Մեկնաբանություն

06.11.2012 10:36


Ինչու՞ են Սերժ Սարգսյանի թիմում հիշել մարտի 1–ը

Ինչու՞ են Սերժ Սարգսյանի թիմում հիշել մարտի 1–ը

Սերժամետ քարոզչամեքենան գնալով ավելի ցինիկ է դառնում։ Պատկերացնո՞ւմ եք, մարտի 1–ի 10 զոհերի գնով նախագահականում հայտնված Սերժ Սարգսյանի պաշտպանները, փրփուրները բերաններին, մարտի 1–ի դարդն են անում։ Փաստորեն, անբարոյականությունն ու դեմագոգիան չափ ու սահման չունեն։

«Ախր ինչպե՞ս կարելի է համագործակցել մարտի 1–ի դեպքերի ժամանակ իշխանական թիմում եղած ԲՀԿ–ի հետ»,–բարոյախրատական տոնով ՀԱԿ–ին են քննադատում մարտի 1–ի մասով կոկորդիլոսի արցունքներ թափողները։

«ԲՀԿ–ի հետ համագործակցելն անբարոյական է»,–հայտարարում են մարդիկ, ովքեր բառիս բուն իմաստով ծախվել են մարտի 1–ի գնով նախագահ դարձած Սերժ Սարգսյանին։

«Միշիկ.am»–ներն այդպիսով ցույց են տալիս, որ Բաղրամյան 26–ում լրջորեն մտահոգված են ԲՀԿ–ՀԱԿ համագործակցության հեռանկարից և «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյանը» վիժեցնելու կամ այդ ձևաչափի կողմնակիցներին թուլացնելու համար այլ բան չեն գտել, քան... մարտի 1–ից խոսելը։ Եվ դա այն դեպքում, երբ մարտի 1–ի թիվ մեկ շահառուն Սերժ Սարգսյանն է։ Սա այն դեպքն է, երբ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի թիմակիցներն այնպիսի թեմաներից են խոսում, որ պարզապես ապշում ես։ ՀՀԿ–ի երիտթևը ներկայացնողները, օրինակ, հիշել են հոկտեմբերի 27–ի մասին, և դա այն դեպքում, երբ հոկտեմբերի 27–ի դեպքերից հետո նույն ՀՀԿ–ն Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանզի վերջինիս կասկածում էին։

Նույն շարքից է նաև մարտի 1–ը։ Ով ով, բայց ՀՀԿ–ն ու Սերժի տարատեսակ թիմակիցներն իրավունք չունեն մարտի 1–ից խոսել, քանզի ՀՀԿ ղեկավարը Բաղրամյան 26–ում է հայտնվել բացառապես 10 զոհի գնով։ Չլիներ մարտի 1–ը, Սերժ Սարգսյանը, լավագույն դեպքում, կլիներ նախագահի պարտված թեկնածու։

Եվ այսպես, անբարոյականները բարոյականություն են քարոզում, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն սկսել է։ Կարելի է միայն ենթադրել, թե ուրիշ էլ ինչերի ենք ականատես լինելու։ Դատելով ամենից՝ հեռու չէ այն պահը, երբ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները դաժան քննադատության կենթարկեն «Ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ հայտարարելով, թե դրա մեղավորը ԲՀԿ–ն է, քանզի Սերժ–Գյուլ «սիլի–բիլիների» ժամանակ իշխանության մաս է կազմել։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչպես իրեն կպահի «ֆուտբոլային» դիվանագիտություն քննադատող Սերժը։ Երևի կգնա ԱԳՆ ու կասի. «Էդի՛կ ջան, սիրո՛ւն չի»։ Շատ զվարճալի տեսարան կլինի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը