Լրահոս

06.11.2012 03:01


Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն արձագանքել է Թեղուտի պաշտպանների կոչին

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն արձագանքել է Թեղուտի պաշտպանների կոչին

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) գործադիր ղեկավար և նախագահ Նաոկո Իշին արձագանքել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից սույն թվականի սեպտեմբերի 6-ին ԳԷՀ-ին հղված նամակին, որտեղ նախաձեռնությունն արտահայտում էր իր մտահոգությունը Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հավատարմագրման գործընթացում ՎՏԲ բանկը ներառելու առնչությամբ:

Իր նամակում Նաոկո Իշին նշել է, որ ԳԷՀ-ը մեծ ուշադրություն է դարձնում բոլոր այն մարդկանց կարծիքին, ում ԳԷՀ-ի գործունեությունն առնչվում է, ուստի նամակում նշված մտահոգությունները լրջորեն հաշվի են առնվել և փոխանցվել հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Նամակը նաև հավաստիացնում է, որ հանձնաժողովի անդամները ընտրվում են խիստ չափանիշներով և հանդիսանում են սոցիալական, ֆինանսական և բնապահպանական երաշխիքների ոլորտներում համաշխարհային մակարդակի փորձագետներ, իսկ հավատարմագրման կիրառվելիք չափանիշները չեն տարբելու նախկին չափանիշներից, համաձայն որոնց հավատարմագրվել են ԳԷՀ-ի ֆինանսական միջոցները կառավարող գործակալությունները:


Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունն արտահայտել էր իր մտահոգությունն այն մասին, որ «Armenian Copper Programme» (ACP) ընկերության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորող ռուսաստանյան ՎՏԲ բանկը մասնակցում է ԳԷՀ Ծրագրի Գործակալություն դառնալու հավատարմագրման գործընթացին: Թեղուտի պաշտպանները նշել էին, որ ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ֆինանսավորելը բավարար է, որ ՎՏԲ-ի թեկնածությունը հակասի ԳԷՀ-ի մանդատին. այն է` նվազեցնել գլոբալ բնապահպանական վտանգների ազդեցությունը և աջակցել զարգացող երկրների մշտակայուն զարգացմանը: ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ուղղակիորեն հակասում է ԳԷՀ-ի բնապահպանական և սոցիալական երաշխիքների 8 նվազագույն չափորոշիչներից առնվազն 5-ին. 
• բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում (ՎՏԲ-ն չի անցկացրել առանձին գնահատում և ընդունել է շահագործող ընկերության ներկայացրած սխալ հաշվարկված և հակասական գնահատումը), 
• բնական կենսամիջավայրերի (հաբիթաթների) պահպանություն (ՎՏԲ-ի ֆինանսավորմամբ վերանալու է հսկայական անտառային էկոհամակարգ, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված բուսա և կենդանատեսակներ),
• մարդկանց տեղահանում (Թեղուտի հանքավայրի շահագործմամբ շրջակա գյուղերն ու տարածքները պիտանի չեն լինելու ապրելու համար` միլիոնավոր տոննաների թունավոր նյութերի կուտակման, կենսապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների վերացման և այլ պատճառներով, արդյունքում` մարդիկ կամովի դուրս են գալու իրենց բնակավայրերից), 
• ֆիզիկական մշակութային ռեսուրսների պահպանում (ՎՏԲ-ն ֆինանսավորում է մի ծրագիր, որով շարժիչավոր մեքենաների տակ փշրվելու է կուր-արաքսյան ժամանակաշրջանի հարուստ պատմամշակութային ժառանգություն)շ
• հաշվետվողականություն և բողոքների քննման համակարգի առկայություն (ՎՏԲ-ն արդեն մի քանի տարի է համառորեն հրաժարվում է ընդունել բնապահպանական հասարակական ներկայացուցիչներին` գոնե հանդիպման, չի պատասխանում նրանց դիմումներին):

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հետամուտ է լինելու, որ լիարժեքորեն ներկայացվի ողջ ճշմարտությունը` կապված Հայաստանում ՎՏԲ բանկի ֆինանսավորած հակաբնապահպանական ծրագրերի հետ: 

Այս խորագրի վերջին նյութերը