Լրահոս

03.11.2012 10:11


Սերժ Սարգսյանի խնամին՝ բժշկական համալսարանի ռեկտորի թեկնածու. մամուլ

Սերժ Սարգսյանի խնամին՝ բժշկական համալսարանի ռեկտորի թեկնածու. մամուլ

Օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացվեն նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։ Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի՝ այս տարվա հունիսի 16-ից ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո։ Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը։

«168 ժամ»–ը գրում է, որ քննարկվում է, թե ռեկտորի հնարավոր թեկնածուներն են Սամվել Ավետիսյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Արա Մինասյանը։ Վերջինս նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Միքայել Մինասյանի (Միշիկ) հայրը։

Միաժամանակ թերթը գրում է, որ համալսարանի աշխատակիցներից ոմանք առաջ են անցել իրադարձություններից ու արդեն շնորհավորել են մեկ այլ մարդու՝ Միքայել Նարիմանյանին (Նարիմանով)։ Պարզվել է, որ երեկ ռեկտորի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Ս. Ավետիսյանը, և նրա փոխարեն նշանակվել է համալսարանի մյուս՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը՝ Նարիմանյանը։ Վերջինիս այդ պաշտոնում նշանակել էր Դերենիկ Դումանյանը։ Բուհի աշխատակիցները նշում են, որ Նարիմանյանն իշխանություններին ձեռնտու տարբերակ է, քանի որ նա ցանկացած հրահանգ «հլու-հնազանդ» կատարող է՝ ի տարբերություն Ս. Ավետիսյանի, ով կարողանում էր դիմադրություն ցուցաբերել թե՛ նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի կամայական որոշումներին և հրահանգներին, թե՛ Դերենիկ Դումանյանի։

Ինքը՝ Նարիմանյանը, աշխատակիցների շնորհավորանքները չի մերժել, պարզապես խնդրել է սպասել և դա անել նոյեմբերի 17-ին։

Այս խորագրի վերջին նյութերը