Լրահոս

07.11.2012 10:45


Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանի նորընտիր խորհրդարանում

Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանի նորընտիր խորհրդարանում

Նոյեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Քութայիսում տեղակայված Վրաստանի նորընտիր խորհրդարան` դրա նախագահի և ղեկավար կազմի այլ անդամների հետ հանդիպման նպատակով:

Վրաստանի խորհրդարանի նորանշանակ խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին, ողջունելով ՀՀ դեսպանին, նշեց, որ ՄԱԿ-ի և ԵՄ-ի դեսպաններից հետո սա իր երրորդ հանդիպումն է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, ընդ որում` Հայաստանի դեսպանն առաջինն է, ում հետ հանդիպումը կայանում է Քութաիսիի խորհրդարանի նորակառույց շենքում:

Շնորհակալություն հայտնելով ընձեռված հնարավորության համար` դեսպան Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ ծանոթությունը նորընտիր խորհրդարանի ղեկավարության հետ և իր այցի ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները գործնական նոր լիցքեր կհաղորդեն ոչ միայն միջխորհրդարանական համագործակցությանը, այլև կարևոր քայլ կհանդիսանան հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և խորացման հեռանկարի տեսանկյունից:

Վրաստանի խորհրդարանի նախագահը և ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը անվտանգության հարցերի, տնտեսական, էներգետիկ և տարանցիկ առեւտրի, կրթամշակութային և այլ բնագավառներում, միակարծիք էին համագործակցության հետագա խորացման անհրաժեշտության առումով: Երկուստեք ամրագրվեց տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ու տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերի ակտիվացման կարեւորությունը: Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների խթանման գործընթացին, մասնավորապես` միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Վրաստանի հայ համայնքին հուզող հիմնախնդիրներին եւ դրանք անկաշկանդ բարձրացնելու եւ քննարկելու իրավական եւ փաստացի հնարավորության ապահովման կարեւորությանը:

Դեսպան Մանուկյանն իր զրուցակցին փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվեց Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի կողմից:   

Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ տիկին Մանանա Կոբախիձեի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մանուկյանն անդրադարձավ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն ուղղված գործընթացներին: Զրուցակիցները, մասնավորապես, ընդգծեցին պատգամավորական բարեկամության խմբերի համագործակցության, օրինաստեղծ գործունեության բնագավառում փորձի փոխանակման, միջազգային հարթակներում համագործակցության կարեւորությունը:

Նույն օրը դեսպան Մանուկյանը հանդիպումներ ունեցավ նաև Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակներ Զուրաբ Աբաշիձեի, Մուրման Դումբաձեի և Զվիադ Ձիձիգուրիի, ինչպես նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեի հետ: 

Այս խորագրի վերջին նյութերը