Մեկնաբանություն

26.11.2012 15:55


Սերժ Սարգսյանի վրացական «նախաձեռնողականությունը» ևս տապալվել է

Սերժ Սարգսյանի վրացական «նախաձեռնողականությունը» ևս տապալվել է

Բավական ուշագրավ տեղեկություններ է հրապարակել վրացական newposts.ge կայքը։ Պարզվում է, որ Վրաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայերով բնակեցված շրջաններում Հայաստանի իշխանություններն  աշխատել են Սահակաշվիլու օգտին, իսկ ահա Գագիկ Ծառուկյանի թիմակիցները՝ Իվանիշվիլու։

Նշյալ կայքի փոխանցմամբ՝ ընտրարշավի կեսից, սակայն, Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները, զգալով, որ Իվանիշվիլին կարող է հաղթանակ տանել, կապ են հաստատել նաև նրա թիմակիցների հետ ու խոստացել, թե կաշխատեն հայերին ուղղորդել դեպի «Վրացական երազանք»։

«Խոստումը խոստում էլ մնաց: Դեռ ավելին՝ Վրաստանի այդ ժամանակվա իշխանությունները զանգվածային ռեպրեսիաներ իրականացրին Ջավախքում, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Իսկ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները շարունակում էին Սահակաշվիլու կուսակցության օգտին գործել, ինչը հիմնավորված կասկածի տեղիք տվեց, որ Հայաստանի իշխանություններն անկեղծ չեն «Վրացական երազանքի» նկատմամբ»,-գրում է կայքը:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն օժանդակել է Ջավախքում հակահայկական քաղաքականություն վարող Սահակաշվիլուն և «քցել» ակնհայտորեն հայամետ տրամադրություն ունեցող Իվանիշվիլուն։ Իսկ այն, որ Իվանիշվիլին լրիվ այլ կերպ է մոտենում Վրաստանի հայությանը, վկայում է Սահակաշվիլու իշխանության կողմից դատապարտված հայերին քաղբանտարկյալ ճանաչելու ու նրանց ազատման գործընթաց սկսելու փաստը։

Եվ այսպես, Սարգսյանի ու Ծառուկյանի թիմակիցների մրցակցությունը վրացական ընտրությունների ժամանակ ավարտվել է ԲՀԿ առաջնորդի անուղղակի հաղթանակով։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը» տապալվել է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև հարևան Վրաստանի ուղղությամբ։

Փաստորեն, եթե մարդը «նախաձեռնողական» է, ապա այդպիսին է բոլոր ուղղություններով։ Կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ ղեկավարի «նախաձեռնողականությունը» մշտապես հակասում է ՀՀ–ի ու դրսի հայության շահերին։ Սա արդեն ցավալի օրինաչափություն է դարձել։

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի պահավածքին, ապա այդ առումով «newposts.ge»–ն իր հրապարակումն ավարտում է հետևյալ ձևակերպմամբ. «Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Հայաստանի գլխավոր ընդդիմադիր, հայտնի գործարար ու բարեգործ Գագիկ Ծառուկյանը և նրա թիմը բացահայտ ընդգծված բարիդրացիական վերաբերմունք ունեին «Վրացական երազանքի» նկատմամբ։ Ըստ ամենայնի` սա պայմանավորված էր նրանով, որ Իվանիշվիլիի և նրա «Վրացական երազանքի» ճակատագիրը Վրաստանում շատ բանով նման է Ծառուկյանի և նրա կուսակցության ճակատագրին Հայաստանում, ինչը փոքր դերակատարություն չունի մեծ քաղաքականության մեջ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը