Մեկնաբանություն

12.12.2012 10:12


Ինչի մասին է լռում ՀՅԴ մամլո դիվանը

Ինչի մասին է լռում ՀՅԴ մամլո դիվանը

Ինչպես հայտնի է, օրերս հանդիպում էր տեղի ունեցել Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի ու Արմեն Ռուստամյանի միջև։ ՀՅԴ մամլո դիվանը շտապել էր տարածել այդ հանդիպման մասին հաղորդագրությունը՝ տեղեկացնելով, որ քննարկման առարկա է եղել ՀՅԴ պլատֆորմը։

Հետաքրքրական է, որ հաղորդագրության մեջ չկար տեղեկություն այն մասին, որ հանդիպումն անցել է անհամաձանության մթնոլորտում (ինչի մասին հետագայում բարձրաձայնեց Հ. Մարգարյանը)։ Ընդահակառակը՝ տպավորությունն այնպիսին էր, որ կարևոր հարցերում կողմերն իրար շատ լավ հասկացել են և այդ իսկ պատճառով որոշել են շարունակական դարձնել հանդիպումը։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը պնդում է, թե իրենք բազմիցս հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ ու դեռ էլի են հանդիպելու։ Նա զարմանում ու մի քիչ էլ զայրանում է, թե ինչու է հարցականներ առաջացրել հենց ա՛յս հանդիպումը։

«Մենք բան չենք թաքցրել ու հանրությանը տեղեկացրել ենք նախագահի հետ հանդիպման մասին, լավ չէ՞»,– նշում են ՀՅԴ–ից։

Հարցն էլ հենց այն է, որ ՀՅԴ–ի նախկին հանդիպումները Սարգսյանի հետ եղել են փակ ու հանրությունը միայն «հավաստի աղբյուրներից» է տեղեկացել այդ մասին կամ էլ ընդհանրապես չի տեղեկացել, իսկ ահա այս մեկին տրվեց հրապարակային բնույթ։ Կողմերը որոշեցին կրկին հանդիպել, և դա այն դեպքում, երբ ՀՅԴ պլատֆորմի մաս կազմող սկզբունքային կետերում արձանագրվել է խորը հակասություն։

Հարց է առաջանում, թե ինչու՞ Սերժ Սարգսյանի հետ հենց ա՛յս հանդիպումից հետո ՀՅԴ–ում հիշեցին հրապարակային ու թափանցիկ գործելու մասին և հրապարակայնացրեցին տեղի ունեցածը։ Մեկ այլ հարց էլ է առաջանում. իսկ ի՞նչ թեմաներից է խոսվել նախորդ հանդիպումների ժամանակ։ Ինչևէ։

Անհամաձայնությամբ դեպի համաձայնեցում կամ ինչու՞ լռեց ՀՅԴ մամլո դիվանը

Քաղաքականության հանրահայտ կանոնների համաձայն՝ նույնիսկ իրար հետ հակամարտող և հակառակ ճամբարներում գտնվող ուժերը կարող են փակ հանդիպումներ ունենալ և ինչ–ինչ հարցեր քննարկել, սակայն երբ այդ հանդիպմանը տրվում է հրապարակային բնույթ, դա նշանակում է, որ կողմերը որոշակի համաձայնություն են ձեռքբերել։

Օրինակ՝ երբ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրեց Երևան, արդեն իսկ ակնհայտ էր, որ հրավերքի հրապարակայնացումից առաջ որոշակի համաձայնությունների նա նախապես եկել էր թուրքական կողմի հետ։ Ինչպես հետագայում պարզվեց՝ այդ համաձայնությունները վերաբերում էին հայ–թուրքական զույգ արձանագրություններին։

Նախագահի հետ հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանի պարզաբանում–հարցազրույցը ցույց տվեց, որ ծրագրային հարցերի առումով ոչ միայն համաձայնություն չի կայացվել, այլ ևս մեկ անգամ հաստատվել է, որ իշխանությունը դեմ է խորհրդարանական կառավարմանը և ճիշտ է համարում «ֆուտբոլային» դիվանագիտությունը։

Սարգսյանի տեսակետները ՀՅԴ–ին ու հայ ժողովրդին հայտնի էին այդ հանդիպումից առաջ և հաստատվել են նաև հանդիպման ժամանակ։ Եթե այդքանից հետո հրապարակայնացվում  է հանդիպումը և հայտարարվում, որ այն շարունակական բնույթ է կրելու, ապա դա թույլ է տալիս ենթադրելու, որ հանրության համար առայժմ ոչ տեսանելի համաձայնություն, այդուհանդերձ, ձեռք է բերվել Սարգսյանի ու ՀՅԴ–ի միջև։ Թե ինչ համաձայնություն՝ կներկայացնենք ստորև։

Առնվազն միամտություն է չհասկանալը, որ հակաիշխանական դաշտի հնարավոր կոնսոլիդացիայի ֆոնին Սերժ Սարգսյանին պետք էր ՀՅԴ–ի հետ բուն հանդիպման հրապարակայնացումը, և նա ստացավ իր ուզածը։ Թե ինչ ստացավ ՀՅԴ–ն ու ընդդիմադիր դաշտն այդ հանդիպումից, տեսանելի չէ, համենայնդեպս՝ տեսանելի չէ բարոյական քաղաքականության դաշտում, թե չէ մյուս դաշտում ամեն ինչ շատ հասկանալի է ու տեսանելի։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, մեր ունեցած խիստ հավաստի տեղեկություններով, հանդիպել էր Գագիկ Ծառուկյանի հետ ու քննարկել գալիք նախագահական ընտրությունների թեման։

