Քաղաքական

18.03.2013 16:08


Գագիկ Ջհանգիրյանի արձագանքը և ստվերային կառավարության «անդամների» զարմանքը

Գագիկ Ջհանգիրյանի արձագանքը և ստվերային կառավարության «անդամների» զարմանքը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում լրագրողների խնդրանքով անդրադարձել է այս օրերին Ազատության հրապարակում ձևավորվող ստվերային կառավարությանն ու դրա անդամ–թեկնածուների ցանկի ներկայացմանը։

Գիտե՞ք ինչ կա, չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Ստեփան Դեմիրճյանը համաձայնվել են, որ իրենց անունները հնչեն Ազատության հրապարակում: Կա նաև բարոյական խնդիր՝ առանց այդ անձանց հետ նախնական համաձայնության նրանց անուններն այնտեղ հնչեցնելը չեմ կարծում, թե դա ճիշտ է,–ասել է Գ. Ջհանգիրյանը:

Նա նաև վատ է պատկերացնում, թե ինչով պետք է ավարտվի հետընտրական ներկա իրավիճակը.

–Հստակ ինչ-որ ծրագիր ներկայացված չի, կամ գործողությունների մեջ ես այսպես տրամաբանական քայլերի հաջորդականություն չեմ տեսնում։

Ի դեպ, «Aravot.am»-ը զրուցել է այն մարդկանցից մի քանիսի հետ, որոնց անունները երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած Քաղաքացիական խորհրդի առաջին նիստի ժամանակ հնչեցվել են որպես ստվերային կառավարության կազմի թեկնածուների: 

Մասնավորապես «Գալա» հ/ը-ն սեփականատեր Վահան Խաչատրյանն ասել է.

«Ես ինձ այդտեղ չեմ տեսնում, քանի որ երբեք չեմ կարող իշխանության մեջ լինել`անկախ նրանից` դա գործող իշխանությունն է, թե ստվերային: Դրա պատճառը ոչ միայն այն է, որ ղեկավարում եմ լրատվամիջոց, այլև այն, որ իմ խառնվածքն այնպիսին է, որ չեմ կարող իշխանության մեջ լինել, բայց կարող եմ ստիպել իշխանությանը աշխատել ժողովրդի և ինձ համար` իմ վճարած հարկերով: Բայց ինքս դառնալ իշխանություն չեմ կարող, ես պետական չինովնիկ աշխատել չեմ կարող»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ևս իրեն այդ դաշտում չի տեսնում ու մանրամասնում է.

«Ստվերային կառավարության կազմում լինելը նշանակում է քաղաքականության մեջ մտնել, իսկ ես ինձ այդ ոլորտում  չեմ պատկերացնում: Գերադասում եմ զբաղվել այն գործով, ինչով զբաղվում եմ և գործընթացների վրա ազդել` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ոչ որպես քաղաքական գործիչԻսկ երևույթը նորմալ եմ համարում, քանի որ քաղաքական զարգացումներ են ընթանում, և բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են իշխանություն դառնալ, պետք է ունենան քաղաքական գործիչների` հանրության համար պարզ ցանկ, որոնք կառավարությունում տեղ կզբաղեցնեն: Նոր ավանդույթ է  ձևավորվում  ՀՀ-ում, ինչը նորմալ եմ համարում»: «

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ով կրթահամալիրում հյուրընկալել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, կարճ պատասխանել է, որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը, պարզապես նշել է.

«Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենն եմ, դա շատ լավ գիտեմ»:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշել է, թե «Aravot.am»-ից է տեղեկացել, որ իր անունը հնչել է Ազատության հրապարակում ու իր զարմանքն է հայտնել.

«Ինձ համար կապ չունի՝ ինչ քաղաքական ուժ է առաջարկում, բայց երբեք իմ մտքով չի անցել այդ ուղղությամբ իմ կյանքը շարունակել: Երբեք պետական կարիերայով չեմ տառապել: Ես երբեք ցանկություն չեմ ունեցել ընդգրկվելու պետական կառույցների մեջ: Ու ընդհանրապես, այն, որ իմ անունը հնչեց, ես այդտեղ ոչ դրական, ոչ էլ բացասական խնդիր եմ տեսնում: Ուղղակի անսպասելի էր»: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը