Քաղաքական

13.02.2009 03:33


Վարդան Օսկանյան. «Շինծու ժողովրդավարությունը վտանգավոր է և անարդյունավետ»

Վարդան Օսկանյան. «Շինծու ժողովրդավարությունը վտանգավոր է և անարդյունավետ»

Բոստոնում Բենթլի համալսարանում ներկայացնելով «Անավարտ տասնամյակ» «Speaking to be Heard» ելույթների ժողովածուն' Վարդան Օսկանյանը խոսել է իր 10-ամյա փորձի և մասնավորապես այն մասին, որ արտաքին քաղաքականության մեջ հաջողությունները զգալիորեն պայմանավորված են ներքին խնդիրների կարգավորված լինելով ու իրական խորքային բարեփոխումների իրականացմամբ, ինչը նախկին խորհրդային երկրներից քչերին է հաջողվել:

Գոյություն ունի երեք հիմնական դրույթ, որոնք մենք պետք է վերաիմաստավորենք, եթե ցանկանում ենք դուրս գալ սպասումների և հիասթափությունների այս փակ շրջանակից: Առաջինը և հիմնականն այն է, որ մենք սկիզբ ենք դրել նոր, լիբերալ, ազատ շուկայի զարգացմանը, բայց մենք սխալ ենք հասկացել «զարգացումը»: Զարգացումը'  քաղաքական, այլ ոչ թե տնտեսական գործընթաց է: Այն պահանջում է հասարակության մեջ քաղաքական փոփոխություններ և էլիտայի ու հասարակության մասնակցության կազմակերպված գործընթաց: Ժամանակակից հասարակության մոդելը պահանջում է ազնիվ, թափանցիկ հանրային ծառայություններ և ինստիտուտներ, որոնք գործում են զսպումների և հակակշիռների հիման վրա: Միայն քաղաքական կամքն ու փոփոխությունը քաղաքական մտածողության մեջ կարող է բերել դրան: Տնտեսական զարգացման համար մեր երկրները նախ պետք է քաղաքականապես զարգանան: 

Երկրորդ' շինծու ժողովրդավարությունը վտանգավոր է և անարդյունավետ: Այն աղավաղում է կառավարողի և կառավարվողի միջև հարաբերությունները, առաջ բերելով անիրականանալի սպասումներ, խոչնդոտելով հնարավոր առաջընթացին այլ բնագավառներում: Աշխարհում կան բազմաթիվ բարգավաճ երկրներ, որոնք ժողովրդավարական չեն և չեն հավակնում այդպիսինը ինել: Բայց եթե ժողովուրդը և կառավարությունը իսկապես ժողովրդավարություն են  ցանկանում, ինչը վստահ եմ. մեր միակ ընտրությունն է, ապա մենք ակտիվորեն և հետևողականորեն պետք է աշխատենք կառուցել այնպիսի ինստիտուտներ, որոնք կնպաստեն ժողովրդավարության կայացմանը:

Եվ երրորդ' իշխանության և ուժի մասին խորհրդային ժամանակաշրջանի պատկերացումը շարունակում է աղավաղել լեգիտիմ իշխանության ժամանակակից գաղափարը: Մահաթմա Գանդիի, Նելսոն Մանդելայի և Մարթին Լյութեր Քինգի նման առաջնորդները գործում էին հեղինակության և ոչ ուժի դիրքերից: Նրանք էին, որ կարողացան փոխել աշխարհը: Բացառությամբ անկախությունից հետո մի կարճ ժամանակաշրջանը, մեր հասարակությունը միշտ կասկած է ունեցել իշխանության լեգիտիմության վերաբերյալ, և կառավարողները չեն վայելել կառավարվողների աջակցությունը: Բիրտ ուժը չի կարող փոխհատուցել այս թերահավատությունը և իշխանություններին տալ այն հեղինակությունը, որի կարիքը նրանք ունեն զգալի և կայուն տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար:

...

Ես չշարունակեցի աշխատել նոր կառավարությունում, որովհետև, թեև կարծում եմ, որ արդյունավետ եմ պաշտպանել Հայաստանի շահերը արտասահմանում, ես  գիտակցում էի, որ այլևս չեմ կարող դա անել, քանի դեռ մենք ինքներս մեր երկրում հետևողականորեն չպաշտպանենք փոփոխության ու առաջընթացի անհրաժեշտության գաղափարը: 