Ուշագրավը, սակայն, Ծառուկյան–Մարգարյան հանդիպման փաստը չէ, այլ այն, որ այդ հանդիպման ընթացքում ԲՀԿ առաջնորդն ասել է, որ ընդունելի է համարում ՀՅԴ պլատֆոմի 7 կետերը որպես իշխանափոխությունից հետո իրականացվելիք լայնամասշտաբ փոփոխությունների մաս, հայտնել է նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտի համախմբմանը նպաստելու իր պատրաստակամությունը, խոստացել է ընտրարշավի ռեսուրսային ապահովման մասն ամբողջությամբ իր վրա վերցնել և դետալային մակարդակի առաջարկներ է արել Մարգարյանին, սակայն կոնկրետ պատասխան չի ստացել, իսկ ՀՅԴ մամլո դիվանն իր հերթին լռել է Ծառուկայն–Մարգարյան հանդիպման մասին։

Դատելով ամենից՝ Հրանտ Մարգարյանը Գագիկ Ծառուկյանին պատասխանեց Սերժ Սարգսյանի հետ հրապարակավ հանդիպելով, մինչդեռ թվում է, թե հակառակը պետք է լիներ. ՀՅԴ–ից պետք է հրապարակայնացնեին ԲՀԿ և ՀՅԴ ղեկավարների հանդիպումը, քանզի այն նպաստող է եղել ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիա ապահովելու գործին, ինչին, գոնե հայտարարությունների մակարդակով, ձգտում է ՀՅԴ–ն։ 

Փաստորեն, Ծառուկյանն ընդունում է ՀՅԴ առաջարկները, իսկ Սարգսյանը՝ ոչ, բայց ՀՅԴ–ն կարևորում ու գովազդում է Սարգսյանի՛ հետ հանդիպումը։ Այսինքն ՝ ՀՅԴ–ն PR է անում ոչ թե կոնյակի գործարանում, այլ Բաղրամյան 26–ում տեղի ունեցած քննարկումը։ Դա միայն մեկ բան կարող է նշանակել. ՀՅԴ–ն իր ընտրությունը կատարել է։

Ի դեպ, նույն շաբաթ օրը ՀՅԴ–ի հետ հանդիպումից հետո Ծառուկյանի հետ «ռազբորկայի» պատրաստվող Սերժ Սարգսյանին պետք էր նախապես մեսիջ ուղարկել ԲՀԿ–ին ու հանրությանը, որ ՀՅԴ–ն մաս չի կազմելու այն ձևաչափին, որտեղ կա ԲՀԿ–ն։ Ահա ա՛յդ հարցին է համաձայնություն տվել ՀՅԴ–ն Սարգսյան–Ծառուկյան փակ հանդիպումից առաջ։ Մնացածը հռետորաբանություն է և քարոզչություն։ Ու արդեն կապ չունի՝ թե ՀՅԴ–ն կբոյկոտի՞ ընտրությունները, կսատարի Սերժ Սարգսյանի՞ն, հանդես կգա սեփակա՞ն թեկնածուով, թե՞ կպաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ներկայիս իրողությունները հաշվի առնելով՝ ՀՅԴ–ն ինչ տարբերակ էլ ընտրի, ինչ ձևով էլ փաթեթավորի իր որոշումը ու ինչպես էլ այն հրամցնի հանրությանը, միևնույն է դրանից որևէ վտանգ չկա իշխանությանը, քանզի բացի ԲՀԿ–ի հետ համախմբվելուց՝ ՀՅԴ–ի ընտրած ցանկացած տարբերակ չի բերի իշխանափոխության։ Ազնիվն, իհարկե, այն կլինի, որ ՀՅԴ–ն սատարի Սերժ Սարգսյանին, քանզի վերջինիս ոչ հրապարակային ու անուղղակի ձևով արդեն իսկ պաշտպանել է։

Ահա ա՛յս մասին է, որ լռում է ՀՅԴ մամլո դիվանը։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՀՅԴ–ն ընտրել է հրապարակային ու թափանցիկ գործելու սկզբունքը և մամլո դիվանի միջոցով ավետել նախագահական նստավայրում տեղի ունեցած երկխոսության մասին, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո՝ ընտրել է ճիշտ հակառակ սկզբունքը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հրանտ Մարգարյանն անկեղծ է, երբ հայտարարում է, որ նախագահը ՀՅԴ–ի մոտեցումները հայ–թուրքականի մասով չի ընդունում, սակայն իրենք կրկին ուզում են հանդիպել ու ճիգ գործադրել, որպեսզի հակառակում համոզեն Սարգսյանին։ Բանն այն է, որ Դաշնակցությունն իշխանության մաս կազմելու միայն մեկ լեգիտիմ տարբերակ ունի՝ եթե Սարգսյանը հետ վերցնի ստորագրություններն արձանագրություններից։ Միայն այդ «ատմազկայով» կարող է ՀՅԴ–ն հիմնավորել, թե ինչու է կրկին միանում Սարգսյանին։ Այդ նրբությունն է, որ Մարգարյանն ուզում է հետագա հանդիպումների ժամանակ բացատրել Սարգսյանին, սակայն դատելով ամենից՝ վերջինս անդրդվելի կմնա, քանզի եթե հաջողվի Գագիկ Ծառուկյանի չմասնակցությունն ապահովել, ապա ինչու պետք է Սարգսյանը պորտֆելներ խոստանա ՀՅԴ–ին։

Այս խորագրի վերջին նյութերը