իր կուսակցին, քանի որ հրապարակավ չի արտահայտվել այդ թեմայով։

Նկատենք, որ միայն անմեղսունակների համար կարող է պարզ չլինել, որ ԲՀԿ–ն իր առաջնորդի հետ միասին սատարում է Օսկանյանին։ Իսկ այն, որ Օսկանյանի «գործի» առնչությամբ Ծառուկյանը կոնկրետ ելույթով հանդես չի եկել, ապա պետք է զուգահեռաբար արձանագրել, որ այդ «գործի» պատվիրատու Սերժ Սարգսյանն էլ հրապարակավ չի ներկայացրել իր կարծիքը, չնայած պարզ է, որ ամեն ինչ ուղղորդվում է իր կողմից։

Ծառուկյանը շատ լավ գիտի, որ Օսկանյանի «գործի» պատվիրատուն ոչ թե Աղվան Հովսեփյանն է, այլ Սերժ Սարգսյանը, ուստի՝ երբ որ ՀՀԿ ղեկավարը կխոսի Օսկանյանի «գործի» մասին, Ծառուկյանն էլ իր պատասխան խոսքը կասի։ Այսինքն՝ ՀՀԿ ղեկավարի ասպարեզ գալու պարագայում համարժեք պատասխան կտրվի ԲՀԿ առաջնորդի կողմից։

Եթե իշխանական գրչակներն այդքան շատ են ուզում ԲՀԿ առաջին դեմքի խոսքը լսել Օսկանյանի մասով, ապա նախ թող «գործի» պատվիրատու ՀՀԿ առաջին դեմքից հետաքրքրվեն, թե ինչն ինչոց է։

Թող «Միշիկ.am»–ի «մուտիլովշիկները» Սերժին հանդիպելիս հարցնեն, թե ինչո՞ւ չի արտահայտվում Օսկանյանի մասով։ Թող հետաքրքրվեն, թե ինչո՞ւ է թաքնվել Աղվանի ու իրենց հետևում և ձայն չի հանում տարիներ  շարունակ ՀՀ արտաքին գործերով զբաղված մարդու մասին։ Մի մարդու, ում հետ տարիներ շարունակ գործադիր մարմնի նիստերին կողք–կողքի է նստել։ Անբնական չէ՞ այն, որ պետության 10 տարվա արտգործնախարարին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկում են և ուզում ձերբակալել, իսկ ահա նախագահն այդ մասին կարծիք չի հայտնում։ Սա՛ է պետք անբնական համարել, այլ ոչ թե Ծառուկյանի «լռությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը