Մեկնաբանություն

23.11.2012 12:37


ՀՀԿ–ի բոյկոտը հակասահմանադրական էր

ՀՀԿ–ի բոյկոտը հակասահմանադրական էր

ՀՀԿ–ն իր «դուստր ձեռնարկություն» համարվող ՕԵԿ–ի հետ գնաց աննախադեպ քայլի և բոյկոտեց ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» նախաձեռնած արտահերթ նիստը։ Այդպիսով խախտվեց խորհրդարանական փոքրամասնության՝ արտահերթ նիստ գումարելու իրավունքը։

Երևույթի քաղաքական կողմին բազմաթիվ անդրադարձներ են եղել։ Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն ընկճվում է «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի ցանկացած դրսևորումից և դրա համար էլ իր կուսակիցներին ու «դուստրերին» հրահանգում է դիմել փախուստի։

Զուտ իրավական տեսանկյունից խնդրին մոտենալիս կարող ենք ասել, որ ՀՀԿ–ի բոյկոտն անօրինական է։ Կա նաև տեսակետ, որ օրենքի տառից ելնելով՝ բոյկոտը լրիվ տեղավորվում է օրինականության սահմաններում, քանզի երկրի մայր օրենքն անառարկելի պահանջ չի դրել մեծամասնության առջև։

Մեջբերենք ՀՀ սահմանադրության 70–րդ հոդվածը. «Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը՝ Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ։ Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում»։

Եվ այսպես, Սահմանադրության ոգուց և ժողովրդավարական սկզբունքներից բխում է, որ խորհրդարանական փոքրամասնության արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը մեծամասնությունն իրավունք չուներ բոյկոտել, քանզի այդպիսով խախտվում է փոքրամասնության իրավունքը, որը տրվել է 70–րդ հոդվածով։ Եթե մեծամասնությունն իրավունք ունի թույլ չտալ փոքրամասնության իրավունքի իրացումը, ապա 70–րդ հոդվածն անիմաստ բառակույտի է վերածվում։ Ասել է թե՝ ՀՀԿ–ի քայլն անյուհանդերձ հակասահմանադրական էր։

Ընդդիմությունն այս հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, քանզի գտնում է, որ ոտնահարվել է իր սահմանադրական իրավունքը։ Հետաքրքիր է, թե ի՞նչ որոշում կկայացնի Գագիկ Հարությունյանի գլխավորած «կանտոռան» և արդյոք հակասահմանադրական կճանաչի՞ մեծամասնության բոյկոտը։ Թե ո՞ր մոտեցումն է ճիշտ, թող որոշի ՍԴ–ն։ Սահմանադրագետների համար սա նաև տեսական վեճերի թեմա կարող է դառնալ։

Եթե հանկարծ ՍԴ–ն որոշի, որ մեծամասնությունը, բոյկոտելով արտահերթ նիստը, հակասահմանադրական քայլի չի դիմել, ապա սահմանադրական փոփոխություններին կողմ ուժերը պետք է իրենց փոփոխությունների փաթեթում ներառեն նաև 70–րդ հոդվածի վերանայում և անառարկելի ոճով ամրագրեն փոքրամասնության իրավունքները, որպեսզի մենք համոզված լինենք, որ 2013թ. նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության գալուց հետո նույն այդ ուժերը ՀՀԿ–ի ոճով չեն ճնշի հասարակության տարբեր հատվածների ձայնը լսելի դարձնող այլ ուժերի մոտեցումները։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը