Քաղաքական

30.11.2012 12:13


Ռուս առաջատար մասնագետ. «Օսկանյանի գործը թյուրիմացություն է»

Ռուս առաջատար մասնագետ. «Օսկանյանի գործը թյուրիմացություն է»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի պաշտպանական կողմը նրա նկատմամբ սկսված քրեական գործն ուսումնասիրելու և համապատասխան եզրակացություն կայացնելու համար դիմել է ՌԴ արդարադատության նախարարության պատվավոր աշխատակից, իրավաբանական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր Սամվել Կոչոյին։ Նա նաև ՌԴ քրեական օրենսգրքի մեկնաբանությունների հեղինակն է։ Այսօր «Պոստ–սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Ռուսաստանից հրավիրված հյուրը ներկայացրել է իր կարծիքը սույն գործի հետ կապված՝ հայտարարելով, որ այնտեղ որևէ իրավական հիմք չի տեսնում։

–Սա թյուրմացություն է, իսկ մասնագտեների տեսանկյունից՝ սա անհեռանկար քրեական գործ է,–հայտարարել է Կոչոյին։

Նա ընդգծել է, որ հանցագործություն է համարվում շորթումը, երբ գումարը վերցնում են և հետ չեն վերադարձնում՝ այն օգտագործելով շահադիտական նպատակներով։

–Պետք է մեկը գա և ասի, որ ես տուժել եմ, որ ինձ այսքան վնաս են պատճառել։ Բայց ուսումնասիրելով այդ գործը՝ ես տուժողին չեմ գտել։ Ես չգիտեմ՝ ո՞ւմ շահերն են պաշտպանում։ Ավելին, Հանթսմանի կողմից Օսկանյանին տրված գումարները տոկոսներով և անգամ նրա անձնական գումարներով հետ են վերադարձվել։ Այստեղ չկա յուրացում։ Պետք է ապացուցել, որ այդ գումարները անօրինական են ձեռք բերվել, կոռուպցիայի մջոցով, բայց մենք փաստ չունենք նաև, որ Հանթսմանն է այդ գումարները հանցավոր ճանապարհով ձեռք բերել։ Իսկ եթե չկա հանցագործություն, ուրեմն չկա նաև խարդախ ճանապարհով դրա օրինակացումը,–ընդգծել է ռուս իրավաբանը։

«7օր»–ի դիտարկմանը, որ չնայած նա տուժող չի տեսել այս գործում, բայց ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե պարտավոր էր պաշտպանել «Սիվիլիթաս» հիմնադրամի և Հանթսմանի շահերը, Կոչոյին արձագանքել է.

–Փողերի յուրացման հարցում իրոք չպետք է սպասել, որ ինչ–որ մեկը գա և բողոքի, բայց յուրացումը համարվում է կատարված, եթե կան հետևանքներ։ Յուրացումն այնպիսի հանցագործություն է համարվում, երբ կա արդեն նյութական վնաս։ Ընդ որում, ձեր երկրի օրենսդրության համաձայն՝ հանցագործություն է համարվում միայն յուրացումը, որը շոշափելի՛ չափերով է վնաս պատճառել։ Իսկ եթե չկա վնասը, չկա նաև հանցակազմ։ Ո՞ւմ է տվյալ դեպքում վնաս հացվել, «Սիվիլիթասի՞ն», «Սիվիլիթասը» ստացել է այդ գումարները, Հանթսմանի՞ն, նա չի բողոքում։ Ի դեպ, ժամկետներն էլ նշված չէ, թե երբ պետք է վերադարձնի Օսկանյանը այդ գումարը։ Իսկ Հանթսմանի և Օսկանյանի միջև շատ մեծ վստահություն է կա, երկուսն էլ հարգված մարդիկ են ողջ աշխարհում։ Հանթսմանն այնքան է վստահում Օսկանյանին, որ գումարը փոխանցել է ոչ թե «Սիվիլիթաս»–ին, այլ հենց Օսկանյանին, և Հանթսմանը չի արգելել կառավարել այդ գումարները ըստ նրա հայեցողության։ Մի պայման է եղել միայն, գումարները ծախսել հիմնադրամի շահերի համար, և Օսկանյանը դա էլ արել է,–ասել է ռուս առաջատար մասնագետը։

«7օր»–ի հարցին՝ արդյոք հարուցված հիմնազուրկ այս քրեական գործը Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդում համարո՞ւմ է և կասկածներ չի՞ առաջացնում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Հանթսմանի փոխանցման մասին տեղյակ է եղել 2010թ., սակայն գործը հարուցել է միայն երկու տարի անց, Կոչոին պատասխանել է.

–Ենթադրություններ կարելի է անել։ Պետք է նայել, թե այս հոդվածի վաղեմության ժամկետը ո՞րն է։ Բայց մյուս կողմից՝ ինչպես հասկանում եմ, ձեզ մոտ նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտությունները, առաջիկայում նախագահական ընտրություններ են, կարող է և դրա հետ է կապված։ Չգիտեմ, դա իմ ենթադրություններն են։ Տարօրինակ է, իրոք ժամանակային առումով համընկել է։

Ինչ վերաբերում է հայաստանյան մամուլի որոշ հրապարակումներին, որոնք շեշտը դնում են հանթսմանի մորմոն լինելու հանգամանքի վրա, ապա ռուս իրավաբանը դա գնահատում է՝ հարված գոտկատեղից ներքև.

–Այդ մարդը քիչ էր մնում ԱՄՆ–ի նախագահը դառնար։ Բարեպաշտ ամերիկացիները, իսկ մենք գիտենք, թե նրանք որքան բծախնդիր են, նրա օգտին էին քվեարկելու։ Իրականում, ի՞նչ կարևոր է ով է իր կրոնական պատկանելությամբ։

Կոչոին նաև ընդգծել է, որ ինքը ոչ մի կուսակցության անդամ չէ, լիովին անկախ մարդ է և այս գործն էլ ուսումնասիրել է հենց այդ տեսանկյունից։

Ասուլիսի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը