Լրահոս

03.12.2012 16:40


ԱԻՆ-ում աշխատատեղեր հաշմանդամների համար

ԱԻՆ-ում աշխատատեղեր հաշմանդամների համար

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի, արձագանքման գործողությունների  մասին` նշելով, որ  շաբաթվա ընթացքում արձագանքել են 83 ահազանգի:

ՓԾ տնօրենը նախարարին տեղեկացրեց նաև, որ  նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ կողմից Երևանում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով ուսումնավարժություն, որին ընդգրկված էին ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ ԱԻ նախարարության, Շիրակի մարզպետարանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ օպերատիվ խմբերը, Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը, ԱԻՆ ՓԾ Երևանի և Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունները և Երևանի հերթապահ ծառայությունները:

ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԻՆ նիստերի դահլիճում կանցկացվի, «Յունիսեֆ»-ի հետ համատեղ կազմակերպած,   «Երեխաների երկրաշարժից պաշտպանության կազմակերպումը դպրոցներում» թեմայով սեմինար-քննարկում, որին կմասնակցեն  ներկայացուցիչներ ոչ միայն ԱԻՆ-ից,  կլինեն նաև մի շարք դպրոցների տնօրեններ: Իսկ դեկտեմբերի 17-ին Երևանում և 18-ին Գյումրիում, դպրոցների մեծ մասում, տեղի կունենա միաժամանակյա տարհանում: 

ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին Երևանում, ԵԱՀԿ-ի աջակցությամբ, կկազմակերպվի խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանում անտառային հրդեհների ռիսկերի կառավարման գործող օրենսդրական, կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները: Միջոցառումը կկազմակերպվի Համաշխարհային հրդեհների վերահսկման կենտրոնի հետ համագործակցությամբ` «Շրջակա միջավայրը և անվտանգությունը»  նախաձեռնության շրջանակներում:

Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքով ապահովելու խնդիրների մասին` նախարար Արմեն Երիցյանը մասնավորապես ասաց.

- Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Մենք աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմում արդեն  ստեղծել ենք «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեղմ ժամկետներում և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի կազմակերպած բազմաթիվ քննարկումների արդյունքում հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։ Մենք ստեղծել ենք 30 աշխատատեղ, և հաշմանդամների համար ձևավորում ենք բոլոր այն պայմանները, որոնք նրանց հնարավորություն կընձեռեն դառնալ կոլեկտիվի լիարժեք անդամ: Առաջին փուլում մենք աշխատանքի կընդունենք ամենախոցելիներին՝ մարդկանց, ովքեր տեղաշարժվում են միայն սայլակներով, որից հետո միայն կարող ենք քննարկել մյուս տարբերակները: Դեկտեմբերի 6-ին թեմատիկ խմբի քննարկմանը ես էլ կմասնակցեմ, հրավիրեք նաև մրցույթին դիմած սայլակավոր հաշմանդամներին:

Խոսելով  անցկացված և անցկացվելիք շաբաթօրյակների և դրանց անհրաժեշտության մասին, նախարարը նշեց, որ շաբաթօրյակների շնորհիվ ոչ միայն բարեկարգվում է շրջակա միջավայրը, այլև մեկ նպատակի շուրջ համախմբվում է ամբողջ կոլեկտիվը:

Այս խորագրի վերջին նյութերը