Մեկնաբանություն

17.12.2012 13:14


ՀՅԴ պլատֆոմի չերևացող կետերը

ՀՅԴ պլատֆոմի չերևացող կետերը

Ինչպես հայտնի է, ՀՅԴ–ն, նախագահական ընտրություններին ընդառաջ, 7–կետանոց պլատֆորմ է ներկայացրել հանրությանն ու քաղաքական ուժերին։ Դատելով ամենից՝ այդ պլատֆորմն իրականում այլ նպատակի է ծառայում, ու նաև չգրված կետեր է պարունակում։ Այդ չգրված կետերը, ի դեպ, ՀՅԴ վերնախավը հետևողականորեն կյանքի է կոչում։ Սկզբում գնացին նախագահական նստավայր ու Սերժ Սարգսյանի հետ  անպտուղ հանդիպում ունեցան։ Ընդ որում՝ հանդիպման մասին տարածված մամլո հաղորդագրության մեջ չկար տեղեկություն այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի ընդունել ՀՅԴ պլատֆորմի երկու սկզբունքային կետերը, բայց փոխարենը կար տեղեկություն այն մասին, որ հանդիպումները շարունակվելու են։

Հետագայում, երբ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ստիպված էր որոշ պարզաբանումներ ներկայացնել Սարգսյանի հետ կայացած հանդիպման թեմայով, պարզ դարձավ, որ անտրամաբանական է հանդիպումները կամ ինչպես հիմա մոդայիկ է ասել՝ խորհրդակցությունները շարունակելը, քանզի պլատֆորմային անհամաձայնությունը արմատական բնույթի է։ ՀՅԴ–ից ասում են, թե Սարգսյանի հետ հանդիպելը ճիգ է՝ համոզելու համար։ Այն, որ ճիգ եղել է ու դեռ էլի կլինի, ակնհայտ է, բայց թե ի՞նչ հարցում, կամաց–կամաց տեսանելի է դառնում։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրանտ Մարգարյանը մասնակցել է նաև Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու նպատակով հրավիրած ՀՀԿ համագումարին՝ արդեն նշմարվում է, թե ինչի շուրջն են համաձայնության եկել «գաղափարական» ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀՅԴ վերնախավն ու Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է, ՀՀԿ համագումարի ժամանակ հազիվ թե կողմերը հասցնեին ՀՅԴ պլատֆորմը քննարկել, բայց կարևորը հանդիպելն էր ու Սերժ Սարգսյանի համար սփյուռքյան կապեր ունեցող ՀՅԴ–ի ներկայությունն ապահովելը։ Մնացած ձևակերպումները՝ քաղաքավարություն, քաղաքական մշակույթ և այլն, «գործի» մեջ բռնվածի արդարացումներ են։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ և՛ դեկտեմբերի 8–ի, և՛ դեկտեմբերի 15–ի հանդիպումները ձեռնտու էին բացառապես Սերժ Սարգսյանին և ենթադրաբար՝ անձամբ Հրանտ Մարգարյանին (թերևս ՀՅԴ վերնախավը ներկայացնող մեկ–երկու հոգու ևս), ինչպես որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը ձեռնտու էր Թուրքիային ու անձամբ Սերժ Սարգսյանին (թերևս իշխանական նեղ շրջանակը ներկայացնող մեկ–երկու հոգու ևս)։

Եթե դու հայտարարում ես, որ գաղափարական տարաձայնություններ ունես իշխանության հետ, բայց նախագահական ընտրությունների նախաշեմին գնում ու PR ես անում իշխանության թեկնածուին, ապա ակնհայտ է, որ «գաղափարական տարաձայնություն» կոչվածը ձևական բնույթ է կրում և ընդամենը քողածածկույթի դեր է կատարում։

Եթե դու քեզ ընդդիմություն ես հայտարարել, բայց շատ լավ իմանալով հայաստանյան իրողությունները՝ մասնակցում ես իբր թե քո հիմնական մրցակցի նախագահի թեկնածու առաջադրման համագումարին, ապա դա նշանակում է, որ հրապարակային դաշտում երևացող գաղափարական անհամաձայնությունը նույնքան ոչ իրական է, որքան իրական է չերևացող դաշտում կայացած համաձայնությունը։

Մեկ ուշագրավ ու շատ խորհրդանշական հանգամանք. ՀՀԿ–ի համագումարին հրավիրված էին միայն ՕԵԿ–ի և ՀՅԴ–ի ներկայացուցիչները։

Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե իրենք հրավիրել են միայն ՀՀԿ–ի հետ համագործակցող ուժերին։ Տեսնես ի՞նչ է դա նշանակում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը