Լրահոս

27.11.2012 09:27


Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է

Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է

Որոշ լրատվամիջոցներ թյուր մեկնաբանություններով անդրադարձել են ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանի գույքից 53 միավոր տրանսպորտային միջոցի վաճառքի վերաբերյալ որոշմանը: Որպեսզի առանձին  լրատվամիջոցի կամ լրագրողի անձնական տրամադրությունն ու տրամադրվածությունը չիմացությունը  հանրային  ընկալման համար  խեղաթյուրված պատկեր չստեղծեն, հարկ ենք համարում պարզաբանել, թե իրականում ինչ է ներկայացնում իրենից «53 մեքենա» ասվածը՝ առաջին հերթին ներկայացնելով դրանց լուսանկարները, որոնք, թերևս լրացուցիչ որևէ մեկնաբանության կարիք չունեն:

ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման նախագիծն ու հիմնավորումները կարդացողը կտեսնի, որ վաճառքի համար   ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված  մեքենաները օգտագործման համար ոչ պիտանի են որակված. «Գնահատման պահի դրությամբ գույքը գտնվում էր ապակոմպլետավորված վիճակում, որը չի շահագործվում: Գույքը ֆիզիկապես և բարոյապես մաշված է»:

Ոմանք թերևս պատշաճ ուշադրություն չեն դարձրել այս ձևակերպմանը և ոչ էլ փորձել են Պետական գույքի կառավարման վարչությունից կամ վերոհիշյալ ընկերությունից ճշտել, թե խոսքն ինչ «մեքենաների» մասին է:

Իրականում այդ պայմանական 53 անուն գույքը մեքենա կոչելը խիստ չափազանցություն է, քանի որ որևէ միավորի դեպքում անգամ չի կարելի խոսել գույքն ինչ-որ ձևով  շահագործելու  հնարավորության մասին: Տասնամյակներ շարունակ մեքենաների այդ մնացորդները կուտակվել էին և Զվարթնոցի կոնցեսիոն կառավարիչ ընկերությունը որոշել էր պետական սեփականություն հանդիսացող մետաղի ու թիթեղի կույտերից ազատվել, մաքրել տարածքը: Իսկ այդ մետաղակույտերի մեջ ամեն ինչ չէ, որ պիտանի է անգամ մետաղի ջարդոնի համար: Իդեպ, այդտեղ չուգուն  ընդհանրապես չի եղել, ինչպես որոշ լրատվամիջոցներ են շտապել հայտնել: Մասնագետների դիտարկմամբ, միջին տվյալներով որպես ջարդոն 1 մեքենայից առավելագույնս հնարավոր է  օգտագործել 1 տոննա մետաղ, ընդհանուրը, ենթադրենք՝  53 տոննա: Իսկ  1 տոննա մետաղի  շուկայական գինը 34 հազար դրամ  է՝ բորսայի հրապարակած տվյալներով: Այսինքն, այդ ամենը որպես մետաղի ջարդոն վաճառելու դեպքում առավելագույնը 1մլն 802 հազար դրամ կգոյանար: Այնինչ հրապարակման մեջ անխնա քննադատվում է հենց վաճառքի գինը՝ 3515000 դրամ: Ներկայացնենք, թե ինչպես է այն ձևավորվել:

Գնահատման համար ընտրվել է այլ տարբերակ. պարզաբանենք, որ գնահատումն ըստ օրենքի պահանջի, իրականացվել է մասնագետների կողմից և այսօր միանշանակ կարող ենք փաստել, որ ըստ այդմ  առավելագույն գնով կատարված  գործարքը միանշանակ հաջողված է: Կրկին խոսենք փաստերով, բացելով  գնահատման սկզբունքների փակագծերը:

Այսօրվա շուկայում նմանատիպ գույքի համեմատական տվյալներ չկան, որոնց հետ հնարավոր կլիներ համադրել գնահատվող մեքենաները: Գնահատողները դիմել են ավտոտեխսպասարկման մասնագետների օգնությանը, որոնց միջոցով պարզել են,  թե որ միավորից ինչ դետալ կարելի է օգտագործել որպես ավտոպահեստամաս և առաջնորդվել են այդ  դետալների շուկայական արժեքներով: Արդյունքում ստացվել է մետաղի ջարդոնից գրեթե կրկնակի բարձր գին, որով և վաճառվել են «53 մեքենաները»:

Կառավարության վերոհիշյալ որոշման ընդդիմախոսներին խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ դիտել լուսանկարներն ու համոզվել, որ որոշման նախագծում մենք ընդամենը ստիպված էինք  պահպանել գույքի պայմանական անվանակարգերը՝ ասենք  «Հունդաի-Պոնի», «ԶԻԼ – 130, «Ցիստեռն ցեմենտի», «ՊԱԶ - 672Մ», «Տրակտոր ԴՏ – 75» և այլն, քանի որ ընկերության հաշվեկշռային բազայում երբեմնի մեքենայի մաս կազմած յուրաքանչյուր մետաղ կամ կույտ շարունակել է կրել իր նախաստեղծ անվանումը և ՊԳԿ վարչությունը ստիպված էր պահպանել գույքի պայմանական անվանումն ու ցանկը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը   հերթական անգամ փաստում է, որ գործում է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և շարունակում հանդես գալ դրան ուղղված նախաձեռնություններով: Վարչությունը գնահատում է լրատվամիջոցների արձագանքներն  այս կամ այն քայլին, սիրով համագործակցում, եթե դրանք առողջ մտահոգության կամ սրտացավության արդյունք են և կրկին հիշեցնում, որ մեր գործունեությունը հրապարակային է, բաց՝  ԶԼՄ-ների առաջ: Իսկ ոչնչից մեծ աղմուկ ստեղծելու սիրահարներին և նրանց  պատվիրատուներին ըմբռնումով ենք մոտենում, հասկանալով, թե ինչ հիասթափության բախվեցին՝ հերթական «դարի բացահայտման» սնանկությունը տեսնելով: 

 

Այս խորագրի վերջին նյութերը