Լրահոս

17.11.2012 10:51


Հայաստանը միջազգային կարգի փրկարարական թիմեր կունենա

Հայաստանը միջազգային կարգի փրկարարական թիմեր կունենա

   Սույն թվականի նոյեմբերի 9-17-ը Հայաստանում էր Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության փորձագետ Անտոն Բյիլանգը: 

    Ա. Բյիլանգը ՀՀ ԱԻՆ մասնագետների հետ քննարկել է ՀՀ–ում Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ համատեղ «Արագ արձագանքման միջին փրկարարական թիմերի ստեղծումը շրջաններում» պիլոտային ծրագրի իրականացման խնդիրը:

    Ա. Բյիլանգը  ՀՀ ԱԻՆ աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ այցելել է Շիրակի մարզ, որտեղ անց է կացվել վարժանք` փրկարարների և ուսուցում անցած բժիշկների մասնակցությամբ:

    Ուսումնասիրվել են հատուկ փրկարար ջոկատի և ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հնարավորությունները:

    Ռիսկերի գնահատումից հետո, որոշում է կայացվել ծրագիրը իրականացնել Երևանում, Շիրակի և Սյունիքի մարզերում: Ծրագրի իրականացմամբ Երևանում, Շիրակի և Սյունիքի մարզերում ստեղծվելու են INSARAG–ի չափանիշներին համապատասխան միջին փրկարարական թիմեր, որոնք կարող են արձագանքել խոշոր աղետներին և իրականացնել փրկարարական աշխատանքներ:

 

     Ծրագիրը անց է կացվելու 2013–2014 թվականների ընթացքում: Ստեղծվող փրկարարական թիմերը ապահովվելու են Շվեյցարիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կողմից անհրաժեշտ գույքով և փրկարարական տեխնիկական միջոցներով և համատեղ ուսուցմամբ` ՀՀ ԱԻՆ մասնագետների հետ միասին:

     Սույն ծրագիրը հաջող իրականացնելուց հետո պլանավորվում է այն շարունակել երկրորդ փուլով, որում  ընդգրկվելու են ՀՀ Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը:

     Նոյեմբերի 16–ին Ա. Բյիլանգին և ՀՀ ԱԻՆ աշխատանքային խմբի անդամներին ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխնախարար Հ. Մխիթարյանը:

     Հանդիպման ընթացքում ամփոփվել են այս ոլորտում կատարված աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը