Լրահոս

19.11.2012 21:25


ՀՀԿ–ի փուչիկների գործով դատապարտվածը հիվանդանոցում է

ՀՀԿ–ի փուչիկների գործով դատապարտվածը հիվանդանոցում է

Հանրապետական կուսակցության մայիսի 4-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների բռնկման գործով դատապարտված Սերոբ Բոզոյանն այսօր տեղափոխվել է հիվանդանոց։ Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում հետազոտություն է անցնում, ինչին կհաջորդի վիրահատությունը: 

1 տարվա ազատազրկման դատապարտված 54-ամյա տղամարդը, հիշեցնենք, տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ, և ինչպես նրա փաստաբան Կարեն Մանուչարյանն է ահազանգում, առաջին ատյանի դատարանի վճռից հետո նրա վիճակը օր օրի վատանում է.  արյունահոսություններն անհետաձգելի են դարձնում Բոզոյանի վիրահատությունը:

Բուժօգնության համար պահանջված գումարը մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ ու քաղաքացիներ են հանգանակել, քանի որ սոցիալական խիստ ծանր վիճակում գտնվող ընտանիքը, ի վիճակի չլինելով հոգալ այդ ծախսերը, տևական ժամանակ Բոզոյանին հիվանդանոց չէր տեղափոխում:

Փաստաբանը միաժամանակ տեղեկացրել է, որ նախօրեին Բոզոյանը իրեն ազատազրկման դատապարտելու Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի հոկտեմբերի 17 ի վճիռը բողոքարկելու դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ վկայակոչելով մեղմացուցիչ մի շարք հանգամանքներ, որոնք առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը այդպես էլ հաշվի չի առել և նշանակել է խստագույն պատիժ:

«Տառապում է քաղցկեղ հիվանդությամբ, ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, երեխան նույնպես հիվանդ է»,–մանրամասնել է փաստաբան Կարեն Մանուչարյանը։–«Բացի այդ, նա ընդունել է մեղքը՝ միջնորդելով, որ արագացված քննություն կատարվի, և այդ քննությունը կատարվել է։ Դա ևս կարևոր հանգամանք է, և ես հույս ունեմ, որ գոնե Վերաքննիչ ատյանը հաշվի կառնի»։

Չբողոքարկելու պարագայում քաղցկեղով հիվանդ տղամարդը երեկվանից արդեն պետք է լիներ քրեակատարողական հիմնարկում։ Մինչև վերադաս դատական ատյանի որոշումը Սերոբ Բոզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, Սերոբ Բոզոյանը մեղավոր է ճանաչվել Հանրապետականի հանրահավաքի համար պատվիրված փուչիկները դյուրավառ մեթանով լիցքավորելու համար։ Փուչիկների  պայթյունից մարմնական վնասվածքներ էր ստացել 154 երիտասարդ: Բոզոյանն այս գործով միակ մեղադրյալն է, թեև պաշտպանական կողմը շարունակ պնդում է, որ Բոզոյանը պատվիրողներին նախօրոք զգուշացրել է մեթանով լիցքավորելու հնարավոր վտանգի մասին, բացատրել է նաև օգտագործման կանոնները, սակայն 7000 փուչիկի համար առաջարկված 770 հազ. դրամը չի բավարարել ավելի թանկ գազով` հելիումով լիցքավորելու համար։ Բոզոյանի հորդորներն ու զգուշացումներն էլ ոչ ոք հաշվի չի առել:

Ի պաշտպանություն Սերոբ Բոզոյանի՝ արշավ է սկսվել սոցիալական ցանցերում. «Ֆեյսբուք» ցանցում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ քաղաքացիական և ընդդիմադիր ակտիվիստներ, որոնք հաշվեհամար են բացել դատապարտյալի ֆինանսական աջակցության համար: Նախաձեռնության հեղինակ, ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը հիմնավորել է, որ պաշտպանում են իշխող կուսակցության «գործողությունների հերթական զոհը դարձած» անպաշտպան քաղաքացուն։

«Ուզում ենք ասել, որ մենք տեր ենք մեր քաղաքացուն, ով գուցե և հանցակից է այս դեպքում, որ կատարել է հանցավոր մի պատվեր, գուցե պետք է ընդհանրապես հրաժարվեր, սակայն մենք գիտենք, որ այս իշխանությունները հանցավոր պատվերը չկատարողներին էլ են պատժում: Նույնիսկ ունեմ շատ հավաստի տեղեկություններ, որ ծառայության համար գումարը մինչ օրս չի փոխանցվել Սերոբ Բոզոյանին»,–ասել է Զարուհի Հովհաննիսյանը:

Նա նաև փոխանցել է, որ իրենց նախաձեռնությունը հետևելու է Վերաքննիչ դատարանում գործի քննությանը։

«Բոզոյանի պատիժը հիվանդության հիմքով մեղմացնելուց զատ, պետք է առաջ քաշվի նաև պատվիրատուների պատասխանատվության հարցը»,–ասել է Զարուհի Հովհաննիսյանը,–«Պիտի հետևենք, տեսնենք ինչպես է ընթանում, ի վերջո նոր հանգամանքներ ջրի երես հանվելո՞ւ են, թե՞ ուղղակի հերթական անգամ կատարվելու է կոծկման գործընթաց և «դե լավ, հիվանդ է, բաց թողեք» հերթական դատավարությունն է դառնալու: Պետք է վեր հանվեն այն մարդիկ, ովքեր պատվիրատուներն էին, վեր հանվեն այն մարդիկ, ովքեր ներքաշված էին այդ ամբողջ ցանցի մեջ»։

Մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցությունը «սադրանք» և «կեղծիք» է որակում «Փուչիկների» գործով իրենց հասցեագրվող բոլոր մեղադրանքները: Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը  հակադարձել է. «Դա ի՞նչ կապ ունի Հանրապետականի հետ՝ անհասկանալի է ինձ համար։ Վաճառել է, եղել է գնորդ, վերցրել է։ Ոնց որ պատվիրեինք ավտոբուս, ավտոբուսը վթարի ենթարկվեր, Հանրապետականը մեղավոր լիներ․․․ Պիտի մի քիչ տրամաբանություն ունենալ, ուրեմն Հանրապետականը հատուկ փուչիկներ է գնել, որ իր միջոցառումը խանգարվի՞։ Անհեթեթ մտածողության ձև է: Ընտրությունների ժամանակ փուչիկների համատարած վաճառք է եղել, որեւէ տեղ նման դեպք տեղի չի ունեցել, համընկել է, որ հենց մեր միջոցառման ժամանակ դեպքը տեղի ունեցավ։ Ո՞ւմ մեղադրես Հանրապետականից, կամ ինչո՞ւ մեղադրես»:

Իսկ Փուչիկների գումարը Սերոբ Բոզոյանին չվճարելու մասին պնդումներին Գալուստ Սահակյանն այսպես է հակադարձել. «Դա ամենամեծ կեղծիքն է. դա այն գումարը չէր, որ Հանրապետականը չտար կամ չկարողանար տալ»:

Ի դեպ, Սերոբ Բոզոյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնում նաև իշխող Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը։ Երիտթևի ներկայացուցիչներից Արուսյակ Պողոսյանը այդ մասին տեղեկացրել է «Ազատության» հետ հեռախոսազրույցում։ Նա նաև հայտնել է, որ փուչիկների պայթյունից տուժած երիտասարդները ստորագրահավաք են անցկացնում, որպեսզի Սերոբ Բոզոյանի ազատազրկման պատիժը բեկանելու միջնորդությամբ դիմեն Վերաքննիչ դատարանին:

Այս խորագրի վերջին նյութերը