Լրահոս

16.11.2012 09:29


Հերթական անգամ հանցագործությունը հովանավորվում է իրավապահ մարմինների կողմից

Հերթական անգամ հանցագործությունը հովանավորվում է իրավապահ մարմինների կողմից

2012թ. հոկտեմբերին իր իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակչուհի Քրիստինե Մամուլյանը:

Կազմակերպություն դիմած Քրիստինե Մամուլյանի մոր` Շուշաննա Մամուլյանի դեմ Աիդա Պապիկյանի կողմից սույն թվականի հուլիսի 20-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` 550.000 դրամ բռնագանձման պահանջով:

Երևան քաղաքի բնակչուհի Աիդա Պապիկյանը, հանդիսանալով թոշակառու, ըստ www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ էլեկտրոնային կայքէջի՝ 2007-2012թթ. ընթացքում 6 տարբեր հայցադիմումներ է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ իր կողմից պարտքով տրված գումարների բռնագանձման պահանջով:

Աիդա Պապիկյանի կողմից հայցադիմում ներկայացնելուց հետո Քրիստինե Մամուլյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի դատախազություն Ա. Պապիկյանի կողմից վաշխառություն կատարելու վերաբերյալ: Հաղորդումը ներկայացվել է Քրիստինա Մամուլյանի կողմից, քանի որ մայրը` Շուշաննա Մամուլյանը, գտնվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Լոռու մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժվել է: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկվել է վերադասության կարգով, որը ևս մերժվել է: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում ընկած է եղել այն հանգամանքը, որ հաղորդումը ներկայացվել է ոչ տուժողի կողմից:

Որից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել տուժող Շուշաննա Մամուլյանի կողմից, որի մեջ նշվել է այն մասին, որ ինքը կարճ ժամանակով է գտնվում Հայաստանի Հանրապետությունում և խնդրել է հարցաքննության կանչել իր կողմից հաղորդման մեջ նշված ժամանակահատվածում: Քննչական մարմնի կողմից Շուշաննա Մամուլյանի խնդրանքը անուշադրության է մատնվել և հարցաքննության չի կանչվել:

Իրավապահ մարմինների կողմից վաշխառության դեպքի վերաբերյալ նման վերաբերմունքը ավելին, քան հովանավորչություն չենք կարող որակել:

Ավելին, գտնում ենք, որ վաշխառության նման դեպքում կա շահագրգիռ «ազդեցիկ» մասնակցություն, որը իրավապահ մարմինները չեն ցանկանում բացահայտել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է պատշաճ քննություն իրականացնել վաշխառության դեպքերի վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը