Մեկնաբանություն

21.12.2012 21:42


Սա Արամ Սարգսյանի վերջն էր

Սա Արամ Սարգսյանի վերջն էր

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը չհավանած և ԱԺ «ընտրություններից» հետո ՀԱԿ–ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոստացավ գրավել փողոցն ու փոխել իշխանությունը, սակայն հայտնվեց իշխանության վերահսկողության տակ աշխատող լրատվամիջոցներում ու սկսեց Սերժ Սարգսյանի օգտին գեղամյանություն անել ԲՀԿ–ի դեմ։

Արամ Սարգսյանը պարբերաբար ելույթներ էր ունենում և հայտարարում, թե պատրաստ է ստանձնել ընդդիմության լիդերի դերը, եթե ժողովուրդն իրեն վստահի։ Միայն քաղաքականապես անմեղսունակների համար պարզ չէր, որ «ժողովուրդ» ասելով՝ Արամն ի նկատի ուներ Սերժ Սարգսյանին։ Վերջինիս, սակայն, Արամն այլևս պետք չէ, քանզի Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց։

Եթե ԲՀԿ ղեկավարը դներ իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում, ապա «Հանրապետություն» կուսակցության համագումարն այսօր այլ սցենարով կընթանար, իսկ Արամն էլ բոցաշունչ ելույթ կունենար ու կառաջադրվեր որպես նախագահի թեկնածու՝ ստանձնելով Արտաշես Գեղամյանի դերը։ Փաստորեն, Արամը Բաղրամյան 26–ին հիմա նույնիսկ որպես Գեղամյան չի հետաքրքրում։ Գեղամյանին գոնե խորհրդարան տարան, իսկ Արամին «կուտ տվեցին» ու ասացին, թե պատգամավորական մանդատդ վայր դիր, որպեսզի ավելի սկզբունքային երևաս, բայց դատելով ամենից՝ պարզապես «քցեցին»։ 

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարին այդքանից հետո այլ բան չէր մնում, քան հայտարարել, թե քաղաքական որոշ իրողություններ հաշվի առնելով՝ չի առաջադրվելու նախագահական ընտրություններում։ Այդ «որոշ իրողությունները» բնականաբար Ծառուկյանի չառաջադրվելու հետ էին կապված, ինչի մասին Արամը համեստորեն լռում է։ Ահա այսպես ավարտվեց սկզբում Ռուբեն Հայրապետյանի, իսկ հետո արդեն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կուռացիայի տակ հայտնված Արամ Սարգսյանի «երկխոսացման» քստմնելի պատմությունը։

Ավարտվեց նաև 1999ի ողբերգական դեպքերից հետո քաղաքականություն բերված Արամ Սարգսյանի անփառունակ քաղաքական կարիերան։ Այդ առումով «Հանրապետության» համագումարը թաղման արարողություն էր հիշեցնում։ Վե՛րջ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Հանրապետություն» կուսակցության համագումարի հրավիրյալների ցանկն այնպիսին էր, կարծես համահաճախորդական հավաք կազմակերպված լիներ։ Ներկա էր Սերժ Սարգսյանից «երկխոսացվածների» գրեթե ողջ «աստղաբույլը». Դավիթ Շահնազարյանից մինչև «Ժառանգություն», ՀԱԿ–ի կազմում արամսարգսյանություն անող Պետրոս Մակեյանից մինչև «Ազատ դեմոկրատներ», ազատիչ–ական Հրանտ Բագրատյանից մինչև կոնկրետ ուղղվածության լրատվամիջոցների ներկայացուցիչներ (ում բաց թողեցի, թող ներող լինեն)։

«Հանրապետության» համագումարը նաև Սերժ Սարգսյանի վերջին երկու տարվա գործունեության յուրօրինակ հաշվետվություն էր։ Պետք է անկեղծորեն խոստովանել, որ քաղաքական դաշտի մի մեծ մասին ու «թունդ ընդդիմադիրներին» «երկխոսացնելու» հարցում Բաղրամյան 26–ը տպավորիչ արդյունքների է հասել։

«Հանրապետություն» կուսակցության թաղման արարողությանը չէր մասնակցում միայն ՀՅԴ–ն, բայց դե դա այլ պատմություն է։ Սերժ Սարգսյանի ելույթը հավանած դաշնակցականները սիրում են Սերժ Սարգսյանի հետ ուղիղ աշխատել և այդ իսկ պատճառով մասնակցում են միայն ՀՀԿ–ի համագումարին։ Ասենք, որ շուտով այդ շանսից դաշնակցական վերնախավը կզրկվի, քանզի քաղաքական դաշտում սաստիկ ընկել են անխտիր բոլոր հաճախորդների գները, իսկ իշխանությունն առատաձեռնություն է ցուցաբերում միայն սուր մրցակցության պայմաններում։

Այս խորագրի վերջին նյութերը