Մեկնաբանություն

26.11.2012 00:29


Ով է իջեցրել նշաձողը

Ով է իջեցրել նշաձողը

Հիմա երևի միայն Սերժ Սարգսյանն է համոզված, որ Գագիկ Ծառուկյանը սատարելու է իրեն։ Ոչինչ։ Առավելագույնը 15 օրից ինքն էլ կհասկանա, որ ժամանակը լրիվ այլ սուբյեկտի օգտին է աշխատել, և որ իրեն մատների վրա խաղացրել են։

ՀՀԿ ղեկավարը, ի դեպ, միշտ վերջինն է հասկանում, թե ինչն ինչոց է։ Օրինակ՝ բոլորը հասկացել էին, որ թուրքերը չեն բացելու սահմանը, բայց Սարգսյանը շարունակում էր օդից ու ցամաքից նամակներ ուղարկել Գյուլին։ Դա տևեց այնքան ժամանակ, մինչև «ֆուտբոլասեր» նախագահն ինքնուրույնաբար հասկացավ, որ «ֆուտբոլից» մնացել է միայն Թուրքիայի նախագահի կնոջ պատրաստած քյաբաբը։

Գալիք նախագահական ընտրություններին ԲՀԿ–ից սատարվելու մասով էլ նույն պատմությունն է լինելու, բայց դա արդեն Սերժի խնդիրն է։ Ծառուկյանն առաջարկել էր իշխանության փափուկ հանձնման տարբերակ՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման միջոցով, սակայն Սերժը, կտրված է իրականությունից, ունի ագահ շրջապատ ու չի հասկանում, որ Սահակաշվիլիի տարբերակով չհեռանալու դեպքում կարող է ավելի վատ վիճակում հայտնվել։ Ինչևէ։

Սերժ Սարգսյանը դեռ հույսեր ունի, բայց նրա շրջապատում շատ լավ գիտեն, թե ինչ է սպասվում և սկսել են կատաղի ձևով պայքարել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի մասնակիցների դեմ։

Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրագրողներն ու վերլուծաբան կոչվածները հիմա «աղի արտասուք» են թափում և ցավ ապրում։ Պատճառը, ըստ իրենց, այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում։

«Օլիգարխ Ծառուկյանի առաջադրման հավանականությունը ցույց է տալիս, թե որքան է դեգրադացվել մեր քաղաքական համակարգը, և որքան է իջել նախագահացուների նշաձողը»,–իրենց մտահոգությունն են հայտնում մարտի 1–ի միջոցով նախագահ դարձած և երկրի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանի պաշտպանները։

Նկատենք, որ սա ՀՀԿ ղեկավարին պաշտպանելու նոր ձև է, բայց միևնույն է հին ձևով ձախողման են ենթարկվելու։

Բանն այն է, որ իրոք Հայաստանի քաղաքական համակարգը դեգրադացվել է և նախագահացուների նշաձողն ընկել է, բայց դա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի՛ նախագահ դառնալով։ Նշաձողը, ըստ այդմ, Սարգսյանն է իջեցրել, այլ ոչ թե Ծառուկյանի հնարավոր առաջադրմամբ է այդ նշաձողն իջնելու։ Հետևաբար՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալն այն հզորագույն փաստարկներից է, թե ինչու է պետք փոխել ՀՀ սահմանադրությունն ու անցնել խորհրդարանական համակարգի։

ՀՀԿ ղեկավարը Հայաստանի կառավարման համակարգի բոլոր արատներն իր մեջ խտացնող գործիչն է համարվել տարիներ շարունակ, և այդ պայմաններում նա 2008թ. դարձավ իշխանության թեկնածուն ու 10 զոհի գնով հայտնվեց նախագահական նստավայրում։ Սա հուշում է, որ կիսանախագահական կոչված համակարգը փտել է ամբողջությամբ, քանզի իր ներսից երկրի ղեկավար է դարձնում Սերժ Սարգսյանի տիպի գործչի։

Անշու՛շտ, Ծառուկյանը մեր երկրի ամենապատրաստված մարդը չէ, բայց պետության ղեկավարները երբեք ամենապատրաստվածը չեն լինում։ Դրա համար էլ առաջադեմ մարդկությունը շեշտը դրել է համակարգերի ու ինստիտուտների ստեղծման վրա, իսկ քաղաքական գործիչներին վերապահել լեգիտիմությամբ օժտված լինելու պահը։ Եթե այս տեսանկյունից ենք նայում, ապա Սարգսյանն էականորեն զիջում է Ծառուկյանին, ով առաջարկում է առաջիկա 4 տարվա ընթացքում համակարգային փոփոխության գնալ և թուլացնել մեկ անձի գործոնը որոշումներ կայացնելիս, իսկ ահա Սարգսյանը ճիշտ հակառակ գիծն է բռնել։ Սարգսյանի ուզածը թուրքմենբաշիզմն է, իսկ դա նշանակում է, որ անկախ այն բանից, թե ով կլինի թուրքմենբաշին՝ ուսյալ–կրթյալ մեկը, թե անգրագետը, մեծ տարբերություն չկա. երկու դեպքում էլ Հայաստանը երկար չի մնա աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Պետք է այս մոտեցումները համադրել, այլ ոչ թե դիպլոմները։ Մանավանդ որ կյանքը ցույց է տվել՝ Սերժի դիպլոմ ունենալը երաշխիք չդարձավ պետական կառավարման ոլորտում կոպիտ սխալներից խուսափելու համար։  Միանձնյա կառավարումը միշտ էլ սխալների է բերում։

Լավ կյանքից չէ, որ խոշոր սեփականատերը որոշել է մտնել քաղաքական պայքարի մեջ, բայց երբ տանը հրդեհ է, տնեցիների դիպլոմին չեն նայում։ Հանգցնում են կրակը, որից հետո ամեն մեկն իր գործով է զբաղվում։ Ծառուկյանն այն սուբյեկտն է, ում միջոցով հնարավոր է հանգցնել կրակը։ Ուզում ենք, թե չենք ուզում, դուր է գալիս մեզ, թե դուր չի գալիս, ԲՀԿ–ն է այն ուժը, որով հնարավոր է փոփոխություն իրականացնել։ Սա՛ է իրականությունը, և այդ իրականությունից փախչել հնարավոր չէ։

Ի դեպ, քաղաքական դաշտում ԲՀԿ–ի առաջատար դիրքերում հայտնվելը պատահական չէ։ Նախ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվել, ընդ որում՝ գիտական հիմքերի վրա դրված աշխատանք։ Մի հատ հետ նայեք և կտեսնեք, թե ինչպես ԲՀԿ–ն դարձավ հզոր գործոն։ Ի պատիվ Ծառուկյանի՝ նա մասնագետներին լսել ու ճիշտ որոշումներ կայացնել գիտի։ Բացի այդ՝  եթե իշխանության գլուխ կանգնած են բոլշևիկները, ապա ուրիշ ով, եթե ոչ բուրժուազիան պետք է դիմադրության լոկոմոտիվի դերը կատարի։ ԲՀԿ–ն այդ լոկոմոտիվն է։

Հայտնի խոսք կա՝ խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է։ Այսօր ամենածանր հարվածի տակ է հայտնվել փոքր, միջին ու խոշոր բուրժուազիան, ինչը միավորում է նրանց։ Եթե հասարակության մյուս շերտերն արդեն բան չունեն կորցնելու, ապա բուրժուազիան կորցնելու բան ունի և 2013թ. վճռական կռիվ է տալու տնաբույծ բոլշևիկների դեմ։ Ահա թե ինչու է բացառվում Սարգսյան–Ծառուկյան խաղը, ու ինչքան էլ լրատվական դաշտի գեղամյանները գրեն, թե ԲՀԿ–ն սատարելու է Սերժին, դա «մուտիլովկայի» ոլորտից է։ Նման տեսակետ հայտնողները թող բարի լինեն ու նշեն, թե ո՞րն է այդ դեպքում Ծառուկյանի շահը։

Սարգսյանը չի էլ թաքցնում, որ ուզում է «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծել, իսկ Սարգսյանի փեսան արդեն կանխավայելում է բիզնես դաշտի սեփականաշնորհման հետևանքով սպասվող ֆինանսական հոսքերի առատության պահը։ Եվ այս պայմաններում ինչո՞ւ պետք է Ծառուկյանը սատարի Սարգսյանին։ Դա նույնն է, որ մարդն ինքնասպանության գնա։ Սարգսյանի պատկերացրած տարբերակով սատարումը կնշանակի ԲՀԿ–ի ՕԵԿ–ացում, ինչը բացառված է։ Բնության մեջ այդպիսի բան չի լինում։ Քաղաքագիտությունն իր կանոններն ունի, որքան էլ դա գիտության հումանիտար ուղղության պատկանի, այլ ոչ թե ճշգրիտ գիտություն։

Անցնենք առաջ։

Ինչ վերաբերում է Սարգսյան–Ծառուկյան համեմատությանը, ապա երկրի առջև ծառացած խնդիրներին տիրապետելու, լուծումներ ունենալու, հասարակական ու քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովելու, ընտրողների հսկայական շերտի շահերը ներկայացնելու և բոլոր առողջ ուժերի հետ արժանապատիվ համագործակցության միջոցով Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու առումներով ԲՀԿ առաջնորդը շահեկանորեն տարբերվում է Սերժ Սարգսյանից, ով «գիշերային» որոշումների սիրահար է, իրեն ապահով է զգում  միայն  քաղաքական դիակներով շրջապատված լինելու դեպքում և մտածում է բացառապես իր անձնական շահերի մասին, շահեր, որոնք միշտ հակասում են Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահերին։

Սարգսյանը բոլոր ոլորտները տապալած ղեկավար է և անհեթեթություն է հայտարարելը, թե այսինչ կամ այնինչ մարդու առաջադրվելն իջեցնում է նշաձողը։ Սերժն այնպես է իջեցրել նշաձողը, որ մեր կողքի շենքի Գվիդոնն էլ կարող է նախագահի թեկնածու առաջադրվել։ Համոզված եմ, որ եթե նա նախագահ դառնա, ապա Սերժից մի գլուխ լավ կկառավարի։

Եթե նախագահներին ներկայացվող պահանջն այն է, թե ինչպես պետք է երկրի ղեկավարն, օրինակ, Գյուլի դեմքին «թռնի» մերոնց գոլ «ուտելուց» հետո, ապա սերժամետները ճիշտ են.  Ծառուկյանն այդպիսի բան չի կարող անել, քանզի դա միայն Սերժի մոտ է լավ ստացվում։ Մնացած հարցերում Սերժ Սարգսյանին գերազանցում են նախագահի հնարավոր բոլոր թեկնածուները, այդ թվում՝ միշիկագետը, կներեք՝ էպոսագետը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը