Լրահոս

01.11.2012 10:25


Վերաքննիչ բողոքները մերժվել են

Վերաքննիչ բողոքները մերժվել են

 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ մերժել է պետական դավաճանության և հանցագործության մասին իմանալու չհայտնելու համար մեղավոր ճանաչված թվով 6 ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Այսպիսով` ուժի մեջ է թողնվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 06.04.12թ դատավճիռը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով հիմնավորվել էր, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կարեն Մեհրաբյանը, Ռոմիկ Մաթևոսյանը և Աշոտ Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:

Իսկ ՀՀ քաղաքացիներ Կարեն Պետրոսյանը, Արթուր Ավետիքյանը և Դավիթ Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կարեն Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց ռազմական տեղեկություններ հայթայթել ու տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:

2012թ. ապրիլի 6-ի դատավճռով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 14 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ, Ռոմիկ Մաթևոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը ՀՀ քաղաքացու կողմից) և դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, Աշոտ Չտրկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությանն օժանդակելը) և դատապարտվել 10 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման, Կարեն Պետրոսյանը և Արթուր Ավետիքյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը) և դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման, իսկ Դավիթ Ավետիքյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը) և դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500 000 ՀՀ դրամի չափով։

Այս խորագրի վերջին նյութերը