Լրահոս

14.11.2012 16:11


2011 թ.-ին Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 4,8%

2011 թ.-ին Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 4,8%

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Օրվա խորհուրդն է` բարձրացնել իրազեկվածությունը հիվանդության մասին:

Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը հաստատվել է Դիաբետի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Այն նշվում է Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը, ով 1922 թվականին իր գործընկեր Չարլզ Բեստի հետ վճռական դերակատարում ունեցավ ինսուլինի հայտնաբերման հարցում. դեղամիջոց, որի օգնությամբ առ այսօր հաջողվում է միլիոնավոր մարդկանց կյանք փրկել:

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում:

Առաջին տիպի դիաբետի ժամանակ ինսուլին ընդհանրապես չի արտադրվում: Երկրոդ տիպի դիաբետ զարգանում է օրգանիզմի կողմից այդ հորմոնը չյուրացվելու դեպքում: Հաճախակի այս տիպի դիաբետն ի հայտ է գալիս ավելորդ քաշի կամ ֆիզիկական թերակտիվության արդյունքում:

Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակահատվածում բերում է հաշմանդամության և կյանքի միջին տևողության կրճատման:

Ըստ ԱՀԿ տվյաների` ողջ աշխարում շուրջ 220 միլիոն մարդ տառապում է դիաբետով: ԱՀԿ 193 անդամ-երկրներից ստացված տվյալների համաձայն` վերջին տարիներին հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ վարակիչ հիվանդությունների և վերջիններից առաջացած մահացության պատճառների վրա: Շաքարային դիաբետի միջազգային հիմնադրամի գնահատականի համաձայն` 2010-ից 2030 թվականներին շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան ցուցանիշը կազմելու է 0.9 տոկոս, ինչը նշանակում է, որ 2030 թվականին Հայաստանի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ կարող է ունենալ շաքարային դիաբետ:

Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2011 թվականին Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 4,8%: Իսկ առաջին և երկրորդ տիպով շաքարային դիաբետով հիվանդների թիվը ընդհանուր բնակչության շրջանում հասնում է մոտ 58 հազարի (առաջին տիպ 10686, երկրորդ` 47154):

Շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններից խուսափելու ճանապարհով /նվազ ֆիզկական ակտիվություն, ոչ առողջ սննդակարգ, ծխախոտի օգտագործում և ալկոհոլի չարաշահում/ հնարավոր է կանխարգելել հիվադության տարածումը:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել «Շաքարային դիաբետի դեմ պայքարի» ռազմավարական ծրագիրը և «Ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականցման» ցանկը: Ծրագրի նպատակներն են կանխարգելել և/կամ հետաձգել շաքարային դիաբետի առաջացումը` բնակչության բոլոր խավերում հավասարապես, նվազեցնել շաքարային դիաբետի բարդությունները` նպատակ ունենալով առավելագույնի հասցնել հիվանդների և նրանց ընտանիքների բարեկեցությունն ու կյանքի որակը:

Պետությունը կարևորելով այս խնդիրը` յուրաքանչյուր տարի պետական բյուջեով շուրջ 1.4 միլիոն դրամ է հատկացնում դիաբետով հիվանդների դեղապահովմանը: Սակայն դեռևս որոշակի խնդիրներ կան դիաբետով տառապող հիվանդներին հատկացվող անհրաժեշտ դեղերի մատչելիության առումով: Մասնավորապես` բնակչության սոցիալական խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման մեխանիզմները բավարար չափով չեն լուծում անապահով խավի և սոցիալական արտոնյալ խմբերում ընդգրկված անձանց դեղապահովման խնդիրը, ինչպես նաև անհանգստացնում է շրջանառվող դեղերի գների անհիմն աճը: 2010 թվականին առաջին և երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող ինսուլինակախյալ հաշվառված հիվանդների դեղապահովումն ինսուլին դեղով կազմել է 80 տոկոս, 2011 թվականին` 90 տոկոս, իսկ 2012 թվականին 95 տոկոս: Ոչինսուլինակախյալ հիվանդների համար նախատեսված դեղահաբերով ապահովածությունը կազմում է 30տոկոս, իսկ ոչ շաքարային դիաբետով տառապող հիվանդների ապահովումը` 90 տոկոս:

Շեշտը դնելով անապահով խավի դեղապահովման հետ կապված խնդիրների կանոնակարգման և բարելավման հարցերի վրա և նպատակ ունենալով կասեցնել բացասական գործընթացները` հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը» և «Ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»: Վերը նշված ծրագրերի հաջող իրականացումը մեծապես կնպաստեն Հայաստանում կանխարգելիչ առողջապահության ոլորտի զարգացմանն ու ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցմանը:

Այս խորագրի վերջին նյութերը