Այժմ ես փորջձում եմ դա անել Սիվիլիթաս հիմնադրամի միջոցով: Աշխատելով տեղական և միջազգային կազմակերպությունների, մամուլի, երիտասարդների և ակտիվիստների հետ, հասկանալու և բացատրելու համար, թե ուր ենք մենք ուզում գնալ և ինչ ճանապարհով է հնարավոր հասնել դրան: Հաջողության հասնելու համար Հայաստանը շարունակելու է ձեր ակտիվ ներգրավվածության կարիքն ունենալ: Իմ կոչը սփյուռքին միշտ նույնն է' մի ընդունեք այն, ինչին մենք հասել ենք, որպես հեշտությամբ տրված իրողություն, բայց միևնույն ժամանակ, մի բավարարվեք նրանով, ինչ մենք այսօր ունենք»:

Նյու Յորքում, Ֆորդհամ իրավաբանական դպրոցում հայ թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ ելույթում Վարդան Օսկանյանը  անդրադարձել է այն խնդրին, որ Հայաստանի երեք իշխանություններն էլ փորձել են Թուրքիայի հետ հասնել բարիդրացիական հարաբերությունների, և տարիների ընթացքում հայ հասարակությունը ընդհանուր առմամբ պատրաստակամություն է դրսևորել նորմալ հարաբերությունների հաստատմանը' չնայած բոլոր մտավախություններին:

Մինչդեռ Թուրքիայում մտածողության 4 տարբեր մոտեցում կա:

Առաջինը այն ամենաստվար և սեփական պատմությանը քիչ տեղյակ զանգվածն է, որը նպաստում է այլատյացության և ռասիզմի տարածմանը: Երկրորդը քեմալիստական վերնախավն  է: Նրանք ներկայացնում են պահպանողական թևը, որը ներառում է ուժայիններին, հին գվարդիան, որոնք ավելի շատ հետաքրքրված են Թուրքիայի իմիջով և հեղինակությամբ, քան պատմության ընդունմամբ' պատասխանատվություն ստանձնելով և հարևաններին հարգելով:

Վարդան Օսկանյանի համոզմամբ, սակայն, բարեբախտաբար կա նաև երրորդ խավը:

Սրանք թուրք հասարակության մամուլի, ակադեմիական շրջանակների, մշակույթի և այլ բնագավառների այն ներկայացուցիչներն են, որոնց կարելի է անվանել Հրանտ Դինքի անձնական և գաղափարական ընկերները և համախոհները: Սա այն խավն է, որի հետ մենք պետք է աշխատենք, որովհետև եթե երբևե փոփոխություն լինի թուրք հասարակության մեջ, դա կլինի այս խմբի ջանքերի արդյունքում:

Եվ վերջապես չորրորդ խումբը: Դա Թուրքիայի այսօրվա կառավարությունն է' ավելի արևմտամետ, արտաքին քաղաքականության մեջ ավելի իրատես, տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր դերակատարմամբ ավելի շահագրգռված: Երբ այս կառավարությունն առաջին անգամ ընտրվեց, նրանք մտադրություն հայտնեցին վերանայելու իրենց վարած քաղաքականությունը իրենց հարևանների, այդ թվում'Հայաստանի նկատմամբ: Դեռևս արտաքին գործերի նախարար Գյուլի հետ իմ առաջին հանդիպմանը, նա հստակ ցանկություն հայտնեց տարանջատելու հայ-թուրքական հարաբերությունները  Ադրբեջանից: Բայց Ադրբեջանի ճնշումը գերակշռեց և Թուրքիայի քաղաքականությունը չփոխվեց":

Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությունը, ըստ Վարդան Օսկանյանի, տարբերվում է նախորդից հայ-թուրքական բանակցությունները հրապարակային դարձնելու որոշմամբ: Թուրքական կողմը, օգտվելով այն բանից, որ հայկական կողմն արդեն հրապարակայնորեն հայտարարել է, որ հայ-թուրքական բանակցություններում առաջընթաց կա, սկսել է ղարաբաղյան խնդիրը միջազգային հանրությանը որպես հայ-թուրքական հարաբերությունների միակ խոչնդոտ ներկայացնել:

Այս իրավիճակում միջազգային հանրությունը հնարավոր երկու ուղղություններից մեկը կընտրի: Կամ կընդունի, որ Թուրքիան Հայաստանին, Միացյալ Նահանգներին և Եվրոպային մոլորեցրել է և պատասխանատու է այսօր ձևավորված  ավելի խորն անվստահության մթնոլորտի և փակ սահմանի համար:

Կամ (այստեղ վտանգ և մարտահրավեր կա մեզ համար) միջազգային հանրությունը կմեծացնի ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը ասում են, որ միայն այս հարցում առաջընթացի դեպքում է հնարավոր որոշակի դրական առաջխաղացում հայ-թուրքական հարաբերություններում:

Այս խորագրի վերջին նյութերը