Լրահոս

20.01.2011 14:11


Ադրբեջանական հաքերները գրոհել են «Ընդհատված երգը» ֆիլմի պաշտոնական կայքը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմի www.prervannaya-pesnya.ru կայք' գործարկվելու առաջին երկու օրերին այցելել է ավելի քան 25000 մարդ: Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը կայքը հարձակման է ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, ինչի արդյունքում բոլոր այցելուները մեխանիկորեն վերահասցեավորվել են ադրբեջանական հակահայկական բովանդակության կայքերի վրա: Կարճ ժամանակ անց կայքը սպասարկող կազմակերպության ջանքերով դրա բնականոն աշխատանքը վերականգնվել է:

Ֆիլմի ստեղծողները դիտարկում են ադրբեջանական հաքերների նման քայլը որպես հայերի ուժերով նկարահանվող ֆիլմի հանդեպ այնհանդուրժողականության ևս մեկ դրսևորում:

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությանը:

Ֆիլմի հեղինակները չեն պաշտպանում հերոսներից որևէ մեկի դիրքորոշումը, այլ ընթացող բանավեճի միջոցով փորձում են գտնել երկուստեք ընդունելի ելքը' ստեղծված իրավիճակից:

Կինոնկարի պրեմիերան կկայանա Մոսկվայում մայիսի վերջին, այնուհետև նպատակ կա ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններին: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը' Աշոտ Պողսյանը:

Ֆիլմի ֆինանսավորումն իրականացվում է ստեղծագործական խմբի անձնական միջոցներով, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ որոշ մասայական տեսարանների  նկարահանման, ինչպես մաև տարբեր երկրներում պրեմիերաների ու ցուցադրումների հավուր պատշաճի կազմակերպման համար: Նկարահանող խումբը պատրաստ է քննարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում:

Այս խորագրի վերջին նյութերը