Քաղաքական

21.11.2012 14:32


Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ–ին թույլ է անվանել. ԱԺ–ում կրքերը թեժ են (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ–ին թույլ է անվանել. ԱԺ–ում կրքերը թեժ են (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը ՀՀԿ–ն տապալեց՝ դրան չներկայանալով և քվորում չապահովելով։

Խորհրդարանական մեծամասնության կողմից նիստը տապալելուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ այդպիսով ՀՀԿ–ն բռնաբարեց Սահմանադրությունը, քանի որ ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելը ընդդիմության սահմանադրական իրավունքն է։ Զուրաբյանի համոզմամբ՝ ՀՀԿ–ի այս քայլն ապացուցում է, որ նա պատրաստ չէ Հայասատնում անցկացնել ազատ և արդար ընտրություններ, ավելին՝ ուզում է փակել ատելի իշխանությունը փոխելու բոլոր հնարավորությունները: 

–Եթե վստահ են իրենց ուժերին, որ իրոք ունեն ժողովրդի վստահությունը, ապա այս քայլին դիմելն իմաստ չուներ։ Հենց այս բոյկոտով և ՀՀԿ-ի մեկուսացած վիճակով էլ ապացուցվում է, որ նրանք ոչ մի աջակցություն չունեն ժողովրդի կողմից,-ասել է Լ. Զուրաբյանը: 

Փոխարենը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդդիմության այս քայլն անվանել է քաղաքական շոու.

–Որևէ մեկը մեզ չի կարող թելադրել, թե ինչ անենք։ Թող հասկանան, որ խորհրդարանը տուն-տունիկ չէ,–հայտարարել է Շարմազանովը:

ՀՀԿ–ի պահվածքին անդրադարձել է նաև ՀՅԴ խմակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ այն որակելով արհամարհանք խորհրդարանի նկատմամբ:

–Մեծամասնության ներկայանալը պարտավորությո՛ւն էր, ոչ թե իրավունք։ Նրանք խորհրդարանի դերակատարությունը զրոյացնում են։ Սահմանադրությամբ նախատեսված պարտավորության խախտում կա նաև ԱԺ նախագահության կողմից: Մենք այս հարցով պատրաստվում ենք դիմել էթիկայի հանձնաժողովին: Կա՛մ պետք է ասեն, որ բոլորն իրար հետ՝ ղեկավարության հրահանգով, հիվանդացել էին ու բժշկից թուղթ բերեն, կա՛մ պետք է ասեն, որ պարզապես թքած ունեն օրենքների վրա։ Հստակ պետք է ասվի, որ մեծամասնությունն անպատասխանատու է։ Սա պետական համակարգի նկատմամբ արհամարհանք է,-նշել է Ա. Ռուստամյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծել է, որ առնվազն զարմանալի է՝ մեծամասնությունը, որը պնդում է՝ լրջագույն փաստարկներ ունի, թե ինչու հիմա չի կարելի անցնել 100%–ով համամասնական ընտրակարգին, ուղղակի խուսափեց գալ և խորհրդարանում ներկայացնել իր այդ փաստարկները:

–Մեծամասնության համար կա՛մ շուտ է, կա՛մ ուշ: Իսկ մենք կարծում ենք, որ ցանկացած պատեհ առիթ ու ժամանակ պետք է օգտագործել այդ խնդրի բարձրացման համար։ Շուտ կամ ուշ չի լինում,–ասել է Ն. Զոհրաբյանը՝ հակադարձելով ՀՀԿ–ի այն պնդմանը, թե նախագահական ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրք չեն փոխում։–Եթե իրենք վստահ էին, որ իրենց հիմնավորումներն այդքան երկաթյա են, քաղաքականապես ճիշտ և գրագետ կլիներ, որ գային և նիստերի դահլիճում հիմնավորեին դա։ Փախուստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք կյանքի գնով չեն ցանկանում հրաժարվել մեծամասնական ընտրակարգից, որովհետև դա այն բոնուսն է, որ ստարտային վիճակում իրենք ընտրություններից առաջ ունեն իրենց գրպանում: Սա բոյկոտ չէր, սա փախուստ էր, իսկ փախուստը թուլության նշան է։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը