Մեկնաբանություն

21.12.2012 12:40


Բագրատյանը հրապարակեց գաղտնալսված զրույցի մոնտաժված հատվածները

Բագրատյանը հրապարակեց գաղտնալսված զրույցի մոնտաժված հատվածները

Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի գաղտնալսված զրույցի մոնտաժված տարբերակի տարածմամբ իշխանությունները չստացան իրենց համար ցանկալի արդյունքը։ Ո՞վ չգիտեր, որ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը բանակցում են՝ նախագահական ընտրություններում միասնաբար հանդես գալու սցենարների շուրջ։

Հանրության համար գաղտնալսման հրապարակայնացմամբ ոչ մի նոր բան չբացահայտվեց։ Փոխարենը հերթական անգամ բացահայտվեց լրատվական–գործակալական այն ցանցը, որը ստեղծվել է Բաղրամյան 26–ի կողմից։

Գաղտնալսման հրապարակայնացումը չօգնեց նաև Նիկոլ Փաշինյանին, ում վրա «անկախ» լրատվամիջոցները դրել էին «Ընդդիմությունը գրոհով վերցնելու և Իջևանը պահելու» ֆունկցիան։ Կոնգրեսական ակտիվի համախմբված գործողությունները, սակայն, Նիկոլին ստիպեցին հայտարարել, թե ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում եւ պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, եւ սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջը:

Տեղին է հիշեցնելը, որ օրեր առաջ նույն Նիկոլը «Հայկական ժամանակում» ճիշտ հակառակ տեսակետն էր ներկայացնում ընթերցողին ու հիմավորում, թե ինչքան պրագմատիկ քայլ կլինի Տեր–Պետրոսյանի չմասնակցելը նախագահական ընտրություններին, քանզի Ս. Սարգսյանի հաղթանակը կանխորոշված է։ Ինչև։

Տեսնելով, որ «սենսացիոն» գաղտնալսման հրապարակայնացումը էֆեկտ չի տալիս և հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի քարտը խաղարկել հնարավոր չէ, իշխանությունը խաղի մեջ մտցրեց վաղուց «երկխոսացված» Հրանտ Բագրատյանին, ինչով էլ հաստատվեցին Զուրաբյանի այն ասածները, ըստ որի՝ իշխանությունները ներսից ու դրսից փորձելու են օգտագործել իրենց մարդկանց։  

Առիթ ունեցել ենք գրելու, որ ԲՀԿ–ի հետքայլից ու քաղաքականապես սխալ որոշումից հետո Սերժ Սարգսյանը շահագրգռված է, որ հնարավորինս շատ մարդ դնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, և որ այդ թեկնածուների մեջ չլինի Լևոն Տեր–Պետրոսյանի անունը։ Այսինքն՝ իշխանությունը սարսափում է չպայմանավորված մրցակցության ցանկացած սցենարից և ուզում է 100 տոկոսանոց մառազմի վերածել ընտրություն կոչված միջոցառումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի 2013–ի փետրվարին «ընդդիմադիր» դերում լինեն և քաղաքական «յալանչիությամբ» զբաղվեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Սարգսյանը, ՀՅԴ–ի «բժիշկ» թեկնածուն, Բազազի սիրած «քաղաքացիականները»,  հեքիաթագետը և նույնիսկ «ատամնատեխնիկ» կանայք։

Հրանտ Բագրատյանն իր երեկվա հայտարարությամբ ցույց տվեց, որ իշխանությունն այլևս որոշել է բաց խաղալ և դաշտ նետել ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները՝ պատրաստվելով աննախադեպ «մրցակցային» ընտրությունների։

«Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է»,– նշում է նախկին վարչապետը։

Ուշադրությու՛ն դարձրեք. Բագրատյանը չի խոսում հաղթանակից կամ իր սիրած եգիպտացումից ու թունիսացումից, այլ շատ անկեղծ նշում է, որ ինքն ընդամենն ունի ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունն ապահովելու խնդիր։ Եթե Բագրատյանը մինչև վերջ անկեղծ լիներ, ապա պետք է հայտարարեր, որ «նախագահական ընտրություններ» կոչված միջոցառման ժամանակ իրեն վերապահված է «ազատական թեկնածուի» դերը։ Չնայած՝ այսպես էլ ամեն ինչ պարզ է. եթե դու «էն գլխից» հայտարարում ես, որ ուզում ես զուտ օլիմպիական սկզբունքով մասնակցել ընտրություններին, ապա դրանով ցույց ես տալիս քո ով լինելը։

Այսքանից հետո մնում է միայն խնդրել իշխանություններին՝ Օսկանյան–Զուրաբյան գաղտնալսված զրույցը հրապարակել ամբողջությամբ, մանավանդ որ շահագրգիռ կողմերը ծանոթացել էին դրան շաբաթներ առաջ։ Ավելորդ ձևականությունների հետևից պետք չէ ընկնել։ Թող մարդիկ լսեն, թե ինչ էր ասում Լ. Զուրաբյանը իշխանական ծրագրերի ու այդ ծրագրերում Բագրատյանի ու Փաշինյանի դերի մասին։ 

Ի դեպ, պատահական չէ, որ գաղտնալսված խոսակցության՝ իշխանությանը ոչ ձեռնտու հատվածները (որտեղ խոսվում է, մասնավորապես, Բագրատյանի և իշխանության համագործակցության կոնկրետ դրսևորումների, այդ թվում՝ նրան նախագահի թեկնածու դարձնելու մասին) դուրս էին մնացել «youtube»-ից։ Բայց դե շատ բան չենք կորցրել։ Դուրս մնացած մասերը լրացրեց Հրանտ Բագրատյանն իր «հուժկու» առաջադրման մասին «ավետիսով»։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Եթե իշխանությունները չհրապարակեն Օսկանյան–Զուրաբյան գաղտնալսված զրույցն ամբողջությամբ, ապա կառաջարկենք դա անել նախագահի ազատական (իրականում՝ ազատիչ–ական) թեկնածու դառնալու հավակնություն ցուցաբերող Հրանտ Բագրատյանին։ Չէ՞ որ նա ունի զրույցի ձայնագրության ամբողջական տարբերակը։

Գաղտնալսված զրույցը պետք է ամբողջությամբ ներկայացվի նախագահական ընտրություններից առաջ, որպեսզի ընտրողները տեսնեն, թե որքանով է Բագրատյանը տեղավորվում վաղուց բացահայտված սցենարի մեջ և արդյոք շեղումներ թույլ տալի՞ս է Բաղրամյան 26–ի գծած սցենարից, թե՞ քաղաքական շոուներում «բլյուզային» իմպրովիզացիաներ չի սիրում։ 

Հ.Գ.-2։ Փաստորեն, Բագրատյանը չէր կատակում, երբ ամիսներ առաջ նշում էր, թե պատրաստ է ծառայել Սերժ Սարգսյանին (անգամ պահակի դերում), եթե տեսնի, որ նախագահը լավ բան է ուզում անել։ Հիմա երևի Սարգսյանն այդ լավ բանը Բագրատյանի համար արել է, և վերջինս որոշել է սառեցնել հարաբերությունները ՀԱԿ–ի հետ ու ապահովել նախագահական ընտրությունների բազմերանգությունը, եթե, իհարկե, Տեր–Պետրոսյանը չփչացնի այդ «գյոզալական» սցենարն ու որոշի առաջադրվել։

Այս խորագրի վերջին նյութերը