Աշխարհ

07.03.2013 17:54


Հայ-վրացական ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է

Հայ-վրացական ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է
Մարտի 7-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Այցի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Այնուհետև Սեյրան Օհանյանը և Իրակլի Ալասանիան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել են ռազմական ոլորտում միջգերատեսչական համագործակցության ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արձանագրել է երկկողմ հարաբերությունների արդյունավետությունը և ներկայացրել բանակցությունների արդյունքները: «Հայ և վրացական ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և դինամիկ կերպով զարգանում է: 2013թ. համար մենք արդեն որոշել ենք մեր համագործակցության շրջանակները: Պայմանավորվեցինք ընդլայնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության իրավական դաշտը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել փոխշահավետ պայմանագրեր ստորագրելու համար: Արդեն լավ նախադրյալներ կան լեռնային պատրաստության, ռազմական կրթության, խաղաղապահության, պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար: Վստահաբար կարող եմ ասել, որ լի ենք վճռականությամբ նշվածն իրականություն դարձնելու և ամրապնդելու վստահության այն մթնոլորտը, որը ձևավորվել է դարերի ընթացքում` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ գոյակցության և բարեկեցության: Մենք միակարծիք ենք` տարածաշրջանում առկա հակամարտությունները բանակցությունների և երկխոսության միջոցով, խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Իրակլի Ալասանիան շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ջերմ ընդունելության համար` նշելով, որ քննարկվել են ինչպես կրթական, այնպես էլ ռազմավարական ոլորտին առնչվող այլ հարցեր: Վրաստանի պաշտպանության նախարարը հիշեցրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստան կատարած պաշտոնական այցելության մասին և ընդգծել, որ երկու երկրների միջև հարաբերությունները հետագայում էլ ավելի պետք է զարգանան և խորանան:  Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին` Իրակլի Ալասանիան մասնավորապես ասել է. «Տարածաշրջանային անվտանգությունը մենք` Հարավային Կոսկասի պետություններս պետք է ստեղծենք: Տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները հարկավոր է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով»:

Այս խորագրի վերջին նյութերը