Լրահոս

02.11.2012 12:40


Հնդիկ ռեժիսոր. «Չեմ վախենում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, չեմ նահանջի»

Հնդիկ ռեժիսոր.  «Չեմ վախենում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, չեմ նահանջի»

Հնդիկ հանրահայտ ռեժիսոր Շաքհար Կապուրը պատրաստվում է այցելել Երևան, ուսումնասիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը և ֆիլմ նկարել այդ թեմայով։ Ռեժիսորը հարցազրույց է տվել Հնդկաստանի խոշորագույն անկախ լրատվական ծառայությանը՝ «IANS»-ին։

 «Սա մարտահրավեր նետող նախագիծ է։ Այն պահանջում է մեծ գումարներ, ահռելի կազմակերպվածություն ու ավյուն։ Սակայն պետք է նաև նշել, որ այս նախագծի ետևում կանգնած են բազմաթիվ եռանդուն մարդիկ, ուստի այս թունելի վերջում ես լույս եմ տեսնում։ Հայոց ցեղասպանության թեման չափազանց զգայուն է հատկապես ներկայիս Թուրքիայում, ուստի զարմանալի չէ, որ այս թեմայի քննարկման վրա արգելք է դրված թե՛ Թուրքիայի կառավարական շրջանակներում, թե՛ շարքային քաղաքացիների։ Հիշենք գրող Օրհան Փամուքին, ով բազմիցս հանդես է եկել Թուրքիայի կառավարությանն ուղղված Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու կոչերով, ինչի հետևանքով էլ հայտնվել է ծայրահեղ աջակողմյան խմբավորումների «սև ցուցակում»,-Կապուրի խոսքերն է մեջբերում «News Track India» պարբերականը։  

Հարցին՝ արդյոք նման ֆիլմ նկարահանելով՝ Կապուրը չի՞ վախենում նույնպիսի հետապնդումից, ռեժիսորը պատասխանել է.

 «Ես արթնացրի բարձր կաստաների ու կառավարության զայրույթն ու դժգոհությունը, երբ նկարահանեցի «Bandit Queen» ֆիլմը։ Սակայն այն ժամանակ ես չնահանջեցի, չեմ նահանջի և հիմա։ Ես խորապես հավատում եմ իմ պայքարին։ Այն հասարակությունը, որը դասեր չի քաղում իր անցյալից, դատապարտված է իր սխալները կրկնելու»։

Շաքհար Կապուրը տեղեկացրել է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվանից ոչ շուտ։

Այս խորագրի վերջին նյութերը