Լրահոս

31.10.2012 10:50


Մեղադրվում են մահացած կենսաթոշակառուների անվամբ ելքագրված կենսաթոշակի գումարները հափշտակելու մեջ

Մեղադրվում են մահացած կենսաթոշակառուների անվամբ ելքագրված կենսաթոշակի գումարները հափշտակելու մեջ

ՀՀ գլխավոր դատախազությունիից տեղեկացնում են, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Շահումյան-1» և «Խորհրդային-1» վճարային ծառայությունների` թվով երկու վճարող-տեսուչների մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ և ուղարկվել դատարան:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հովհաննիսյանը, 2003-2010թթ. աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության «Շահումյան-1» տարածքային ստորաբաժանումում` որպես վճարող-տեսուչ, իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի կենսաթոշակների գումարներ: 

Մասնավորապես`  տեղեկանալով, որ կենսաթոշակառու Ջ. Ալոյանը բացակայում է հանրապետությունից, իսկ Ա. Մնացականյանը մահացել է, նրանց մահվան կամ բացակայության փաստը ծառայությունում հայտնի չէ և հանգուցյալ կենսաթոշակառուի տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում` Ա. Հովհաննիսյանը իրավունք վերապահող և պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված վերոհիշյալ կենսաթոշակառուների անվան դիմաց կեղծել է նրանց ստորագրությունները: Արդյունքում` Ա. Հովհաննիսյանը 2004-2010թթ. ընթացքում նրանց անվամբ անհիմն ելքագրել  և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:

Մեկ այլ դրվագով Զ. Առաքելյանը,  2001-2010թթ. աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանումում` որպես վճարող-տեսուչ, տեղյակ է եղել, որ կենսաթոշակառուներ Շ. Բեգլարյանը և Ե. Պապիկյանը մահացել են, բայց նրանց մահվան փաստը ծառայության տարածքային բաժնում հայտնի չէ, սակայն հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում: Օգտվելով այդ հանգամանքից` Զ. Առաքելյանը 2007-2010թթ. ընթացքում իրավունք վերապահող և պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում հիշյալ կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծել է և նրանց անվամբ ելքագրել ու յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հովհաննիսյանին և Զ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: 

Ա. Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իարավասության առաջին ատյանի դատարան, իսկ Զ. Առաքելյանի վերաբերյալ քրեական գործը` Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իարավասության առաջին ատյանի դատարան:  

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը