Մեկնաբանություն

29.11.2012 17:52


Սերժ Սարգսյանն ապավինում է 5–րդ շարասյանը

Սերժ Սարգսյանն ապավինում է 5–րդ շարասյանը

Գալիք նախագահական ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ելքը վճռվելու է նախքան քվեարկությունը։ Ընտրարշավի մասնակիցների ցանկն ու քաղաքական կոնյունկտուրան արդեն ամեն ինչ կվճռեն փետրվար ամսից շուտ։

Ակնհայտ է, որ իշխանափոխության կողմնակից ուժերի կոնսոլիդացիայի և հասարակական ալիքի դեպքում իշխանական բուրգը կփլուզվի դեկտեմբեր ամսի երկրորդ կեսից սկսած։ Հասարակական ակտիվությանը զուգընթաց կջարդվի ընտրակեղծիքների մեքենան։ Մնում է միայն, որ համապատասխան ուժերը մինչև վերջ գիտակցեն իրենց պատմական առաքելությունն ու անցնեն գործի։

Քաղաքական դաշտն «ականապատելու» վերջին ջանքերը

Բաղրամյան 26–ում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը կարող է վերարտադրվել միայն մրցակցային ընտրությունների բացակայության պայմաններում։ Միայն քաղաքական դաշտի անապատացումն է, որ շանս կտա «մաքուր ընտրություններ» անցկացնել և հետագայում կառուցել «մեկ օլիգարխի տնտեսություն»։ Պարզից էլ պարզ է, որ քաղաքական դաշտի անապատացում կլինի այն դեպքում, եթե ընտրություններին մասնակցելուց ձեռնպահ մնան բոլոր ինքնուրույն ուժերը՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն։ Պատահական չէ, որ այս ուժերի (հատկապես ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի) դեմ լայնամասշտաբ քարոզչագրոհ է իրականացվում՝ «մուտիլովկաների» ու սուտ լուրերի տարածման միջոցով։

Սերժ Սարգսյանի շրջապատում շատ լավ հասկանում են նաև, որ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը կյանքի կոչվելու դեպքում իշխանափոխությունը դառնալու է տեխնիկական խնդիր։

Պետք է արձանագրել, որ ներքաղաքական զարգացումները լուրջ մտահոգության տեղիք են տվել գործող նախագահի շրջապատում, քանզի իրենց չի հաջողվում կանխել մրցակցային ընտրությունները, ինչպես նաև խոչընդոտել «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի կայացմանը։

Իշխանություններն այժմ անցել են վերջին գրոհին ու հակաքայլերի մի ամբողջ զինանոց են կիրառում։

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ վերջին մեկ շաբաթում իշխանության կողմից լիազորված այն մարդիկ, ովքեր զուտ մարդկային նորմալ հարաբերություններ ունեն ընդդիմադիր դաշտը (հիմնականում Հայ ազգային կոնգրեսը) ներկայացնող տարբեր տրամաչափի գործիչների հետ, հանդիպումներ են նախաձեռնում և հետևյալ մեսիջները փոխանցում.

Ա. Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու իր թեկնածությունը, քանզի այս ամենը խաղ է, և ամեն ինչ պայմանավորված է,

Բ. Լևոն Տեր–Պետրոսյանն իր թեկնածությունը չի առաջադրելու։

Այս երկու «մեսիջներից» հետո Սերժի բանագնացներն անմիջապես ավելացնում են, թե պետք է մտածել 2018թ. նախագահական ընտրությունների մասին, քանզի 2013թ. հարցն արդեն լուծված է։

Ի դեպ, այս «մեսիջներին» լուրջ տեսք տալու համար «անկախ» մամուլի միջոցով տարատեսակ «վերլուծություններ» և լուրեր են դրվել շրջանառության մեջ։  

Այսպես՝ «Հայկական ժամանակը», Սերժ Սարգսյանի «մարդկանց» խոսքերը համոզիչ դարձնելու  և «Ամեն ինչ արդեն վճռված է Սերժի օգտին» կոդին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով, երեկ նյութ էր տեղադրել այն մասին, թե ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը երկար ժամանակով մեկնել է արձակուրդ, ինչը, ըստ «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթի, նշանակում է, որ դեսպան Հեֆերնի համար ամեն ինչ պարզ է։ Այդ թերթի հիմնական «մեսիջը», կրկնենք, մեկին մեկ համապատասխանում է Սերժ Սարգսյանի բանագնացների ասածներին։։

Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է, և ոչինչ որոշված չէ ու չի կարող լինել։ Այդ մասին շատ լավ գիտեն Սերժի շրջապատում, և դա է պատճառը, որ վերը նշված երկու «մեսիջները» փոխանցելուց հետո բանագնացներն իրենց զրուցակիցներին առաջարկում են մասնակցել նախագահական ընտրություններին, եթե հանկարծ առաջադրվի Գագիկ Ծառուկյանը։ Ընդդիմադիր կոդերով ելույթ ունեցող թեկնածուն, բնականաբար, այդ դեպքում կարող է քննադատել նաև Սերժ Սարգսյանին (ինչպես որ դա մի ժամանակ անում էին Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը), սակայն քննադատության հիմնական թիրախը պետք է լինեն Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը։ Դրածո թեկնածուների խնդիրը պետք է լինի նաև հնարավորինս շատ հակաիշխանական ձայներ փախցնելը։

Փաստորեն, «Վերարտադրություն» օպերացիան գլուխ բերելու համար Սերժ Սարգսյանն ուզում է ապավինել ընդդիմադիր դաշտում ստեղծվելիք 5–րդ շարասյանը, որը թիկունքից պետք է հարվածի Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդներին։ Զրկվելով գեղամյաններից՝ Սարգսյանն ուզում է գեղամյանիկներով լցնել դաշտը և այդ ձևով պայքարել 2013թ. ընտրական գործընթացի ժամանակ։ Ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի։

Մենք առայժմ ձեռնպահ կմնանք որոշակի անուններ տալուց, թե ում հետ են բանակցել Սերժի ներկայացուցիչները։ Ցանկության դեպքում կարելի է գլխի ընկնել, թե ովքեր են այդ ընդդիմադիրները։ Ընդամենը պետք է հետևել միշիկական ու տիգրանսարգսյանական լրատվամիջոցների գործունեությանը, և հստակ կերևա, թե ովքեր են դարձել նրանց սիրելիներն ու հրապարակումների հերոսները։ Մեր գործն այս պահին այդ մարդկանց զգուշացնելն է, որպեսզի նրանք «կուտը» չուտեն ու «չխուրդվեն»։

Ծառուկյանի առաջադրման պարագայում բոլոր «ինքնուրույն» թեկնածուներն անմիջապես կհայտնվեն հասարակության և իրական ընդդիմադիր լրատվամիջոցների խաչաձև կրակի տակ, որպես մարդ բարոյապես կոչնչացվեն ու կվերածվեն «դատարկ դհոլի»։

Կա ընդամենը մեկ շաբաթ ժամանակ։ Այդ ընթացքում բոլոր նրանք (այդ մարդիկ այս նյութը կարդալով՝ կտեսնեն իրենք իրենց), ովքեր մտածում են Սերժի խաղը խաղալու կամ լավագույն դեպքում օլիմպիական սկզբունքով նախագահական ընտրություններին մասնակցելու մասին (ինչը կրկին Սերժի օգտին է լինելու), պետք է լավ մտածեն։ Հետո ներում–բեկում չի լինելու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը