Քաղաքական

10.12.2012 15:20


Հրանտ Մարգարյան. «Միամիտ չեմ, որ կարծեմ, թե նախագահը կարող է համաձայնել, որ այլևս նախագահ չլինի»

Հրանտ Մարգարյան. «Միամիտ չեմ, որ կարծեմ, թե նախագահը կարող է համաձայնել, որ այլևս նախագահ չլինի»

«Yerkir.am»-ը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից մեկնաբանություններ է խնդրել շաբաթ օրը ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հանդիպումից հետո որոշ կայքերում քննադատական հոդվածների կապակցությամբ, որոնցում ՀՅԴ-ին մեղադրում են նախագահական ընտրությունների միասնական օրակարգից շեղվելու եւ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու համար:

«Մարդիկ կան, որ շատ անհամբեր են, վեր ցատկող, վեր թռչող եւ փորձում են ժամանակից շուտ վերլուծություններ անել, ինչը կարծում եմ, որ անշնորհակալ գործ է` հետո կփոշմանեն, թե ինչու նման բան արեցին: Մենք չենք բանակցել նախագահի հետ, մենք խորհրդակցել ենք նախագահի հետ: Մենք չենք բանակցել նաեւ մյուս կուսակցությունների հետ, մենք խորհրդակցել ենք: Մենք բոլոր քաղաքական ուժերի հետ երբ հանդիպել ենք, նկատի չենք ունեցել, որ նրանք խորհրդարանական ընտրություններից դեռ երեք-չորս ամիս առաջ ինչ պլատֆորմով են ասպարեզ եկել, նկատի չենք ունեցել իրենց կենսագրությունը, իրենց նախկին դիրքորոշումները: Մենք փորձել ենք նոր օրակարգի շուրջ ստեղծել համախոհություն»,-հայտարարել է Հրանտ Մարգարյանը:

Նա հիշեցրել է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ հարաբերության մասին առաջին օրվանից է խոսել, առաջին օրվանից ասել են, որ բոլորի հետ են խորհրդակցելու` անկախ որեւէ նախապաշարմունքից: 

«ՀԱԿ-ի հետ էլ ենք խորհրդակցել: ՀՀԿ-ի հետ էլ ենք պատրաստ եղել խորհրդակցել: Մենք չենք փորձել թշնամու հարաբերություն ճշտել: Եթե մենք միասնականության, գաղափարականության, ծրագրի մասին ենք խոսում, իրավունք չունենք հարցն իջեցնել այն մակարդակի, որ այս մարդու հետ խոսելը մերժելի է, այն մեկի հետ` ընդունելի: Մենք խոսում ենք մեր հարցերի մասին մեր թշնամիների հետ, բոլորի հետ էլ խոսում ենք, ինչո՞ւ մեկս մյուսիս հետ չպետք է կարողանանք խոսել, խոսելու մեջ վտանգ չկա: Իսկ եթե այդ ուժերն ունեն պատճառ` ՀՅԴ-ին չհավատալու, դա իրենց գործն է: Բայց ես կարծում եմ, որ իրենք մեզ հավատալու շատ պատճառ ունեն, իրենց հավատալու` քիչ պատճառ»,-ընդգծել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Ըստ Հրանտ Մարգարյանի` եթե այդ սկզբունքով առաջանորդվենք, ապա ի սկզբանե եղել են ուժեր, ովքեր դեմ են եղել առնվազն խորհրդարանական կառավարման համակարգին, բայց հանդիպում, միեւնույն է, եղել է: 

«Մենք չենք խուսափում շարունակել զրույցը, որովհետեւ հավատում ենք, որ խոսակցությունը, շփումը կարող է հանգեցնել համընդհանուր կոնսենսուսի: Միամիտ չեմ, որ կարծեմ, թե նախագահը կարող է համաձայնել, որ այլեւս նախագահ չլինի, ես չեմ հավատում, բայց դա պատճառ չէ, որ մենք այդ հարաբերությունը չունենանք: Նախագահի հետ հանդիպումն իմաստ ուներ, որովհետեւ մեր հիմնավորումները, տեսակետները կարող են ազդել նրա մտածողության վրա: Մեր ծրագրի տրամաբանությունը հասկանալու անհրաժեշտությունը նույնքան կարեւոր է»,- հայտարարել է նա:

Հրանտ Մարգարյանն ընդգծել է, որ եթե ՀՀԿ-ն ընդունի ՀՅԴ-ի յոթ կետերը, շնորհակալ կլինեն, չի ընդունի` գոնե չեն ունենա այն մտահոգությունը, թե ինչու չբացատրեցին: 

«Լուրջ մարդիկ, լուրջ քաղաքական ուժերը մեզ հասկանում են: Խնդիրն այն է, որ որոշ անձինք, որոնք կարծում են, թե քաղաքականությունը ծայրահեղություն է, եւ որքան ծայրահեղ լինեն, այնքան տպավորիչ կլինեն, սխալ դատողություն են անում»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Նա վստահեցրել է, որ ՀՅԴ յոթ կետերը ո՛չ որեւէ մեկի դեմ են ուղղված, ո՛չ էլ հանուն մեկի են, հանուն ծրագրի է: ՀՅԴ-ի նպատակն է, որ նախագահական ընտրությունները ոչ թե անձերի, այլ ծրագրերի պայքարի վերածվի: 

«Մինչեւ այսօր հաջողած ենք, ոչ այն առումով, որ կարողացել ենք ստեղծել համընդհանուր համախոհություն, բայց կարողացել ենք ստեղծել համընդհանուր խոսակցություն: Մենք ուզում ենք ասել, որ ելք կա, ճանապարհ կա»,- նշել է Հրանտ Մարգարյանը եւ հավելել, որ եթե անգամ չկարողանան ստեղծել համընդհանուր համախոհություն, ինքնին գործընթացն արդյունավետ էր:

Նախագահի հետ հաջորդ հանդիպման իմաստը, Հրանտ Մարգարյանի կարծիքով, ճիգ է, որ կարողանան բացատրել, հասկացնել, համոզել, որ ՀՅԴ-ն ճիշտ է:

Հրանտ Մարգարյանը տեղեկացրել է, որ նախագահի հետ կայացած հանդիպումը ՀՅԴ հերթական հանդիպումների շարքից էր: Նա ընդգծեց, որ թեեւ մինչեւ հիմա որեւէ քաղաքական ուժի հետ հանդիպման արդյունքները չեն հրապարակել, բայց ՀՀԿ  եւ ՀՀ նախագահի հետ հանդիպման որոշ մանրամասներ կասի:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը եւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կետին: Նախագահը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների մասով իր քայլը ճիշտ է եղել, իսկ ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին, նա հայտարարել է, որ խնդիրը կառավարման համակարգը փոխելու մեջ չէ:

Այս խորագրի վերջին նյութերը