Մեկնաբանություն

29.10.2012 19:09


Ինչո՞ւ են սերժամետ լրատվամիջոցները քննադատության թիրախ դարձրել Լևոն Զուրաբյանին

Ինչո՞ւ են սերժամետ լրատվամիջոցները քննադատության թիրախ դարձրել Լևոն Զուրաբյանին

Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ Բաղրամյան 26–ի տակ աշխատող տարատեսակ «Միշիկ.am»–ները, «Միշիկի-TV»–ները, գեղամյանական ֆունկցիա կատարող «Միշիկ–Press»–ը և «Միշիկ–Comedy»–ն առաջադրանք են ստացել քննադատության թիրախ դարձնել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն ակնհայտորեն կորցրել է ինքնատիրապետումն ու բոլոր «անկախ» լրատվամիջոցներին հրահանգել  «դհոլություն» անել Լ. Զուրաբյանի դեմ։ Գործում ներգրավվել են նաև որոշ օդիոզ ՀՀԿ–ականներ, սոցիալական ցանցերում վխտացող օգտագործված օգտատերեր և էժանագին «դեմքեր»։ Վերջիններիս վրա դրված է անձնական վիրավորանքներով հանդես գալու խնդիրը, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանի ու իրեն կից գործող երիտօլիգարխիայի մոտ փաստարկների պակաս է, ինչպես նաև խուճապ։

Զուրաբյանի դեմ արշավի «լեգիտիմ» հիմք է ներկայացվում այն, թե իբր ՀԱԿ համակարգողը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանել է  Ռոբերտ Քոչարյանին (փաստորեն՝ Սերժ Սարգսյանն անուղղակիորեն խոստովանում է, որ Քոչարյանին թշնամի է համարում), բայց դե բոլորն են հասկանում, որ նման բան չկա, և միշիկամտությամբ զբաղվողներն ընդամենն ուզում են «չերեզ» Քոչարյան Զուրաբյանի դեմ կռիվ տալով՝ թաքցնել իրենց բուն էությունը։  

Իշխանությունն իրականում Զուրաբյանի վրա նյարդայնացած է հետևյալ պատճառներով.

Ա. Զուրաբյանը հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին՝ կողմ արտահայտվեց քաղաքական լայն կոնսոլիդացիայի, մասնավորապես՝ ԲՀԿ–ՀԱԿ համագործակցության միջոցով իշխանափոխության հասնելու սցենարին,

Բ. Զուրաբյանն ԱԺ–ում մի շարք բացահայտումներ արեց՝ կապված գազի գնի, Հայռուսգազարդի և հեռուստագովազդի շուկայում Սերժի ու նրա փեսայի մութ գործունեության մասով,

Գ. ՀԱԿ–ի հանդեպ դրական տրամադրված և տերպետրոսյանական գծի կողմնակից հանդիսացող «ilur.am» կայքը Հայաստանի շահերի դեմ ուղղված Միքայել Մինասյանի բիզնես հետաքրքրությունների մասին ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց։

Այս ամենը, բնականաբար, հունից հանեց իշխանությանը, և սերժամիշիկական համակարգին այլ բան չէր մնում, քան ջղաձգորեն արձագանքել Զուրաբյանի ասածներին ու արածներին։ Նախագահականից մարտի նետեցին անգամ այլ ֆունկցիայի համար նախատեսված ռեսուրսները։

Այսպես, ԲՀԿ–ի հետ նախագահական ընտրություններին ընդառաջ ընդհանուր ճակատ կազմելու զուրաբյանական առաջարկների ֆոնին ուշագրավ էր ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակի» տարածած բացահայտ ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ԲՀԿ–ն մոտ օրերս նոր հուշագիր է ստորագրելու ՀՀԿ–ի հետ, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ նշանակվելու է փոխվարչապետ։ Դրանով նախագահական նստավայրից փորձեցին ֆորմալ առումով ՀԱԿ–ը ներկայացնող Փաշինյանի ձեռքերով վարկաբեկել Զուրաբյանին՝ «Դու խոսում ես ԲՀԿ–ի հետ համագործակցությունից, իսկ ահա ԲՀԿ–ն արդեն ՀՀԿ–ի հետ պաշտոններ է կիսում և պարտավորվում սատարել Սերժ Սարգսյանին, ինչը նշանակում է, որ ՀԱԿ–ի հետ Ծառուկյանի թիմի համագործակցությունը բացառվում է» տարբերակով։ Նկատենք, սակայն, որ «Հայկական ժամանակի» ապատեղեկատվությունն ու իշխանական «մուտիլովկան» ընդամենը մի քանի ժամվա կյանք ունեցան, քանզի ԲՀԿ–ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը «7 օրի» հետ զրույցում աներկբայորեն հայտարարեց, որ ԲՀԿ–ն ՀԱԿ–ի և այլ ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ նախագահական ընտրությունների ժամանակ համագործակցության ցանկացած տարբերակ չի բացառում։ Ակնհայտ է, որ Մարգարյանի հայտարարությունը համահունչ է Զուրաբյանի՛ ասածներին, այլ ոչ թե «Հայկական ժամանակի» տարածած «լուրին»։

Իշխանական «մուտիլովկայի» արդյունքը եղավ այն, որ հերթակն անգամ պարզ դարձավ՝ ՀՀԿ ղեկավար Ս. Սարգսյանի վերջին հույսը Նիկոլ Փաշինյանի միջոցով խառնակչություններ ապահովելն է, բայց դա չլինող բան է, քանի որ ՀԱԿ–ի լայն շրջանակներն էլ են ֆիքսել, թե իրականում ինչով է զբաղված Նիկոլը, և հետևաբար՝ «ընդդիմադիր» այդ գործչի առաքելությունն անիրագործելի է։

Եվ այսպես, Զուրաբյանի հրապարակային գործունեությանը նյարդային ձևերով արձագանքելով՝ Սերժ Սարգսյանն ու իր երիտշրջապատը ցույց տվեցին, որ սարսափում են «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափից։ Նրանք ցույց տվեցին նաև, որ մնացել են «մուտիլովկաների» և նորաթուխ գեղամյանների հույսին, բայց դե, այդ ռեսուրսները ժամանակից շուտ բարոյապես մաշվել են։ Դա, ի դեպ, շատ լավ հասկանում են Բաղրամյան 26–ում և այդ իսկ պատճառով էլ հիստերիայի մեջ են ընկել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Երբ նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը ներկայացրեց իր քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ–ի մասով, «Հայկական ժամանակը» հանրահավաքի հաջորդ օրվա համարում «լուր» տեղադրեց, թե իբր իր հավաստի աղբյուրների համաձայն՝ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Իշխանությունն այն ժամանակ Փաշինյանի ձեռքերով ուզում էր թիկունքից հարվածել Տեր–Պետրոսյանին ու վարկաբեկել քաղաքագիտական վերլուծությունը։ Բաղրամյան 26–ը դա անում էր նույն նպատակով, ինչ նպատակով որ այժմ «Հայկական ժամանակի» միջոցով տարածում է, թե իբր ԲՀԿ–ն նոր հուշագիր է ստորագրելու ՀՀԿ–ի հետ, սատարելու է Սերժ Սարգսյանին ու դրա դիմաց ստանալու է փոխվարչապետի պաշտոնը։ Թե որքանով է հավաստի նոր հուշագրի ու Ծառուկյանի փոխվարչապետ նշանակվելու մասին «Հայկական ժամանակի» տեղեկությունը, կարելի է դատել ԲՀԿ–ի՝ ԱԺ ընտրություններին ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով մասնակցելու և ԱԺ ընտրություններից անմիջապես հետո իշխող կոալիցիայում մնալու «փաստը» հաշվի առնելով։ 

Այս խորագրի վերջին նյութերը