Կարծիք

29.11.2012 11:45


Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում

Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում

 «Գոյատևում է ոչ թե այն տեսակը,որն ամենաուժեղն է,ոչ էլ այն, որն  ամենախելացին է, այլ այն, որն ամենաարագն է արձագանքում փոփոխություններին»

Չարլզ Դարվին

 Այս հիանալի խոսքերը դեռևս 19-րդ դարում է գրել Դարվինը,սակայն այն կարծես գրված լիներ մերօրյա Հայաստանի համար, քանի որ այսօր մեր հասարակությունը կարիք ունի արագ արձագանքելու որակյալ  կրթության,մասնագիտական  փոփոխություններին:

Խորհրդային միության փլուզումից հետո նորածին Հայաստանը սկսեց ապրել վերածնունդ: Մի կողմից անհրաժեշտ էր ամուր պահպանել անկախանալու իրավունքը,իսկ մյուս կողմից առաջացավ ինքնուրույն գոյատևելու և ղեկավարելու պահանջարկը,սակայն ցանկացած խնդրի ճշմարիտ լուծման միակ հիմքը բարձրորակ կրթությունն է, որի ջատագովն էլ միշտ եղել է հայ ժողովուրդը, բայց  մեզ մոտ այն գնահատվել է որպես պարտադիր պայման, ինչպես թե բարձրագույն կրթություն չունենանք: Եվ երբ  Հայաստանը սկսեց ավելի շատ կապեր հաստատել այլ երկրների հետ, անհրաժեշտություն դարձավ ձեռք բերել հիմնավոր,ամուր, կրթություն,որը մի փոքր պետք է փոխեր մարդկային մոտեցումները ցանկացած հարցի շուրջ. մենթալիտետը, ինքնուրույն մտածելու ունակությունը,իրենց այլ երկրներին ներկայացնելու հմտությունը և ինչու ոչ այլ երկրների փոփոխություններին արագ արձագանքելու կարողությունը:Սկսեցին բացվել զանազան գրասենյակներ և այդ մրցակցության շնորհիվ սկսեց աճել Հայաստանի ինչպես տնտեսական մակարդակը,այնպես էլ սոցիալական պահանջարկը,իսկ այստեղ էլ եղավ այն, ինչն անխուսափելի էր` շահերի բախումը, այսինքն` առաջարկն այլևս չէր համապատասխանում պահանջարկին: Եվ պատճառահետևանքային կապով էլ առաջացան հասարակական կազմակերպություններ, որոնք գտնում էին որ միայն տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալը շատ քիչ է, իսկ մարդիկ անցում կատարելով սոցիալիստական համակարգից ժողովրդավարականի հասկացան,որ դիպլոմ ունենալու փաստը միշտ չէ, որ համապատասխանում է իրեն բնորոշող գաղափարին և ծառայում իր նպատակին: Այդպես էլ առաջացավ պահանջարկ մեծահասակների կրթությունը շարունակական դարձնելու համար: (Մեծահասակ համարվում են 16-ից բարձր անձինք, միչև կյանքի վերջը):

Այսօր անհրաժեշտություն կա մեր հասարակության տեղն ու դերը բարձրացնելու աշխատանքային գործունեության տարբեր ոլորտներում, ինչպես նաև կա պահանջարկ աշխատուժը աշխատաշուկայի կարիքներին համապատասխանեցնելու: Քանի որ իրենց կրթության որակը բարձրացնելով` մարդիկ կարող են.

Պայքարել իրավունքների համար.

Կատարել ճիշտ ընտրություն, ոչ թե շահերից ելնելով, այլ սեփական տեսակետն ունենալով

Լինել պահանջված

Լինել ազատ և անկախ:

Բարելավվել սոցիալական վիճակը և լինել ինքնավստահ:

