Մեկնաբանություն

16.12.2012 12:43


Սա Հայաստանն է և պը՛րծ (տեսանյութ)

Սա Հայաստանն է և պը՛րծ (տեսանյութ)

Շատերը ՀՀԿ շաբաթօրյա համագումարը համեմատում են բրեժնևյան տարիների ՍՍՀՄ–ում անցկացվող համագումարների հետ։ Ասեմ, որ նրանք սխալվում են, քանի որ չեն տեսել, թե ինչ է կատարվում միջինասիական պետություններում՝ Թուրքմենստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Տաջիկստանում։

Մի քանի տարի առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում էի։ Այդ երկիրը պատրաստվում էր ընտրական միջոցառման, և ինձ համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է տեղի ունենալու իշխող ուժի համագումարը։ Ասեմ, որ այն շատ չէր տարբերվում շաբաթը օրը կայացած ՀՀԿ չգիտեմորերորդ համագումարից։ Նույն սովետական շունչն էր, որին գումարվել էր ասիականությունը և ռաբիսությունը։

Երբ ես խնդրեցի թարգմանել, թե ինչ է ասում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն իր առաջադրման ելույթի ժամանակ, ինձ ներկայացրին, որ գովում է իշխող ուժի ձեռքբերումները և մոտավորապես ասում այն, ինչ ասում էր Սերժ Սարգսյանը ՀՀԿ չգիտեմորերորդ համագումարի ժամանակ։

«Սա Ուզբեկստանն է, և դրանով ամեն ինչ ասված է»,– պաթետիկ տոնով հայտարարում էր Քարիմովը տարիներ առաջ։

Ուշագրավն այն է, որ Իսլամ Քարիմովի կարգախոսը «Դեպի պայծառ Ուզբեկստանն» էր, որը «Դեպի ապահով Հայաստանն» է հիշեցնում։ Նրան պաշտպանողները խոսում էին ժողովրդավարությունից և Ուզբեկստանի առաջընթացից։ 

Ինչպես հայտնի է, Ուզբեկստանում երկար ժամանակ (1990թ. մարտից) իշխանության գլուխ է սովետական կուսդպրոցն անցած Իսլամ Քարիմովը։ Նա երկրորդ ամուսնությունից ունի երկու դուստր։ Տաշքենդում բնակվող հայ ծանոթներս ինձ պատմում էին, որ իրենց մոտ դուստրապետություն է, որն այլ կերպ անվանվում է փեսայապետություն։

Ինձ ասացին, որ Քարիմովի փեսան «դվիժենի» է անում ամբողջ երկրով մեկ ու որևէ լուրջ բիզնես հնարավոր չէ առանց նրա մասնակցության։ Ի տարբերություն ներկայիս Հայաստանի՝ Ուզբեկստանում ակտիվ բիզնեսի ու «դվիժենիաների» մեջ են նաև նախագահի աղջիկները, հատկապես մեծը՝ Գյուլնարան։ Իսկ փոքր աղջիկը՝ Լոլան, համեմատաբար համեստ է, և ուզբեկները դրա համար ավելի շատ Լոլային են սիրում, քան Գյուլնարային։ Այսինքն՝ Քարիմովն ուզբեկ ժողովրդին ընտրության և հույսի հնարավորություն է տվել՝ ի դեմս Լոլայի, ով ավելի մարդասեր է, քան դրսերում սովորած Գյուլնարան։

Ի դեպ, ինձ ասացին նաև, որ չնայած մառազմատիկ քաղաքական համակարգին ու ավտորիտար կառավարմանը, Ուզբեկստանում, իրո՛ք, տնտեսական հաջողություններ արձանագրվել են։ Բազմաթիվ միջազգային կորպորացիաներ գործարաններ են բացել Ուզբեկստանում և մարդիկ աշխատատեղեր ունեն և այդ մասով գոհ են Քարիմովից։ Դե, իսկ դեմոկրատական ազատությունների ուզբեկներն այնքան էլ չեն ձգտում, իսկ ովքեր դժգոհում են տնտեսական անազատություններից, կա՛մ սպանվում են, կա՛մ լքում են երկիրը։

Ուզբեկստանում լինելս հիշեցի՝ հետևելով ՀՀԿ չգիտեմորերորդ համագումարին վերաբերող լրահոսին։ Իսկ երբ ռադիոյով լսեցի, թե ինչպես է Սերժ Սարգսյանը Քարիմովի ձայնի տեմբրով հայտարարում, թե սա Հայաստանն է և վերջ, դա իրոք վերջն էր։ Փաստորեն, դեպի ապահով Ուզբեկստան ենք գնալու, բայց առանց ռեսուրսների և աշխատող գործարանների։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, Ուզբեկստանում էլ Քարիմովի կողմնակիցները խոսում էին անասնագլխաքանակի և մսամթերումների գծով ծրագրված ցուցանիշները գերազանցելու մասին։ ՀՀԿ–ի համագումարում էլ նմանատիպ ելույթներ հնչեցին, որոնցից մեկին կարող եք ծանոթանալ ստորև։

Այս խորագրի վերջին նյութերը