Լրահոս

28.02.2013 12:00


Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ–ի Քաղաքակրթությունների դաշինք 5-րդ համաշխարհային ֆորումում

Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ–ի Քաղաքակրթությունների դաշինք 5-րդ համաշխարհային ֆորումում

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ավստրիայի կառավարությանը հինգերորդ Համաշխարհային ֆորումը Վիեննայում հյուրընկալելու համար, քաղաքում, որը հայտնի է որպես պատմական բազմամշակութային ավանդույթների և բազմակողմանի դիվանագիտության կենտրոն։

Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը և գտնվելով մշակույթների և կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել։ Այս միջքաղաքակրթական փոխազդեցությունը արգասաբեր է եղել մեր մշակույթի համար և հարստացրել է նաև այլ մշակույթներ։ Հազարամյակներ ձգվող նման քաղաքակրթական փոխկապվածության կարևոր ձեռքբերումներից է, հավանաբար, այլ մշակույթների, կրոնների և ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի կողմից փայփայված հարգանքի դրևորումը։

            Այսօր հայ ժողովրդի երկու երրորդը ապրում է իր հայրենիքից դուրս։ Հայոց Ցեղասպանությունից փրկվածները սփռվել են ամբողջ աշխարհով, այսօր նրանք բնակվում են ավելի քան հարյուր երկրներում. Ֆրանսիայից Բրազիլիա, Ռուսաստանից Սինգապուր, Միացյալ Նահանգներից Եգիպտոս, Արգենտինայից Կանադա, Լիբանանից Հնդկաստան, Իրանից Ավստրալիա։ Հայերը ստեղծել են կենսունակ, լիակատար ինտեգրված և, միևնույն ժամանակ, ազգային ինքնությանը հավատարիմ համայնքներ աշխարհի չորս ծայրերում։ Նրանք հայկական մշակութային օջախներ են ստեղծել բոլոր այն վայրերում, որտեղ բնակվում են, կրելով միաժամանակ այդ պետությունների և քաղաքակրթությունների մշակույթները և ավադույթները։ Նրանք յուրօրինակ քաղաքակրթական կամուրջ են հանդիսանում Հայաստանի և մնացած աշխարհի միջև։ Երբ մենք կազմակերպում էինք Ֆրանսիայում Հայաստանի տարին, մենք ներկայացրեցինք մեր մշակույթը՝ ցուցադրելով հայկական մշակութային գլուխգործոցները հավաքված մոտ քառասուն երկրներից։ Սա ցույց է տալիս թե որքան խորը կարող են լինել միջքաղաքակրթական հարաբերությունները մեր աշխարհում։

            Երբ մենք խոսում ենք քաղաքակրթությունների և մշակույթների միջև երկխոսության խթանման մասին, քաղաքակրթությունների միջև փոխգործակցության մասին, այնպիսի անփոխարինելի հասկացություններ են գալիս մեր մտքին, ինչպիսին են  բազմազանությունը, համերաշխությունը և խաղաղությունը, որոնք փոխկապակցված լինելով՝ կարող են փոխադարձաբար նպաստել միմյանց։

Խաղաղության համապարփակ հայեցակարգը ընկած է Քաղաքակրթությունների դաշինքի հիմքում։ Պատմության ընթացքում ավերիչ բռնությունը բնաջնջել է  քաղաքակրթություններ, ոչնչացրել, արմատախիլ արել մշակույթներ իրենց բնօրրաներից։ Այլ մշակույթի և քաղաքակրթության ոչնչացման գաղափարները երբեք չէին կարող իրականություն դառնալ, եթե հասարակություններում չարմատավորվեր անհանդուրժողականությունը, բազմազանության նկատմամբ ատելությունը։ Պատահական չէ, որ Քաղաքակրթությունների Դաշինքի նախորդ ֆորումի ժամանակ զորակցություն ստացավ այն գաղափարը, որ խաղաղության ամրապնդումը պահանջում է փոխվստահության ամրապնդում։

Միանգամայն ճշմարտացի է այս ֆորումի շեշտադրումը, որ բազմազանության արդյունավետ դրսևորումն ապահովելու համար կարևոր է պատասխանատու առաջնորդությունը:

Ճշմարտացի է նաև այն տեսակետը, ըստ որի հակամարտություններից տուժած երկրներում լրատվական դաշտի ազատությունը և բազմակարծությունը նպաստում են խաղաղարար միտումների առաջացմանը և զարգացմանը: Մենք Հայաստանում խրախուսում ենք լրատվամիջոցների բազմակարծությունը, որի վկայությունն է այն, որ համաձայն Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի մեր երկիրը զգալիորեն առաջ է տարածաշրջանի պետություններից:

Համապատասխան քաղաքական կամքով օժտված և հաշտարար նախաձեռնություններով հանդես եկող առաջնորդությունն է ի զորու այս նպատակով միջազգային պարտավորվածությունները և քաղաքական հանձնառությունները գործողությունների վերածել։ Անհրաժեշտ է այնպիսի առաջնորդություն, որը բավարար քաջություն ունի քաղաքակրթական, մշակութային, կրոնական և այլ տարբերությունների վրա հիմնված արհեստական բաժանարար գծերի ստեղծման փոխարեն կամուրջներ կառուցել ժողովուրդների միջև։

Հակամարտություններին կրոնական կամ ազգամիջյան բնույթ հաղորդելու փորձերը կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել: Անգամ այսօր, մենք երբեմն ականատեսն ենք լինում միջնադարին բնորոշ անհանդուրժողականության և ատելության դրսևորումների։ Պատասխանատու առաջնորդությունը քաղաքակրթությունների միջև տարբերությունները կարող է դիտարկել ոչ թե որպես իրար հակասող, այլ միմյանց փոխադարձ հարստացնող միջմշակութային բազմազանություն և գործել այդ ոգով։

Հանդուրժողականությունը, այլոց ազգային, մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ներդաշնակ և խաղաղ համակեցության նախապայմաններից է։

Հայաստանը միանում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին բարի կամքով և վճռականությամբ՝ աշխատելու անդամ երկրների հետ բազմազանության և քաղաքակրթությունների ներդաշնակության դրական ուղերձը առաջ մղելու նպատակով։

 

Այս խորագրի վերջին նյութերը