Լրահոս

04.12.2012 17:07


Շարունակում են պահանջել

Շարունակում են պահանջել

 ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչները Պաղջուր (Խաչաղբյուր) գետի վրա արդեն իսկ կառուցված «Խաչաղբյուր-1» և կառուցվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երի շուրջն առաջացած խնդիրների վերաբերյալ 2012թ. նոյեմբերի 22-ին գրավոր դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշյալ դիմումի տակ ստորագրել են համայնքի թվով 1077 բնակիչներ, ովքեր կտրականապես դեմ են արտահայտվել նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը, իսկ արդեն իսկ գործող «Խաչաղբյուր- 1»-ի վերաբերյալ՝ հետագա շահագործմանը:

           ՀՀ Նախագահի աշխատակազմը, փոխանակ քննարկման առարկա դարձնելու համայնքի բնակիչների դիմում-բողոքը, ուղղակիորեն այդ դիմումը վերահասցեագրել է ՀՀ բնապահպանության նախարարությանը, որտեղից էլ պետք է ստացվի պատասխան: Այս աշխատելաոճը խոսում է այն մասին, որ ՀՀ նախագահի աշխատակազմը նույնպես անտարբեր է մեր հանրապետության շրջակա միջավայրի և/կամ համայնքներում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ: Այնպիսի տպավորություն է, որ Գետահովիտ համայնքի բնակիչները ՀՀ բնապահպանության նախարարության գտնվելու վայրը չգիտեին: Նրանք չեն դիմել ՀՀ բնապահպանության նախարարին, քանի որ վստահ ու համոզված են, որ գործող նախարարն ի զորու չէ որևէ բան փոխել կամ բարեփոխել ՀՀ բնապահպանության ոլորտում, նրա կողմից ղեկավարվող այդ նախարարությունն իրեն վաղուց սպառել է և ժամանակն է, որպեսզի այն լուծարվի, եթե այդ նախարարին որևէ ձևով պաշտոնանկ անելու համարձակություն չկա:

           ՀՀ բնապահպանության նախարարությունը որպես կանոն ժամանակին չի արձագանքում ցանկացած դիմումի, ցուցաբերում է բացահայտ անգործություն և անտարբերություն այն ոլորտի հարցերի նկատմամբ, որոնց համար ինքը կոչված է զբաղվելու, կարգավորելու և կանխարգելելու, մշտադիտարկում կատարելու և այլն: Այսպիսով, նրա գործելակերպն առաջին անգամ չէ, որ ապացուցում է ոլորտին առնչվող հարցերի լուծման նկատմամբ իր շահագրգռվածության բացակայությունը:

          Ինչպես հայտնի է, մինչև ՀՀ նախագահին դիմում ներկայացնելը Գետահովիտ համայնքի բնակիչների և մեր նախաձեռնության կողմից ներկայացված հիմնավորումների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարը ս. թ. հոկտեմբերի 26-ի. հ. 277-Ա հրամանով ուժը կորցրած է ճանաչել (չեղյալ էր համարել) «Մեգաէներջի» ՍՊԸ-ը տրված «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 23.08.2012թ. հ. ԲՓ 70 դրական եզրակացությունը:

          Սակայն դրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է հայտարարություն, ըստ որի ս. թ. նոյեմբերի 21-ին «Մեգաէներջի» ՍՊԸ-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-նն է ներկայացրել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակը, իսկ ս. թ. դեկտեմբերի 6-ին Գետահովիտ համայնքում պետք է անցկացվեն հանրային լսումներ:

          Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ «Մեգաէներջի» ՍՊԸ-ն` «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակը կրկին կազմել է աշխատանքային առաջին նախագծի հեղինակ` «ԷՌԱ» ՍՊԸ-ն, որը ակնհայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տվյալներ ու տեղեկություններ էր ներկայացրել առաջին աշխատանքային նախագծում և ապակողմնորոշել բոլոր շահագրգիռ կողմերին:

         Փաստորեն առանց համապատասխան գնահատական տալու նախորդ աշխատանքային նախագիծը կազմող ընկերության և/կամ նրա փորձագետի կողմից թույլ տրված խախտումներին, այդ նախագծին դրական բնապահպանական փորձագիտական եզրակացություն տված նախարարության աշխատակիցների և անկախ փորձագետի գործողություններին` ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է կայացրել ացկացնել նոր հանրային լսումներ: Այն էլ այն դեպքում, երբ հասարակական ճնշման տակ տվյալ ՓՀԷԿ-ի կառուցման հետ կապված տարաձայնություններն ուսումնասիրելու և ծագած խնդիրներին լուծումներ առաջարկելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի 16.10.2012թ. հ. 254-Ա հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ (որի կազմում ընդգրկված են նաև մեր նախաձեռնության երկու անդամներ և երկու` Գետահովիտ համայնքի բնակիչներ), որը 16.10.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարին ներկայացրել էր թվով 5 առաջարկություններ, որից միայն մեկն է մինչև օրս ի կատար ածվել, այսինքն ընդամենը չեղյալ է ճանաչվել Մեգաէներջի» ՍՊԸ-ը տրված «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 23.08.2012թ. հ. ԲՓ 70 դրական եզրակացությունը, իսկ մյուս առաջարկների վերաբերյալ մինչև օրս որևէ պատասխան չի տրվել:

          Առ այսօր անպատասխան են մնացել նաև մեր նախաձեռնության կողմից ՀՀ բնապահպանության նախարարին հասցեագրված 2 դիմումները, որոնց պատասխանելու օրենքով սահմանված ժամկետներն արդեն անցել են:

           Մեր նախաձեռնության պահանջը մնում է նույնը` չեղյալ ճանաչել կամ հետաձգել ս. թ. դեկտեմբերի 6-ին Գետահովիտ համայնքում «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակի շուրջ հանրային  լսումներ անցկացնելու մասին հայտարարությունը, մինչև որ ստացվեն վերը նշված առաջարկությունների վերաբերյալ լիարժեք պատասխաններ և տրվեն իրավական գնահատականներ ու լուծումներ:

          ՀՀ բնապահպանության նախարարությունից ակնկալում ենք գործուն միջամտություն և ռեալ քայլեր, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրը պահպանելուն և փրկելուն, այլ ոչ թե բիզնես միջավայրի զարգացում` հանրության առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի հաշվին:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը