Լրահոս

11.12.2012 12:54


Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի Ռոբերտ Ֆալկի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի Ռոբերտ Ֆալկի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 14-ից (բացումը ժ. 15։00)–ին,  գործում է Ռոբերտ Ֆալկի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նկարչի ծննդյան 125-ամյակը նշվել է 2011թ.: Առաջին անգամ համատեղ ներկայացվում են Ռ. Ֆալկի աշխատանքները ՀԱՊ-ի և Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուներից: Ցուցադրվում են բազում կատալոգներում և հետազոտություններում լուսաբանված նկարչի առաջնակարգ ստեղծագործությունները, որոնք լավագույնս բացահայտում են վարպետի արվեստի էվոլյուցիան:

Ցուցադրությունը լուսաբանում է Ռոբերտ Ֆալկի ստեղծագործական ուղին` սկսած «Բուբնովի վալետ»-ի վաղ (1910-ական թթ.) և փարիզյան (1928-193 թթ.) շրջաններից մինչև 1940-50-ական թվականները` վարպետի հասուն շրջանը: Ցուցադրության մեծ մասն են կազմում Ֆալկի գեղանկար հորինվածքները, այդ թվում` «Դաշնամուրի մոտ», 1917թ., «Սևամորթը. Կրկեսի դերասանը», 1917թ., նկարչի կնոջ` Ա. Վ. Շչեկին-Կրոտովայի «Սև գլխաշորով», 1948թ., և «Վարդագույն գլխաշորով», 1958թ., հայտնի դիմապատկերները, բնանկարներ և նատյուրմորտներ: Ցուցադրվում են նաև մատիտանկարներ և ջրանկարներ, ինչպես նաև Կ. Գոլդոնիի «Ստախոսը» պիեսի ձևավորման էսքիզը (1940): Ազգային պատկերասրահի հավաքածուում գտնվող աշխատանքների մեծ մասը ձեռք է բերվել 1965 թվականին ՀԱՊ-ում կազմակերպված Ռ. Ֆալկի առաջին անհատական ցուցահանդեսից: Դրանք ներառում են նաև նկարչի այրու` Ա. Վ. Շչեկին-Կրոտովայի թանգարանին նվիրաբերած ստեղծագործությունները:

Այս խորագրի վերջին նյութերը