Լրահոս

24.11.2012 12:34


Հուզիչ պատմություն. հայ հաշմանդամը կես տարի իր նկարներն է վաճառել ռուս աղջկա հետ ամուսնանալու համար

Հուզիչ պատմություն. հայ հաշմանդամը կես տարի իր նկարներն է վաճառել ռուս աղջկա հետ ամուսնանալու համար

29-ամյա նկարիչը, ով մանկուց տեղաշարժվել է հաշմանդամի սայլակով, հարսանիքի համար գումար վաստակելու նպատակով երեք տասնյակ իր նկարներից է վաճառել։ Այս մասին տեղեկացնում է «lifenews.ru»–ն։ Նա կես տարի մատիտով նկարներ է նկարել և վաճառել։ Իր ապագա կնոջ հետ Վրեժ Կիրակոսյանը ծանոթացել է համացանցում, բայց քանի որ սիրահար զույգերը ապրել են տարբեր քաղաքներում, հաճախակի չեն կարողացել իրար տեսակցել։ Այդ ժամանակ հաշմանդամության սայլակին գամված Վրեժը որոշել է գումար աշխատել և ամուսնանալ։

–Ես այլ աշխատանք գտնելու հնարավորություն չունեմ, քանի որ գրեթե չեմ կարողանում տեղաշարժվել։ Անգամ դժվարանում եմ երկար պառկել՝ ողնաշարիս խիստ դեֆորմացիայի պատճառով,–ասել է նկարիչը՝ հավելելով, որ չնայած իր ծանր հիվանդությանը՝ միշտ էլ փորձել է ապրել լիարժեք կյանքով։

Նրա ընտրյալը Ուրալի 32-ամյա բնակիչ Ելենան է։ Նա Վրեժին տեսել է համացանցում տեղադրված տեսաուղերձում և որոշել է գումարով օգնել նրան։

–Ինձ մինչև սրտիս խորքը հուզել էին նրա իմաստուն և բարի աչքերը,–ասել է Ելենան։

Վրեժը բնակվում է Երևանում, հաշմանդամության թոշակ է ստանում, բայց փորձում է գումար աշխատել իր ստեղծագործություններով։

–Նա շատ բարի է, մենք ցանկանում ենք երեխաներ ունենալ։ Ինչ կար մինչև Վրեժը, մի տեսակ այն չէր։ Նա մեծահոգի մարդ է։ Կարծում եմ, մեզ Աստված է միավորել,–խոստովանել է Ելենան։

Այժմ Վրեժը երազում է գումար վաստակել վիրահատության համար։ Եվրոպայում այն կարժենա 75 000 եվրո։ Ամեն օր Վրեժը նկարում է այնքան, որքան ուժերն են բավականացնում.

–Ես գիտեմ, որ իմ ախտորոշմամբ մարդիկ երկար չեն ապրում, և ես վախենում եմ կարճ ապրելուց։ Ես կովկասյան արյուն ունեմ, չեմ ցանկանում որևէ մեկի համար բեռ լինել, ես ուզում եմ ստեղծագործել, նկարել և իմ սիրելի կնոջից երեխաներ ունենալ։

Ելենան էլ պատմել է, որ Վրեժն իր առաջին սերն է, իսկ նույնիսկ իր ծնողների անհամաձայնությունը չի ընկճել իրեն.

–Ես Ուրալից եկել եմ Վրեժի մոտ։ Ծնողներս սկզբից չէին հավատում, որ մեր միջև լուրջ բան կլինի։ Բայց հիմա աջակցում են։ Ես էլ եմ մի փոքր նկարում։ Այնպես չէ, ինչպես ամուսինս, բայց մենք հոգեպես շատ մոտ ենք իրար։

Երիտասարդ ամուսինները հույս ունեն, որ Վրեժին Ռուսաստանում կհաջողվի իր նկարների ցուցահանդեսը բացել, որպեսզի կարողանան վիրահատության գումարը վաստակել։ Դա 29-ամյա հաշմանդամին կօգնի ազատվել ողնաշարի շարունակական ցավերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը