Լրահոս

30.11.2012 16:05


«Անպատմելի են այն տանջանքները, որոնք տանում է իմ փոքրիկը»

«Անպատմելի են այն տանջանքները, որոնք տանում է իմ փոքրիկը»

Մեծարգո բարերարներ, խնդրանքս շատ մեծ է, խնդիրս` շատ մեծ` ավելի մեծ: Ապրիլի 18-ին հնգամյա դստրիկիս` Սոնյա Դաշտոնյանին վիրահատեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Ճակատագրի դաժան հարվածն էր, թե բժշկական սխալը, չգիտեմ, թող Աստված դատի, արդյունքում երեխայիս մոտ կլինիկական մահ է եղել, որից հետո արդեն 7 ամիս նրա առողջությունը չի վերականգնվում: Անպատմելի են այն տանջանքները, որոնք տանում է իմ փոքրիկը: Այդքան ցավ, այդքան տառապանք, գիտակցություն չունի, չի շարժվում, լաց է լինում օրը 24 ժամ:

Աստված իմ, մի՞թե դա չափից ավելի շատ չէ իմ փոքրիկի համար: Այս դեպքը իր նախադեպը չունի Հայաստանում, իսկ արտասահմանում վերականգնողական բուժման համար հսկայական գումարներ են պետք: Խնդրում եմ՝ օգնեք իմ բալիկին վերադառնալ կյանք, օգնեք, գոնե չկտրվի այն բարակ թելը, որից կախված է նրա կյանքը:Իմ վերջին հույսը Աստծո լույսն է, որ կարող է մեզ հասնել բարեգութ մարդկանց ձեռքերով: Մեր հաշվեհամարն է 163058808805 (կարելի է կատարել փոխանցումներ միայն ՀՀ դրամով) «Հայէկոնոմ բանկի» Արաբկիրի մասնաճյուղ:

Մի վերջին հույսով և խորը հավատով`Ջուլիա Սարոյան

Էպիկրիզ

Սոնյա Կարենի Դաշտոյանը, 2007թ. ծնված, բնակվող ք.Երևան Աջափնյակ, Արզումանյան 32 բն.23 հասցեով «Սբ. Աստվածամայր» ԲԿ-ի ընդունարան է դիմել 18.04.12թ. ժամը 18:50, հետևյալ գանգատներով` անհանգիստ վիճակ, որովայնի ցավեր, սրտխառնոց` 3-4 անգամ փսխումներ, ախորժակի կտրուկ վատացում: Ընդունարանում երեխան զննվել է վիրաբույժի կողմից: Անամնեստիկ տվյալների հիման վրա և կլինիկական զննման արդյունքում ախտորոշվել է սուր ապենդիցիտ, որոշում է կայացվել կատարել վիրահատություն: Ներերակային ինդուկցիայի ընթացքում տեղի է ունեցել ռեգուրգիտացիա և տրախեոբրոնխիալ ասպիրացիա: Տրախեոբրոնխիալ սանացիայի և օքսիգենացիա ապահովելու նպատակով անմիջապես կատարվել է շնչափողի ինտուբացիա` 5.5 համարի էնդոտրախեալ խողովակով, որի միջոցով երկու անգամ կատարվել է տրախեոբրոխիալ ծառի պարունակության արտածծում: Այնուհետև կատարվել է նաև տրախեոբրոնխոսկոպիա: Այս վիճակը զուգակցվել է դեսատուրացիայով և բրադիկարդիայով: Համապատասխան դեղորայքային և գործիքային միջոցառումներից հետո հաջողվել է վերականգնել և կայունացնել հիվանդի հեմոդինամիկ և օքսիգենացիայի ցուցանիշները: Հաշվի առնելով հիվանդի կայուն վիճակը որոշում է կայացվել կատարել վիրահատությունը կյանքի համար անհետաձգելի ցուցումներով, որը տևել է 25 րոպե: Հետվիրահատական ախտորոշում` սուր ֆլեգմոնազ ապենդիցիտ, ասպիրացիոն համախտանիշ:

Վիրահատությունից հետո հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, էնդոտրախեալ խողովակով արհեստական շնչառության պայմաններում և թիոպենտալային սեդացիայի ներքո: Երեխայի վիճակի ծանրությունը պայմանավորված էր ասպիրացիոն թոքաբորբով, ՇԱ 3աստ.-ի, գլխուղեղի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարումով:

