Լրահոս

19.01.2011 14:55


Հ. Խուրշուդյան. «ԸՕ-ի բարեփոխումները միջազգային կառույցներին հանգստացնելու համար են»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հավսեփ Խուրշուդյանը խոսել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին։

-2010թ. իշխանությունները ներկայացրեցին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին մի տարբերակ, որի ձևավորմանը ընդդիմությունը որևէ կերպ չէր մասնակցել, և փորձ արվեց ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին, որ դա համատեղ աշխատանք է, որը մենք հերքեցինք,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ «Ժառանգություն» և Դաշնակություն կուսակցությունները մշակել են ընտրական օրենսգրքի իրենց նախագիծը։

«Ժառանգության» մ ամլո խոսնակը նաև ասել է, որ 2010թ. նոյեմբերի 22-23-ին տեղի է ունեցել մեծ համաժողով, որի ընթացքում հնչել են երկու այլընտրանքային տարբերակ՝ իշխանությունների տարբերակը և «Ժառանգություն»-ՀՅԴ համատեղ նախագիծը։ Համաժողովից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրական բարեփոխումները քննարկելու համար։

-Երբ մենք ստացանք հրավերը մասնակցելու այդ աշխատանքային խմբի աշխատանքներին, նամակում նշված էր՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքները շարունակելու նպատակով։ Մեզ համար պարզ չէր, թե որ աշխատանքները պետք է շարունակվեն։ Ի՞նչ լրամշակման աշխատանքներ, եթե մինչ այդ մենք որևէ աշխատանքի չենք մասնակցել,-ասել է Հ. Խուրշուդյանը՝ ավելացնելով, թե իրենց արդեն հասկացրել են, որ «Ժառանգություն»-Դաշնակցություն համատեղ նախագիծն այդ աշխատանքային խմբում չի էլ քննարկվելու։

Նա նաև ասել է, որ իշխանություններն այդ բարեփոխումները կատարում են միջազգային կառույցներին և հայ հասարակությանը հանգստացնելու նպատակով, թե «իբր տեղի են ունենում բարեփոխումներ»։

Այս խորագրի վերջին նյութերը