Շատերը Հայաստանում  կարծում են, թե ինչներին է պետք կրթությունը, մարդ պետք է «բախտ» ունենա, քանի «հատ» դիպլոմ ունեմ տանը դրած, միևնույնն է չեմ աշխատում, սակայն չեն հասկանում, որ խնդիրն էլ հենց դրանում է, սխալ մտածելակերպի,կարդալ չենք սիրում, տքնաջան աշխատել նույնպես: Հայաստանից դուրս պատրաստ ենք ցանկացած աշխատանքի, իսկ ներսում բոլորս պաշտոնյա անձինք ենք և սպասում ենք աշխատանքային լավ առաջարկի: Իսկ այդ դիպլոմներն էլ շատերը տարբեր միջոցներով են ձեռք բերում: Կան նաև մարդիկ, ովքեր մասնագիտական սխալ ընտրություն են կատարել կամ էլ այսօր չեն կարող զբաղվել այդ գործով ,ուրեմն պետք է վերապատրաստվեն  այլ ուղղությամբ, որպեսզի միշտ լինեն  ասպարեզում և իրենց զգան պահանջված: Հայաստանում ներկայումս մի շարք դասընթացներ են կազմակերպվում մասնագիտական տարբեր ոլորտներում, դա և վճարովի է, և անվճար, կա նաև ամառային դպրոց, ինչպես նաև վերապատրաստում են գործող մասնագետների: Ցավոք սրտի այսօր կա շարունակական ուսուցմանը վերաբերվող տեղեկատվության պակաս հասարակության շրջանակներում: Մարդիկ պետք է տեղեկացված լինեն և  մարդկային որակական հատկանիշները բարձրացնելու, և բարձրակարգ կրթություն ստանալու համար, քանի դեռ ունենք պահանջարկին չհամապատասխանող առաջարկ: Մեծահասակների կրթության գործընթացը այսօր իրականացվում է ողջ աշխարհում դա միայն հայաստանյան խնդիր չէ:

2012թ. ապրիլին ՀՀ-ում ձևավորվեց նաև «Ցկյանս ուսումնառության հայկական լիգա»-ն, որի նախագահն է Արամ Ավագյանը: Այն իր մեջ ներառում է 12 այլ կազմակերպությունների, որոնք զբաղվում են ոչ ֆորմալ կրթությամբ, որտեղ  նույնպես մեծահասակներին տրվում է հնարավորություն շարունակելու իրենց ուսուցումը, քանի որ միշտ կա որակյալ մասնագետի պահանջարկ: Ըստ Արամ Ավագյանի լիգան համակարգային է և փորձում է կրթության, ուսուցման նպատակով միավորել բոլոր կազմակերպությունների ուժերը: Լիգան հնարավորություն է տալիս լայն խավերին կյանքի ցանկացած փուլում շարունակելու իրենց ուսուցումը, ինչպես նաև աջակցում է մի շարք այլ ծրագրերի իրականացմանը.

Մասնավոր

Բարեգործական

Գործազուրկների համար անցկացվում են դասընթացներ,որոնց մի մասը կատարվում է վճարովի, քանի որ բավարար չափով կարգավորված չէ համակարգը:Այն պետք է համապատասխանի նաև մարդկանց շահերին: Այդ դասընթացները անցկացվում են տարբեր ուղղություններով` քաղաքացիական, հոգևոր, մարզական, կրոնական: Ցանկացած մարդ գրանցվելով պետական զբաղվածության կենտրոնում՝ կարող է ինքն էլ մասնակցել այդ դասընթացներին, քանի որ իրենք համագործակցում են նաև այդ կենտրոնների հետ:

Այս ամենի մասին խոսելու և ներկայացնելու բուն նպատակը կոչ անելն է մեր հասարակությանը, հատկապես հեռավոր շրջաններում ապրողներին, որ միշտ զբաղվեն իրենցով ,քանի որ միայն ստացիոնար կրթություն ստանալը շատ քիչ է, մարդ պետք է զբաղվի ինքնակրթությամբ, շատ ընթերցի, և այս համակարգչային ու տեխնոլոգիական դարաշրջանում գրքի դերը միշտ պահպանի: Այսօր եկել է գիտելիքների միջոցով մարդկային շահերը և սոցիալական վիճակը բարելավվելու ժամանակը, իսկ մեր երեխաներին էլ մանկուց ներգրավելու որակյալ և ամուր կրթություն ստանալու գործընթացին:

Եղեք տեղեկացված, քանի որ իրազեկ լինելը յուրաքանչյուրիս իրավունքն է:

Իսկոնյան Թամարա

Այս խորագրի վերջին նյութերը