Սկսած 3-րդ օրվանից՝ պարբերաբար սեդատիվ դեղորայքի ներարկումն ընդհատվում էր նյարդային ստատուսը գնահատման նպատակով, այդ ժամանակ դիտվում էր անհանգստություն, ջղաձգություններ, իսկ գիտակցության մակարդակն ըստ Գլազգոյի սանդղակի գնահատվում էր 3 բալ /կոմա 3 աստ./:

Կլինիկական ախտորոշումը` սուր ֆլեգմանոզ ապենդիցիտ: Ասպիրացիոն համախտանիշ, ասպիրացիոն թոքաբորբ, ՇԱ 3աստ., արհեստական շնչառության վիճակ, գլխուղեղի հիպօքսիկ-իշեմիկ աշտահարում: Կոմա 3 աստ.:

Վերակենդանացման բաժանմունքում բուժման ընթացքում երեխան գտնվել է հիվանդանոցի նյարդաբանների հսկողության ներքո: Կոնսիլիումների են հրավիրվել հանրապետության գլխավոր մանկական նյարդաբան Ա. Հ. Հակոբյանը, պրոֆ. Հ. Մ. Մանվելյանը, Մուրացան համալսարանական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հ. Զ. Քալենթերյանը, ռեաբիլիտացիոն կենտրոնի ռեաբիլիտոլոգ Ա. Զառաֆյանը: Հեռախոսով կոնսուլտացիա է կատարվել ՀՀ գլխավոր անեսթիզեոլոգ-ռեանիմատոլոգ Ա. Գնունու հետ: Շարունակական կաըարվել են բազմաթիվ լաբորատոր և գործիքային հետազոտություններ այդ թվում` գլխուղեղի ԿՏ, ԷԷԳ, նեյրոօֆտալմոլոգի զննում: Անց է կացվել հետևյալ բուժումը` անտիբակտերիալ թերապիա, ռեսպիրատոր աջակցություն, 3-4 անգամ կատարվել է սանացիոն բրոնխոսկոպիա, սեդատիվ թերապիա, նոոտրոպներ, սիմպտոմատիկ թերապիա: 04.05.12թ. կատարվել է տրախեոստոմիա: 25.05.12թ. առ այսօր կատարվում է վերականգնողական բուժում:

Ներկա պահին վիճակը դրական դինամիկայով` 25.06.12թ. երեխան հանվել է արհեստական շնչառությունից: 03.07.12թ կատարվել է դեկանյուլացիա, ներկայումս հիվանդը շնչում է ինքնուրույն, թթվածնակախյալ չէ: Մկանային տոնուսը վերջույթներում իջել է, ի հայտ են եկել շարժումներ վերին վերջույթներում, ստորին վերջույթների արտազատիչներում տոնուսն իջել է, առկա է ոտնաթաթերի էկվինո-վարուսային դիրքը, ջլային ռեֆլեքսները բարձր են, գլուխը պահում է, երեխան արձագանքում է ձայնային գրգռիչներին, փորձում է ֆիքսել հայացքը, առկա է հորիզոնական նիստագմը, կլման ակտը պահպանված է, հեմոդինամիկայի ցուցանիշները կայուն են:

Երեխայի ներկա վիճակը նյարդաբանների կողմից գնահատվում է որպես` ԿՆՀ-ի հետ հիպօքսիկ ախտահարում, սպաստիկ տետրապարեզ, ձեռքբերովի ունակությունների կորուստ:

Երեխան դիտվել է հանրապետության գլխավոր մանկական նյարդաբան Ա. Հ. Հակոբյանի, պրոֆ. Հ. Մ. Մանվելյանի, Մուրացան համալսարանական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հ. Զ. Քալենթերյանի կողմից և տրվել է եզրակացություն, որ երեխայի հետագա վերականգնողական բուժումը նպատակահարմար է շարունակել արտասահմանում:

Ներկայումս երեխան ստանում է հետևյալ բուժումը` միդոկալմ 50մգ * 1, բակլոֆեն 10մգ * 4, մեմանտին 10 մգ * 1, լաքսալակ 5 մլ * 3, վերականգնողական բուժում:

Տնօրեն` Ն. Դալլաքյան
Վերակենդանացման բաժ. վարիչ` Ա. Չոբանյան

Այս խորագրի վերջին նյութերը