Լրահոս

10.12.2012 17:16


Երթի մասնակիցները նամակ են հանձնել Երեւանում ԵԽ գրասենյակին

Երթի մասնակիցները նամակ են հանձնել Երեւանում ԵԽ գրասենյակին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարդու իրավունքների օրվան նվիրված՝ Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները այսօր նամակ են հանձնել Երեւանում ԵԽ գրասենյակին:

Ստորեւ ներկայացնում ենք երթի մասնակիցների անունից հանձնված նամակի բովանդակությունն ամբողջությամբ:

«2008 թվականից սկսած ամեն տարի մարդու իրավունքների պաշտպանության օրը, դեկտեմբերի 10-ին, մենք անցկացնում ենք այս Իրավունքի Երթը: Ազատության եւ սահամանադրական իրավունքների վերականգնաման մեր Համաժողովրդական Շարժման  համար այս երթերը դարձել են յուրահատուկ հաշվետվության ձեւ, ինչպես նաեւ պայքարը շարունակելու վճռականության արտահայտում: Այս օրը մենք մեր ժողովրդին եւ միջազգային հանրությանը հայտնում ենք ժողովրդավարական ու քաղաքացիական ազատությունների եւ մարդու իրավունքների ներկա վիճակի եւ մեր հետագա անելիքների մասին այդ ասպարեզում: Ըստ այդմ, մենք արձանագրում ենք Հայաստանի ժողովրդավարացման հետեւյալ ամենցավոտ խնդիրները.

  1. Հայաստանի իշխող ռեժիմը արդեն մեկ տարի եւ չորս ամիս անազատության մեջ է պահում Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Ինչպես հյատնի է, 2011 թվականին ժողովրդի ճնշման ներքո Հայաստանի իշխանությունները ազատեցին բոլոր քաղբանտարկյալներին եւ սկսեցին Հայ Ազգային Կոնգրեսի հետ բանակցություններ երկրում ազատ եւ արդար ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորման օրակարգով: Բանակցությունները վիժեցնելու նպատակով  2011 թվականի օգոստոսի 9-ին ոստիկանության ուժերով կազմակերպեցին սադրանք Կոնգրեսի երիտասարդների դեմ: Արդյունքում, Տիգրան Առաքելյանը դատապարտված է 6 տարվա բանտարկության, իսկ եւս երեք երիտասարդ` Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը նույնպես կազատազրկվեն եթե Սերժ Սարգսյանը հրամայի իր կամակատար Վճռաբեկ դատարանին ուժի մեջ թողնել առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանների, իսկ իրականում Սերժ Սարգսյանի ապօրինի դատավճիռները համպատասխանաբար 3, 2 եւ 2 տարի ժամկետով ազատազրկման մասին: Այսօրվա երթի մասնակիցների անունից պահանջում ենք ազատություն` իրենց երազած Հայաստանի համար պայքարող մեր երիտասարդների համար:
  2. Հայաստանի իշխանություննրը, ստեղծելով ընտրակաշառքի բաժանման, ընտրողների ահաբեկման եւ բազմակի քվեարկության լայնածավալ խախտումների պետականորեն կազմակեպված մեքենա, շարունակում են մերժել հայ ժողովրդի սեփական իշխանություն ընտրելու իրավունքը: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքով ձեւավորված խորհրդարանի կազմը չի արտահայտում ժողովրդի իրական կամքը, եւ իշխանությունները շարունակում են պատրաստվել նույնքան լայնածավալ ընտրակեղծիքների առաջիկա նախագահական ընտրություններում:
  3. Հեռուստատեսությունը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի ռեժիմի վերահսկողության ներքո, ոտնահարելով ազատ խոսքի եւ ազատորեն տեղեկություններ ստանալու  հայ ժողովրդի հիմնարար իրավունքը:
  4. 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները արյան մեջ ճնշեցին ընտրակեղծիքների դեմ ժողովրդի ցասումը, կոպտորեն խախտեցին մարդու կյանքի իրավունքը, եւ առ այսօր նախադեպը չունեցող այդ հանցագործությունը բացահայտված չէ, ոչ ոք չի պատժվել սպանությունների կազմակերպման եւ իրագործման համար:

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ժողովրդին շարունակել անկոտրում պայքարը իր հիմնարար իրավունքների համար: Արտագաղթը ճիշտ պատասխան չէ բռնաճնշումներին եւ ապօրինություններին: Ժողովուրդը պետք է մեր երկրում իր ձեռքը վերցնի սեփական բախտի տնօրինումը եւ քշի բռնապետներին:

Մենք հորդորում ենք ռեժիմի վերահսկողության տակ չգտնվող քաղաքական ուժերին գալիք նախագահական ընտրություններում  համախմբվել հանուն մեր ժողովրդի ազատության եւ բարեկեցության:

Եւ, վերջապես, մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես, Եվրոպայի Խորհրդին, նրա Խորհրդարանական Վեհաժողովին եւ Մարդու Իրավունքների Հանձնակատարին աչք չփակել Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների կոպտագույն ոտնահարման վրա, համերաշխ լինել ազատության համար պայքարող հայ ժողովրդի հետ եւ համարժեք միջոցներ կիրառել, որպեսզի Հայաստանի իշխանությունները կատարեն իրենց միջազգային պարտավորությունները  մարդու իրավունքների բնագավառում:

Հանուն մարդու իրավունքների, հանուն ազատության եւ ժողովրդավարության

Իրավունքի Երթի մասնակիցներ»:

Այս խորագրի վերջին նյութերը