Մեկնաբանություն

23.12.2012 15:46


Արթուրի ընտրությունն ու Նիկոլի ազնվությունը (տեսանյութ)

Արթուրի ընտրությունն ու Նիկոլի ազնվությունը (տեսանյութ)

Վերջապե՛ս։

Վերջապես պարզ դարձավ, թե ում է սատարելու ՕԵԿ–ը գալիք նախագահական ընտրություններում. Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ է։

Մինչև ՕԵԿ արտահերթ համագումարի ավարտը քաղաքագատներն ու մեդիա դաշտի փորձագետները չէին կարողանում կանխատեսել, թե ինչ որոշում կընդունի քաղաքական բարոյականության մարմնավորում հանդիսացող այդ ուժը։

Երեկ ամեն ինչ իր տեղն ընկավ։ ԱԽՔ Բաղդասարյանն իր ելույթում հիմնավորեց, թե ինչու էր տարիներ առաջ ընդդիմադիր դարձել, ինչու էր հետո անառակ որդու պես վերադարձել «հայրական տուն» և ինչու է այժմ տարօրինակ դիրքով կցվել ՀՀԿ–ին։ Պարզվեց՝ Ռոբերտ Քոչարյանի՛ ընդդիմությունն է եղել ՕԵԿ–ը, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի։

Փաստորեն, արթուրենք սպասել են, թե երբ պետք է Քոչարյանը հեռանա իշխանությունից, որպեսզի նետվեն դեպի Սարգսյանը, իսկ վերջինս էլ, թերևս, սպասել է, թե երբ պետք է Քոչարյանը հեռանա, որպեսզի կարողանա սրտի ուզածի չափով իր գիրկն առնել օրինաց երկիր կառուցելու մոլուցք ունեցող ուժին։

Ըստ ՕԵԿ ղեկավարի՝ Քոչարյանը քաղաքական խաղեր չսիրող և ընդդդիմախոսներին չհանդուրժող մարդ էր։ Այլ է պատկերը Սարգսյանի պարագայում։ ՀՀԿ ղեկավարի ուշքն ու միտքը, ինչպես տեսնում ենք, «ընդդիմախոսների» հետ երկխոսության մեջ մտնելն ու նրանց ՕԵԿ–ացնելն է։ Դա դուր էր եկել Ա. Բաղդասարյանին ու նա 2008–ին սեղմել էր իրեն պարզած ձեռքը։

Հանուն արդարության պետք է նկատել, որ Արթուր Բաղդասարյանը դեռ մինչև վերջ ավարտված մարդ չէ, քանզի նրա ելույթի տողատակում զգացվում էր սեփական մեղքի և սեփական քայլի ճղճիմության գիտակցումը։ Արթուրը փորձում էր արդարանալ և հիմնավորել, թե ինչու է «քցել» իր ընտրողներին ու միացել փոքր ու միջին բիզնեսի հերն անիծած թիմին։

«Եթե չմիանայի Սարգսյանին, ապա Ադրբեջանը ռևանշի կհասներ, իսկ երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվեր»,–բացատրում է ԱԽՔ–ը։ Ճիշտ է, դա «պայթած» մեկնաբանություն է, բայց ցույց է տալիս, որ հաճախորդը զգում է իր մեղավորությունը և արդարանալու համար ճիգեր է գործադրում։

Արթուրի հետ ամեն ինչ պարզ էր շատ վաղուց։ Ես այլ բանի վրա կուզենայի հրավիրել բոլորիս ուշադրությունը։

Ցավով պետք է արձանագրել, որ ախքությունը 2008–ից հետո տվեց իր մետաստազները։ Վերջին տարիներին Արթուրի համեմատ քաղաքականապես ավելի անբարո քայլի դիմեցին իրենց «թունդ ընդդիմադիրներ» հռչակածները՝ Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը և այլք։ Իշխանությունն այդպիսով ՕԵԿ–ացրեց շատ–շատերին՝ մոռացության տալով բուն ՕԵԿ–ին։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական դաշտում գերիշխող արժեքը դարձել է անբարոյականությունը։ Իսկ անբարոյական մթնոլորտում այս իշխանությունն ամենալեգիտիմն է և այդ իսկ պատճառով մեզ սպասում են բացառիկ «լեգիտիմ» ընտրություններ, քանզի րաֆֆիհովհաննսիյանատիպ ու հրանտբագրատյանատիպ խեղկատակների հետ մրցակցող և «գիշերային թիթեռնիկների» աջակցությունը վայելող անարդյունավետ իշխանությունը շահեկանորեն տարբերվում է իր «մրցակիցներից»։

Քանի դեռ այս անբարոյական մթնոլորտը չի փոխվել, մեր երկիրը շարունակելու է իր գահավիժումը։

Քանի դեռ անբարոյականների խրախճանքը շարունակվելու է, մեր երկիրը չի կարողանալու դրական փոփոխություններ արձանագրել։

Եվ վերջապես, քանի դեռ արթուրբաղդասարյաններին, դավիթշահնազարյաններին, արամզավենիչներին ու նմաններին ձեռքով բարև տալը հանրային պարսավանքի չի արժանանում, մեր երկիրը երկիր չի դառնա։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանին սատարելու առիթով հրավիրած համագումարի ժամանակ ունեցած իր ելույթում Արթուր Բաղդասարյանը, քննադատելով Լևոն Տեր–Պետրոսյանին, ցավ ապրեց, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա նման ազնիվ այլ մարդիկ հայտնվեցին բանտերում։ 

Փաստորեն, Նիկոլը դարձել է ՕԵԿ առաջնորդի համար ազնիվ մարդու կերպար։ Բան չունենք ասելու, ճաշակի ու քաղաքական կոնյունկտուրայի հարց է, պարզապես հիշեցնենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընտանեպղծության մեջ մեղադրեց Արթուր Բաղդասարյանին։ Եթե այդքանից հետո Արթուրը Նիկոլին ազնիվ մարդ  է համարում ու նրա դարդն անում, ուրեմն Նիկոլն Արթուրին պիտակավորելիս, իրոք, ազնիվ է  եղել։ Հետաքրքիր բան է ստացվում. Սարգսյանն ՕԵԿ–ին բարոյական ուժ է համարում, իսկ Արթուրը Նիկոլին՝ ազնիվ մարդ։

Ի դեպ, օդիոզ իշխանամետները վերջին շրջանում շատ են սիրում Նիկոլ Փաշինյանին հղում անել կամ նրան դրական լույսի ներքո ներկայացնել։ Վարդան Օսկանյանի «գործի» խորհրդարանական քննարկումների ժամանակ էլ Խոսրով Հարությունյանը հղում արեց Նիկոլին։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։

Այս խորագրի վերջին նյութերը