Հարցազրույց

30.06.2009 18:10


Էդվարդ Անտինյան.

Էդվարդ Անտինյան.

Հարցազրույց Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության փոխատենապետ Էդվարդ Անտինյանի հետ

-Վրաստանի նախագահը պաշտոնական այցով եկավ Հայաստան, արժանացավ ՀՀ պետական մրցանակի։ Դրան հաջորդեց ռուսական կողմի կոշտ արձագանքը։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին է դա խոսում։

-Վրաստանի հետ մեր հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն որևէ երկրի հետ ունեցած հարաբերություններով։ Նույնիսկ՝ եթե երրորդ կողմը Ռուսաստանի նման հզոր պետությունն է, որի հետ մենք ռազմավարական գործընկեր ենք։

-Ստացվում է՝ մե՞նք ենք մեզ թույլ տվել, որ, ասենք, Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը կարող է մեզ վրա մատ թափ տալ՝ ասելով՝ մի թքեք այն ջրհորի մեջ, որից դեռ ջուր եք խմելու։

-Ե՛վ դա, և՛ ռուսական մամուլի բազմաթիվ գնահատականները, և՛ նույնիսկ այն բոլոր գնահատականները, որոնք հայտնվել են մեր մամուլում, խոսում են այն  մասին, որ ռուսական քաղաքական էլիտան ոչ միայն վաղուց մեզ այլևս չի դիտում որպես գործընկեր, այլև նրանց մեջ արդեն ամրագրված է, որ Հայաստանը իրենց աղքատ բարեկամն է, այն էլ՝ խորթ բարեկամը։ Եվ եթե մեր նախագահն ինչ-որ ձևով փորձում է դա պայմանավորել բարեկամ երկրի հարաբերություններով, ապա, միևնույն է, արժանանում է վիրավորական արտահայտությունների։ Դա անգամ խանդ չէ։ Խանդն այլ կերպ է արտահայտվում։ Ռուսաստանի քաղաքական շրջանակներից արվող գնահատականներն իջեցվել են վիրավորանքների մակարդակի։ Սրանից պետք է լուրջ եզրակացություններ անել։

-Չե՞ք կարծում, որ, եզրակացություններ անելու փոխարեն, մենք ձևացնում ենք, թե ոչինչ չենք լսել ու տեսել։ Մինչդեռ մեր շուրջը գործընթացները բավական արագ հաջորդում են մեկը մյուսին։

-Ստացվեց այնպես, որ ՀՀ նախագահը մեր բարեկամ երկրի և հյուսիսային հարևանի, որի միջոցով հաղորդակցվում է ամբողջ աշխարհի հետ, նախագահին շքանշանով պարգևատրում է և արժանանում է կոշտ գնահատականների։ Սա խոսում է մեկ բանի մասին. եթե մենք ասում ենք, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախաձեռնող է, ապա այդ նախաձեռնող քաղաքականության մեջ տրամաբանություն չկա, որի արդյունքում կհասկանանք, թե այս կամ այն քայլն անելու դեպքում կունենանք բարեկամներ և կունենանք թշնամիներ։

-Ռուսաստանը ռեկորդային գնով գազ է գնելու Ադրբեջանից։ Հավանաբար, տեղյակ եք, թե Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ ինչ շեշտադրումներ արվեցին։ Արդյոք դրանք չե՞ն խոսում այն մասին, որ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը «դե ֆակտո» այլևս Ադրբեջանն է, և ոչ թե մենք։

-Այո։ Եվ դա գալիս է նրանից, որ երբ Հայաստանը պետք է վարեր հավասարակշռված արտաքին քաղաքականություն, մենք վեկտորն այնպես թեքեցինք մեկ՝ Ռուսաստանի ուղղությամբ, որն ամբողջ տարածաշրջանին հակառակ քաղաքականություն էր վարում։ Եվ այժմ տեսնում ենք դրա արդյունքները։ Այդ չգիտակցված քաղաքականության արդյունքն է, որ մենք նախաձեռնողական քաղաքականություն ենք վարում այնտեղ, որտեղ միշտ պարտություն ենք կրում։ Թեկուզ, վերցնենք Թուրքիայի հետ բանակացային գործընթացը։

-Ձեր ասածը վերաբերում է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմա՞նը։

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նշաձողը շատ լուրջ իջել է։

-Այսի՞նքն։

-Նունիսկ այն ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, բանակցություններն ընթանում էին միայն ազատագրված հինգ տարածքների շուրջը, Քելբաջարի և Լաչինի մասին ընդհանրապես խոսք չկար։ Իսկ այսօր շատ հանգիստ խոսվում է բոլոր յոթ շրջանների մասին։ Ընդ որում, եթե նախկինում Ադրբեջանը փորձում էր ակնարկել դրա մասին, ապա հայկական կողմը սպառնում էր դադարեցնել բանակցությունները։ Էլ չեմ խոսում Ղարաբաղի մասին։

-Ստացվում է, որ բոլորը հասկանում են ստեղծված իրավիճակի լրջությունը, բացի Հայաստանի իշխանությունների՞ց։

-Հայաստանի իշխանություններն էլ են հասկանում, թե ինչ է կատարվում։ Սակայն նրանք բավական թույլ են, որպեսզի աշխարհի հետ հարաբերվելու ժամանակ կարողանան պաշտպանել Հայաստանի շահերը, բայց բավականին ուժեղ են, որպեսզի Հայաստանի ներսում կարողանան պահպանել իրենց իշխանությունը։ Այսինքն, մենք մոտավորապես Հյուսիսային Կորեայի նման պետություն ենք։ Ի՞նչ տարբերություն՝ հիմա հրթիռ ունե՞նք, թե՞ ոչ։

-Ուզում եք ասել՝ երբ ցանկանան, կարող են մեզ ճնշե՞լ։

-Այո։ Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ուժը հերիքում է ընդամենը կիսասոված ժողովրդի վրա դրվածք դնելուն։ Այդքան մի բան։ Դրա համար ուժ կա...

-Եվ որքա՞ն կարող է սա շարունակվել։

-Խնդիրը հետևյալն է. մենք տեսնում ենք տնտեսական անկումը,  տեսնում ենք, թե ինչ չափով ենք կրկին խորացնում մեր կախվածությունը Ռուսաստանից, ինչին զուգահեռ՝ Ռուսաստանը մեր հարաբերությունները համարում է վտանգված։ Տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը խորացնում իր հարաբերությունները Ադրբեջանի հետ... Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Նորից վերցնենք Թուրքիայի օրինակը։ Թուրքիան պարզապես մերժեց մեզ՝ մեր առջև հստակ նախապայման դնելով։ Ի վերջո, եթե մենք այսօր փորձենք ինչ-որ եզրահանգում անել, ապա պետք է արձանագրենք, որ շատ լուրջ հետընթաց  ունենք։

-Փաստորեն, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր Դուք գնահատում եք ձախողվա՞ծ։

-Մեր արտաքին գործերի նախարարը ճանաչողական այցերով շրջում է աշխարհով։ Իհարկե, դա դրական եմ համարում։ Բայց վատ չէր լինի՝ նրան առաջին հերթին ծանոթացնեին Հայաստանի հետ։ Էդվարդ Նալբանդյանը բավական լուրջ կերպով կտրված է Հայաստանի իրականությունից։ Անհասկանալի է, թե նա ի՞նչն է ներկայացնում դրսում։

-Եթե Հայաստանի արտգործնախարարը կտրված է մեր իրկանությունից, ապա արտաքին քաղաքականության իրականացման հարցում դա ինչպե՞ս է անդրադառնում երկրի նախագահի գործելաոճի վրա։

-Էդվարդ Նալբանդյանն արդեն առիթ ունեցել է ասելու, որ արտաքին քաղաքականության ուղենիշներն ինքը չի որոշում։ Նա միանգամից ցույց տվեց հասցեատիրոջը՝ Սերժ Սարգսյանին։ Բացահայտ ցույց տվեց։ Անկեղծորեն ասում եմ՝ եթե այսօր ունենայինք առաջընթաց, ես դա կարձանագրեի։ Վերցնենք արտաքին քաղաքականությունը. մեզ անընդհատ պարտադրում են, որ ոչ թե լուծենք ջավախահայության խնդիրը, այլ, ելնելով Ռուսաստանի շահերից,  ջավախահայությանն օգտագործենք Վրաստանին շանտաժի ենթարկելու համար։ Զուգահեռաբար, Ռուսաստանը մեզ մեղադրում է Վրաստանի հետ հարաբերությունները լավացնելու մեջ, Թուրքիան չի պատրաստվում մեզ հետ սահմանը բացել, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը, Ադրբեջանն էլ ասում է՝ Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետ, իմ հարաբերություններն էլ ավելի կլավացնեմ՝ զուգահեռաբար պահպանելով կայուն հարաբերություններն արևմուտքի հետ։ Այսինքն, Ադրբեջանն անընդհատ ինքն իրեն մանևրելու տեղ թողնում է։ Մե՞նք ինչ ենք անում...

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը