Լրահոս

08.11.2012 16:55


ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը վերսկսեց աերոլոգիական դիտարկումները

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը վերսկսեց աերոլոգիական դիտարկումները

Մթնոլորտի զոնդարկումը եղանակի, մասնավորապես` վտանգավոր օդերևութաբանական երևույթների կանխատեսման համար ունի որոշիչ նշանակություն: Զոնդարկման տվյալները հնարավորություն են տալիս ստանալ մթնոլորտի ուղղաձիգ կտրվածքի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, խոնավության, քամու ուղղության և արագության վերաբերյալ տեղեկություններ: Բացի դրանից` այդ տվյալների և գետնամերձ շերտի ջերմաստիճանի միջոցով գնահատվում է տրոպոսֆերայի անկայունության էներգիայի չափը, որի մեծ արժեքը պայմանավորում է հզոր կույտ-անձրևային ամպերի զարգացում, կարկտի և տեղատարափ անձրևների, ինչպես նաև փոթորկային քամիների առաջացում:

Խորհրդային միության փլուզումից հետո Կովկասի տարածաշրջանում մթնոլորտի զոնդարկում կատարվել է միայն Հայաստանում՝ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության Երևանի աերոլոգիական կայանում, որն ընդգրկված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլոբալ կլիմայական դիտարկումների համակարգի մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրության գլոբալ ցանցում (GUAN), այլ կերպ ասած` կայանի տվյալները կարևորվում են համաշխարհային մակարդակով ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Բյուջետային ֆինանսավորման բացակայության պայմաններում, ելնելով եղանակի կանխատեսման գործընթացում զոնդարկման տվյալների կարևորությունից, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը, 2003թ. սկսած ՀՕԿ-ի կամավոր համագործակցության ծրագրի օժանդակությամբ մշտապես ապահովել է անհրաժեշտ քանակությամբ ռադիոզոնդերով: Սակայն 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով դադարեցվեց ռադիոզոնդերի տրամադրումը, որի պատճառով 2010թ. ընդհատվեցին մթնոլորտի զոնդարկման աշխատանքները: Ձեռնարկված հետևողական աշխատանքների արդյունքում` այս տարի հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի: ՀՕԿ-ի միջնորդությամբ և Կլիմայական դիտարկումների գլոբալ համակարգի (GCOS) քարտուղարության ֆինանսավորմամբ մեզ տրամադրվեց ռադիոզոնդարկման նոր METEOMODEM SP10 համակարգ՝ 22 հազ. եվրո արժողությամբ, ինչպես նաև M10 տիպի 500 ռադիոզոնդ՝ 40 500 եվրո արժեքով: Սա հնարավորություն է տալիս ստանալ մթնոլորտի` մինչև 30 կմ հատվածում տարբեր բարձրությունների վրա չափված օդերևութաբանական տարրերի մեծությունների տվյալներ (մթնոլորտային ճնշում, խոնավության պակասորդ, ջերմաստիճան, քամու արագություն և ուղղություն):

Նոյեմբերի 5-7-ը ֆրանսիական METEOMODEM կազմակերպության մասնագետները ժամանեցին Հայաստան՝ իրականացնելու սարքավորման տեղակայման և շահագործման հանձնման աշխատանքները: Սարքավորումը տեղադրելուց հետո անցկացվեց փորձարկում և կայանի աշխատակիցների ուսուցում:

Այժմ համակարգը կապահովի մթնոլորտի զոնդարկում օրական մեկ անգամ, իսկ ստացված տվյալների օգտագործումը կբարելավի եղանակի կանխատեսման արդարացվածության մակարդակը:

 

Այս խորագրի վերջին նյութերը