Լրահոս

10.11.2012 20:28


Երևան-Բավրա ճանապարհին վթարից մեկ մարդ զոհվել է, երկու տասնյակը՝ վիրավորվել

Երևան-Բավրա ճանապարհին վթարից մեկ մարդ զոհվել է, երկու տասնյակը՝ վիրավորվել

«asparez.am»–ը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 14-ի հատվածում, Երեւան-Բավրա` Մ1 ավտոմայրուղու` Ղազանչի գյուղին հարող հատվածում (5 կմ` չհասած Վրաստանի սահմանին) վրացական պետհամարանիշով Մերսեդես-Բենց մակնիշի ավտոբուսը համառորեն փորձելով վազանցել նույնատիպ թուրքական պետհամարանիշով ավտոբուսին, բախվել է վերջինիս և դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց՝ կողաշրջվելով ընկել է  դաշտի մեջ: Զոհվել է մեկ կին` ծննդով Պեմզաշեն գյուղից, երկու տասնյակից ավելի մարդ վիրավորվել է:

Վիրավորներին նախ հասցրել են Աշոցքի հիվանդանոց, ապա ժամը 15-17-ի հատվածում տեղափոխել Գյումրու հիվանդանոցային համալիր:

Երկու ավտոբուսներում էլ Ստամբուլ առևտրի մեկնող հայեր են՝ մոտ 40-ական հոգի: Թուրքական ավտոբուսում տուժածներ չկան: Վթարից անմիջապես հետո թուրքական ավտոբուսը կանգնել է, իսկ ուղեւորները սկսել են օգնել վթարվածներին:

Թուրքական ավտոբուսի վարորդները միջին տարիքի մարդիկ են, ուղևորների պատմելով՝ տարիներ շարունակ իրենք օգտվել են նրանց ծառայություններից և միշտ գոհ են եղել նրանց վարորդական վարպետությունից: Ի տարբերություն այս պատմածների՝ վթարված ավտոբուսի ուղևորները պատմեցին, թե իրենց ավտոբուսը ճանապարհի այդ ուղղագիծ հատվածում մի քանի անգամ փորձել է վազանցել թուրքական ավտոբուսին, սակայն վերջինս անընդհատ արագություն է ավելացրել, և իրար գրեթե զուգահեռ ընթանալիս, ըստ վթարված ավտոբուսի ուղևորներից մի քանիսի, թուրքական ավտոբուսի վարորդը մեքենան քաշել է վազանցող մեքենայի վրա, ինչի պատճառով վերջինս մոտ 3 մ բարձրությամբ ճանապարհից ընկել է և կողաշրջվել՝ անցնելով 80 մետր ճանապարհ: Ավտոբուսը վարորդի կողմի անկյունով բախվել է գետնին, իսկ վարորդի անմիջապես թիկունքում նստած Արաքսի Ղազարյանը (1967թ. ծնված) զոհվել է հենց այդ հարցվածի պահին:

Այս և այլ մի քանի ավտոբուսներ, որպես կանոն, Ստամբուլ են ուղևրորվում Երևանից շաբաթ առավոտները, թուրքական ավտոբուսը մի կարճ կանգառ է կատարել Գյումրիում և շարունակել ճանապարը, իսկ վթարված ավտոբուսը նաև ուղևորներ է վերցրել Գյումրուց:

Մինչև ժամը 18-ը ոստիկանությունն աշխատում էր դեպքի վայրում, ուղևւորները նրանց օգնությամբ ավտոբուսի միջից ևւ կողքուբոլորից հավաքում են իրենց բեռների մնացորդները: Ժամը 17:45-ին Աշոցքի հիվանդանում էին թեթևմարմնական վնասվածքներով ևւս 5 տուժած:

Թուրքական ավտոբուսը ոստիկանների ուղեկցությամբ բերվել էր Ոստիկանության Աշոցքի բաժնի բակ, ավտոբուսում էին հիմնականում կին ուղևորները, իսկ դրա հարևանությամբ հավաքված էին տղամարդիկ, որոնք պնդում էին, թե վրացական ավտոբուսի վարորդն է եղել մեղավոր, որովհետև անհարկի փորձել է վազանցել: Պատմեցին, որ վրացական ավտոբուսի վարորդները վրացիներ են և համեմատաբար երիտասարդներ: Այս ավտոբուսներն ունեն երկուական վարորդ, մեկը վարում է, մյուսը հանգստանում:

Ուղևորների կարծիքով՝ այս դեպքը տեղի է ունեցել Բավրայի սահմանակետ արագ հասնելու համար երկու ավտոբուսների վարորդների մրցակցության պատճառով: Վրացական կողմում ուղևորների անցնումը, ավելի մեծ, ծածկված և կազմակերպված անցակետի շնորհիվ, ավելի արագ և հեշտ է լինում, իսկ հայկական կողմում արդեն 20 տարուց ավելի է՝ երկու վագոն տնակ է դրված, և մարդիկ ստիպված են քամուն, ցրտին ու անձրևին դրսում կանգնել, սպասել մինչև իրենց հերթը կհասնի: Այս և Բավրայի անցակետին երկու կողմերից մոտեցող մեքենաների մշտական մրցավազքի մասին հայտնի է բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ հասարակական կամ մասնավոր տրանսպորտով հատել է սահմանը: Խնդրին լավատեղյակ են նաև Հայաստանի իշխանությունները:

Վթարված ավտոբուսի վարորդը գտնվում է Գյումրու հիվանդանոցային համալիրում, քննիչները նույնպես այնտեղ են աշխատում: Մանրամասները՝ ավելի ուշ:

Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակեց տուժածների ցանկը, որը կգտնեք այստեղ »»» .

Այս խորագրի վերջին նյութերը