Մեկնաբանություն

12.12.2012 16:29


ԲՀԿ. նահանջ երգով

ԲՀԿ. նահանջ երգով

Եվ այսպես, Գագիկ Ծառուկյանը որոշեց չառաջադրվել։ Իսկ դա նշանակում է, որ գալիք նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրությունը զրկվում է դիմադրության ռեսուրսի մի մեծ մասից, ինչը չի կարող մտահոգիչ չլինել։ Ու անհասկանալի է այն հորթային հրճվանքը, որը նկատվում է իրենց ընդդիմադիր համարող մարդկանց շրջանում։

Դատելով ամենից՝ Ծառուկյանին այդ որոշումը հեշտ չի տրվել։ Մի կողմից կար ԲՀԿ–ին որպես այլընտրանք տեսնող և փոփոխություններ պահանջող ՀՀ քաղաքացիների ճնշումը, իսկ մյուս կողմից՝ ֆորմալ առումով ընդդիմադիր դաշտը ներկայացնող քաղաքական ուժերից շատերի անմիաբանությունը, ինչը հնարավորություն չէր տա առանց մեծ ցնցումների և արյունահեղության իշխանափոխություն իրականացնել։

Պետք է արձանագրել, որ հասարակական ու քաղաքական լայն կոսնոլիդացիա, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ապահովել չհաջողվեց։

Ծառուկյանը դեռևս մեկ տարի առաջ էր հայտարարել, որ ինքը միայն լայն կոնսոլիդացիայի պայմաններում է հնարավոր համարում անցնցում փոփոխությունները։ Նա իր կողմից ամեն ինչ արեց այդ կոնսոլիդացիան ապահովելու և իշխանությունից տարանջատվելու համար. ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով չմասնակցեց ԱԺ ընտրություններին ու մայիսի 6–ից հետո դուրս եկավ իշխող կոալիցիայից՝ պատռելով 2011թ. կոալիցիան հուշագիրը։ Սակայն քաղաքական մյուս ուժերը, բացի ՀԱԿ–ից (այն էլ՝ ոչ ամբողջությամբ), կոնկրետ քայլեր չարեցին կոնսենսուսի հասնելու համար։

Վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ իրենց ընդդիմադիր ներկայացնող որոշ ուժեր իշխանությունների հետ սեպարատ պայմանավորվածությունը գերադասում են «Կոնսենսուս մինուս մեկ»–ից, այսինքն՝ առաջնորդվում են ««Նաղդ» գործարքը «նիսյա» պայքարից լավ է» սկզբունքով։ Այդ պայմաններում ԲՀԿ առաջնորդին այլ բան չէր մնում, քան երգով նահանջելը (մարդուն չի կարելի մեղադրել արյունահեղության գնով իշխանափոխության գնալու պատրաստակամություն չցուցաբերելու համար)։ Դա, իհարկե, թույլ քայլ էր, բայց քաղաքական ակտիվ պայքարից դուրս գալու այլ տարբերակ Ծառուկյանը չգտավ. մյուս տարբերակը արյունահեղության գնալն էր, ինչը նա պարզապես չուզեց, քանզի չուզեց ամեն գնով իշխանության գալ։ Արդյունքում՝ ԲՀԿ–ն որոշում կայացրեց չառաջադրվել ու չպաշտպանել որևէ այլ թեկնածուի։

Թե ինչ է այս ամենը նշանակում Հայաստանի համար, լրացուցիչ բացատրության կարիք չունի։ Համատարած գործամոլությունը և քաղաքական դաշտի կոմերցիալացումը դեռ ոչ մի երկրի զարգացման չի բերել։ Առավելևս, զարգացման չի բերել մենաշնորհային քաղաքական համակարգը, այն էլ՝ առանց նավթի ու գազի։

7or.am

Հ.Գ.։ Ոմանք պնդում էին, թե Ծառուկյանը խանգարիչ գործոն է քաղաքական դաշտում և եթե նա առաջադրվի, ապա դրանով իսկ կխանգարի ընդդիմադիրներին։ Հիմա, երբ նա չի առաջադրվել՝ իրենց ընդդիմադիր ներկայացնող ու ասլան կտրող որոշ գործիչների համար ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ են ստեղծվել։

Դե ձեզ տեսնենք, տիկնա՛յք և պարոնա՛յք, խաղացեք որքան սրտներդ կամենա, եթե, իհարկե, կարողանաք և եթե թույլ տան։

Այս խորագրի վերջին նյութերը