Լրահոս

19.11.2012 17:39


Պաշտպանական գերատեսչությունը հետևողական է զորակոչի անցկաման աշխատանքներում

Պաշտպանական գերատեսչությունը հետևողական է զորակոչի անցկաման աշխատանքներում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 19-ին ներկա է եղել Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցած 2012թ. աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, զոակոչիկների ծնողներն ու հարազատները, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ողջունելով նորակոչիկներին և բարի երթ ու խաղաղ ծառայություն մաղթելով նրանց՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար՝ ինչպես Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ բարոյակամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու տեսանկյունից:

Միջոցառման ընթացքում Արմավիրի մարզից  զինծառայության զորակոչված և զինված ուժերում բարեխղճորեն ծառայող մի շարք զինծառայողների ծնողների պաշտպանության նախարարը հանձնել է հրամանատարության անձնակազմի շնորհակալական նամակները: Արմավիրցիները ծառայության ընթացքում դրսևորում են մարտական բարձր պատրաստություն և զինվորական կարգապահություն, ինչպես նաև օրինակ են հանդիսանում իրենց ծառայակիցների համար:

Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշել է, որ գերատեսչությունը հետևողական է զորակոչի անցկացման աշխատանքներում, ապահովվել է զորակոչի անցկացման թափանցիկությունը` նոր ազդակ հաղորդելով զորակոչին ներգրավված կառույցների աշխատանքներին, բարձրացվել է մարզային բժշկական հանձնաժողովների աշխատանքի մակարդակը: «Շատ լուրջ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում ՊՆ ռազմական ոստիկանության կողմից, փորձում են բացահայտել առկա անարդարությունները»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ զորակոչի անցկացումը գտնվում է գերատեսչության ղեկավարության և անձամբ նախարարի հսկողության ներքո:

Խոսելով զորակոչիկների և ժամկետային զինծառայողի պատրաստության մասին, Սեյրան Օհանյանը նշել է, որ և՛ նորակոչիկները, և՛ անձնակազմը, մասնավորապես` ժամկետային զինծառայողները, պատրաստ են հայրենիքը պաշտպանելուն. «Մենք ոչ մի մտավախություն չունենք` և՛ մարտական ոգով, և՛ ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական մակարդակով նոր սերունդը ոչնչով չի զիջելու մեր սերնդակիցներին, եթե հարկ լինի, ապա ավելի լավ, ավելի խիզախ են պաշտպանելու հայրենիքը, իհարկե, մեր անցած փորձի հիման վրա եւ անմիջական աջակցությամբ»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը և հավելել, որ հատկապես ժամկետային զինծառայողների փոխհարաբերություններում պետք է հանդուրժողականության մթնոլորտ տիրի. «Իհարկե, հասկանում ենք, որ երիտասարդների մեջ ըմբոստ ոգին, երիտասարդական ավյունը խանգարիչ հանգամանք են այս ամենի համար, սակայն բռունցքներով հարցը լուծելու փոխարեն` փոխադարձ հասկացության մթնոլորտում ամեն ինչ ավելի հեշտ է լուծել»,–եզրափակել է Սեյրան Օհանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը