Լրահոս

02.11.2012 22:13


Մեզ համբերություն, Ադրբեջանին` ողջախոհություն

Մեզ համբերություն, Ադրբեջանին` ողջախոհություն

Ադրբեջանի պաշտոնյաները ոչ մի կերպ չեն դադարում իրենց պետական ռազմավարության անբաժանելի, սակայն, հիմնականում անհասկանալի բաղադրիչից` դատարկ հայտարարություններից, իսկ հայկական կողմն էլ իր հերթին չի դադարում «չզլանալ», իսկ ավելի ճիշտ` ժամանակ տրամադրել և պատասխանել նման ոչ ադեկվատ պաշտոնյաների հայտարարություններին: Փոխարենը կարելի է ռեսուրսները կենտրոնացնել և պատշաճ կերպով «աշխատել» միջազգային կառույցների և մամուլի հետ: Սա այնպես, իմիջիայլոց: Հիմա եկեք հասկանանք, թե Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարն ինչ հերոսական և, որ ամենակարևորն է, պաշտոնական հայտարարություն է արել, ու փորձենք միասին որակավորել այդ հոգու պոռթկումը: 

Ադրբեջանկան կողմը ոգևորված հայտարարում է, որ ունի այնպիսի ռադարային կայան, որը կարող է ոչ միայն վնասազերծել Հայաստանի կողմից արձակված հրթիռները, այլև մի քանի րոպեի ընթացքում հարված հասցնել մեր այն օբյեկտին, ինչն, իբր, հարցականի տակ կդնի Հայաստան պետության ճակատագիրը: Շարունակելով` վերջինս ասում է այն, ինչ մի քանի տարի ասում են ադրբեջանցի գրեթե բոլոր պաշտոնյաները, (ասում եմ` գրեթե, որովհետև բացառությամբ թերևս սպորտի նախարարի), թե իբր զինված են նորագույն սպառազինությամբ, իսկ վերջում կարծիք է հայտնում, որ հեռու չէ այն օրը, որ իրենց բանակը «կազատագրի օկուպացված» տարածքները: Անձամբ ինձ, ճիշտն ասած, շատ դուր եկավ պաշտոնյայի հայտարարության վերջին մասը, որտեղ նա «կարծիք հայտնեց» «համոզմունքի» փոխարեն: Ինչևէ, անցնենք առաջ:

Սկսենք այն օբյեկտից, որի մասին հիշատակել է Էլդար Սաբիրօղլուն: Ոչ ոք կասկած չունի, որ խոսքը վերաբերում է Մեծամորի ատոմակայանի հնարավոր պայթեցմանը: Սա ամենախելագար մտքերից է, որ հնարավոր է պաշտոնապես հայտարարել:

1-ին` Հայաստանի օդային տարածը փայլուն կերպով պաշտպանված է ոչ միայն ՀՀ ԶՈՒ-ի կողմից, այլև հայ-ռուսական ՀՕՊ հրամանատարության միասնակն ուժերի կողմից (մի տեսակ հավատս չի գալիս, որ Ադրբեջանի զինտեխնիկան կարող է գերազանցել նաև ռուսականին):

2-րդ` Ատոմակայանի պայթյունը ոչ միայն Հայաստանին է վնաս, այլև ամբողջ տարածաշրջանին: Եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով կարողանան անգամ պայթեցնել, ապա կարելի է ասել, որ պատերազմի մեջ են մտնում, թե տարածաշրջանի բոլոր երկրների, թե ինչքան էլ տարօրինակ կարող է հնչել, իրենք իրենց հետ:

3-րդ` Փաստորեն «խաղաղասեր» Ադրբեջանը պատրաստ է «արդարությունը» վերականգնելու համար ցեղասպանության ենթարկել մի ամբողջ ժողովրդի՞: Իհարկե պատրաստ է, պարզապես թույլ տվող չկա հանձին հայ ժողովրդի: Ճիշտ է՝ թույլ չենք տա, բայց մի՞թե սա միջազգային սկանդալ չէ: Մի՞թե պետությունը կարող է բացեիբաց սպառնալ ֆիզիկապես բնաջնջել մի ամբողջ ժողովրդի: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ պետք է ստանալ…

Հիմա անդրադառնանք հայտարարության ավելի անմեղ մասին: Զինված լինելու երգը վաղուց ենք լսում, չեմ էլ ցանկանում սրա մասին շատ խոսել: Նրանք սպառնում են, մենք արձագանքում, բայց փաստը մնում է փաստ, որ ԼՂՀ-ն De Facto անկախ պետություն է և դանդաղ, բայց հստակ քայլերով, առաջ է շարժվում` ձգտելով միջազգային ճանաչման և կյանքի որակի շարունակական բարելավման:

Դե ինչ, սպասենք ՀՀ-ի կողմից ձեռնարկվող քայլերին` ընդդեմ այս շարունակական ու գնալով ավելի սանձարձակ և լկտի դարձող ադրբեջանցի պաշտոնյաների պահվածքին:

Հ.Գ. Ի դեպ, ըստ Սաբիրօղլուի 10 ամսվա ընթացքում ադրբեջանական բանակը տվել է ընդամենը 12 կորուստ, մինչդեռ ադրբեջանական Ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» լրագրողական կենտրոնի կողմից իրականացված ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյուքներով այդ թիվը հասնում է 44-ի: Ինչ ասեմ, մեզ համբերություն, Ադրբեջանին` ողջախոհություն:

 Էրիկ Երիցյան    

Այս խորագրի վերջին նյութերը