Լրահոս

17.11.2012 11:32


ՕԵԿ-ը մերժեց ԲՀԿ–ի առաջարկը

ՕԵԿ-ը մերժեց ԲՀԿ–ի առաջարկը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է.

«Քաղխորհրդում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող խնդիրներին: Հաղորդումներով են հանդես եկել ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը և Հեղինե Բիշարյանը:

Կարևորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը ՕԵԿ քաղխորհուրդը լսել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հաղորդումը ՕԵԿ-ԲՀԿ խորհրդակցությունների մասին: Կարծիքների ամփոփումից հետո ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշել է.

-Քաղաքական դաշտում, այսուհետ ևս, հադես գալ կառուցողական գործընկերության դիրքերից և հավանություն տվեց տարբեր քաղաքական ուժերի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման որդեգրած մարտավարությանը:

Հավատարիմ իր քաղաքական կուրսին և մինչ այժմ գործադրած ջանքերին, կարևորելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործման գործում համամասնական ընտրակարգի շարունակական մեծացման անհրաժեշտությունը` կուսակցության քաղխորհուրդը անհրաժեշտ համարեց այս խնդրին անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո` պատրաստակամություն հայտնելով այլ ուժերի հետ միասին շարունակել խորհրդակցությունների գործընթացը մեծամասնական ընտրատարածքների հետևողական նվազման և հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել ընդգրկուն համամասնական ընտրակարգի գերակայություն ապահովելու համար:

ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, տարածաշրջանային անկայուն զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված իրավիճակը պահանջում են ունենալ ուժեղ, կենտրոնաձիգ և ժողովրդավարական իշխանություն:

Այս խորագրի վերջին նյութերը