Մեկնաբանություն

23.11.2012 16:10


Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը ձգում պաուզան

Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը ձգում պաուզան

Սերժ Սարգսյանի տարատեսակ կողմնակիցները հույս և համոզվածություն են հայտնում, որ գալիք նախագահական ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ն կսատարի գործող նախագահին։ Ճիշտն ասած, այս ամենն արդեն զվարճալի է դառնում, բայց դե մարդիկ եթե համոզված են, ապա դա իրենց իրավունքն է։ Երազելն, ինչպես ասում են, վնասակար չէ, սակայն այսպես շարունակելու դեպքում ոմանք կարող են երազախաբ լինել, ինչը հասուն տարիքում մի քիչ սիրուն չի։

Տեղին է հիշեցնելը, որ ՀՀԿ–ականներն ու Բաղարմյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցները նմանատիպ հույս և համոզվածություն էին հայտնում նաև ԱԺ ընտրություններից առաջ և վստահաբար պնդում, թե ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ ԱԺ ընտրություններից հետո էլ խոսվում էր այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանը համաձայնել է մի քանի պաշտոնի դիմաց մնալ կոալիցիայում։ Ինչպես հայտնի է, բոլոր այդ կանխատեսումներն ու հավաստի տեղեկությունները փուչ դուրս եկան։

Դժվար է ասել՝ ինչն է սերժամետներին այժմ հիմք տալիս պնդելու, թե Ծառուկյանը պաշտպանելու է Սարգսյանին։ Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանն ինքն է համոզված դրանում և թիմակիցներն էլ «շեֆը մի բան գիտի» տարբերակով կրկնում են նրա ասածները, կամ էլ՝ նրա շրջապատում ցանկալին իրականի տեղ են ընդունում։ Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ անընդհատ ԲՀԿ–ի սատարում ակնկալելով՝ Սերժի շրջապատի մարդիկ անհարմար ու ինչ-որ տեղ նաև ծիծաղելի վիճակի մեջ են դնում ՀՀԿ ղեկավարին և անուղղակիորեն ընդունում, որ առանց ԲՀԿ–ի իրենց բանը բուրդ է լինելու։

«Ծառուկյանը սատարելու է Սարգսյանին» վարկածի տարածմանը, թերևս, նպաստում է նաև ԲՀԿ առաջնորդի «աղմկոտ լռությունը», որը որոշակի լարվածություն և անորոշություն է առաջացնում, բայց եթե քաղաքական գործընթացները գնահատենք պրագմատիզմի տեսանկյունից, ապա Ծառուկյանի մարտավարությունը շատ հստակ է և զերծ անորոշությունից։ Նա մի կողմից «լուռ» պատրաստվում է նախագահական ընտրություններին և ամեն ինչ անում «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»–ը կյանքի կոչելու համար, իսկ մյուս կողմից մատների վրա խաղացնում է Սերժ Սարգսյանին, ով համոզված է, որ սատարվելու է։

Եվ այսպես, Ծառուկյանն ընտրել է «դանդաղ շտապելու» մարտավարությունը, որը ձեռնտու տարբերակ է։ Հակառակ պարագայում Չեռնենկոյի ու Բրեժնևի սինդրոմներով տառապող Սերժ Սարգսյանը կարող է իշխանական լծակները կիրառելու փորձ անել, ինչը ձեռնտու չէ ԲՀԿ–ին. ավելորդ լարվածությունը ԲՀԿ–ին պետք չէ։

Երբ գա ժամանակը, և Սերժ Սարգսյանը հասկանա, որ մնացել է ՕԵԿ–ի ու իր ընտանիքի անդամների հույսին, արդեն բանը բանից անցած կլինի, և ուշ կլինի համապատասխան լծակներ կիրառելը։ Անգամ Վլադիմիր Գասպարյանի շրջիկ խմբերն այդ դեպքում չեն օգնի։

Այնպես որ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

Հիմա ավելի կարևոր բաների վրա պետք է ուշադրություն դարձնել. պատրաստվել իշխանափոխությունից հետո իրականացվող բարեփոխումներին։ Համոզված եմ, որ իշխանափոխությունն ավելի հեշտ գործ է, քան բարեփոխումներ անելը։ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը և ՀՀԿ–ի առողջ հատվածը (եթե Րաֆֆի Հովհաննիսյանը խելքը գլուխը հավաքի ու հերթական անգամ «չքցի» իր թիմակիցներին ու ընտրողներին, ապա նաև «Ժառանգությունը») պետք է պատրաստվեն լայնամասշտաբ փոփոխություններին՝ ընթացիկ «մուտիլովկաներին» ուշադրություն չդարձնելով և Սերժին թմբիրի մեջ պահելով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ԲՀԿ–ականներին առաջարկում եմ առողջ ցինիզմ ցուցաբերել և առաջիկայում սպասվող ԲՀԿ–ի համագումարին հրավիրել նաև Սերժ Սարգսյանին՝ նախապես հավաստիացնելով նրան, թե սատարման համագումար է լինելու, բայց բուն համագումարի ժամանակ շան լափ թափել իշխանությունների ու նրանց վարած քաղաքականության գլխին ու հենց Սերժի ներկայությամբ առաջադրել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը։ Հետաքրքիր կլինի այդ դեպքում տեսնել Սերժի դեմքը։ :)))

Այս խորագրի վերջին նյութերը